«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ընդգրկված է 71 պատգամավոր, որոնցից 9-ն անկուսակցական է, 1-ը՝ «Միավորված Աշխատանքային Կուսակցություն»-ից (Գուրգեն Արսենյան), 61-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Այս խմբակցության կազմում են 3 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Կանայք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում 24-ն են:
Խմբակցության ղեկավարը Հայկ Կոնջորյանն է, քարտուղարը՝ Նազելի Վարդանյանը:
ԱԺ նախագահի` Ալեն Սիմոնյան, նրա երկու տեղակալների՝ Ռուբեն Ռուբինյան և Հակոբ Արշակյան, ինչպես նաև ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահների պաշտոնները զբաղեցնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները:
«Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման Ազգային ժողովի միակ իշխանական ուժն է:
Քաղաքական անցյալ: 6-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր»-ը «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ ձևավորել էր «Ելք» խմբակցությունը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր: «Ելք»-ում ՔՊ-ն ուներ 4 անդամ: 7-րդ գումարման խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիրը» «Առաքելություն» կուսակցության հետ ձևավորել էր «Իմ քայլը» դաշինքը, որն ուներ 88 պատգամավոր և բացարձակ մեծամասնություն էր Ազգային ժողովում։