Հայ-ադրբեջանական հարաբերություններից մինչև գիտություն և կրթություն․ խորհրդարանը սկսել է հերթական նիստերը

«Ռուբեն Ռուբինյանն ի՞նչ հանգամանքով, ի՞նչ նպատակով, ի՞նչ կարգավիճակով է մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին։ Արդյո՞ք հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ է նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցը»,- ԱԺ մայիսի 2-ի հերթական նիստերի օրակարգի հաստատման ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գործուղման հրամանի մեջ ամեն ինչ ասված է»,- պատասխանեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Մայիսի 1-ից Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ սկսվել են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Քննարկումներն ընթանում են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը կրող փաստաթղթի շուրջ՝ մինչ այդ գոյություն ունեցող «Խաղաղության պայմանագիր» կոչվող նախագծի փոխարեն։ ԱՄՆ-ում այս բանակցությունները տևելու են մի քանի օր՝ նախարարների միջև երկկողմ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ կամ երկկողմ հանդիպումների շարք է լինելու։ ԱՄՆ-ում տեղի ունեցող այս գործընթացը դարձավ ընդդիմության՝ ԱԺ նիստի մեկնարկի թեման։
«Նորից պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի թիկունքում գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են Հայաստանի, Արցախի անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը, ազգային անվտանգությունը»,- շարունակեց Մանուկյանը։
«Ճիշտն ասած՝ զարմացած եմ, որ Ձեզ համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում»,- արձագանքեց Արշակյանը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ընկրկել են թուրքական պահանջների առջև»,- ավելացրեց «Հայաստան» խմբակցության մեկ այլ դաշնակցական պատգամավոր՝ Արթուր Խաչատրյանը:
«Խնդրում եմ, պատասխանեք, եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ ու մամլո հաղորդագրության նույն տեքստով տեղի ունենային Մոսկվայում, նույն հարցը կբարձրացնեի՞ք»,- ՔՊ-ից հակադարձեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Ծիծաղելի է, երբ ամբողջ աշխարհի տեսախցիկների առաջ մամլո հաղորդագրություններով բանակցում են, ընդդիմադիրներն ասում են, թե հայ ժողովրդի թիկունքում ստվերային բանակցություններ են ընթանում: Եթե սա ստվերային է, բա ստվերայինը ո՞րն է, պարոն Մանուկյանը։ Կարո՞ղ է՝ 2007-ի հայ-թուրքական բանակցությունները։ Կարող է»,- հավելեց Վահագն Ալեքսանյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ հիշեցրեց, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ՀՀ պատվիրակությունն այս շաբաթ մեկնելու է Անկարա՝ մասնակցելու հերթական նիստին։ Պատվիրակության անդամ Գեղամ Մանուկյանը չի ցանկացել մեկնել։ «Դուք հարցնում եք, թե Ռուբեն Ռուբինյանը ինչու է մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին, ես էլ Ձեզ եմ հարցնում, բա Դուք ինչո՞ւ չեք գալիս մեզ հետ Թուրքիա: Գիտեք, որ շատ բարդ կազմակերպություն է, շատ բարդ օրակարգով, ու լիքը հարց ունենք լուծելու։ Գայիք, շատ լավ ամբիոն է, Ձեր բոլոր մտահոգությունները բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան, օգնեիք, որ մենք մեր տեսակետը տանեինք առաջ»,- ասաց Բաբկեն Թունյանը:
«Ազգային» բառը չի կորել
Ի վերջո, օրակարգը հաստատվեց, և նիստում առաջին կամ երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք նախագծեր։ Դրանցից ընդամենը մի քանիսի դեպքում կարճ հարցուպատասխան եղավ, օրինագծերի մեծ մասն ընդամենը մի քանի նախադասությամբ էր ներկայացվում, և քննարկումն ավարտվում էր առանց հարցուպատասխանի, առանց ելույթների։
Քիչ թե շատ քննարկված նախագծերից մեկը «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում և հարակից մի քանի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն էր, որը, զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Ալեքսանյանի ներկայացմամբ, միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխմանը: Լուծվող խնդիրներից մեկը պետք է լինի գիտության դաշտում վարվող վիճակագրության և իրականացվող քաղաքականության համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:
Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հիմքի վրա կազմավորել նոր՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կգործի նախարարությամբ ենթակայությամբ։
Երրորդ փոփոխությունը նախատեսում է բարեփոխել Գիտությունների ազգային ակադեմիան և դրա ղեկավար կազմի տարիքային շեմ սահմանել մինչև 75 տարեկանը։ ՔՊ-ից Թագուհի Ղազարյանին հետաքրքրում էր, թե չե՞ն խառնվի նոր ստեղծվող Ակադեմիական քաղաք հիմնադրամի ու կոմիտեի գործառույթները։ Նախարարը պատասխանեց, որ դրանք բոլորովին տարբեր գործառույթներ են․ եթե հիմնադրամը զբաղվելու է միայն ակադեմիական քաղաք ծրագրի ստեղծման, իրականցման, համակարգման և հետագա գործառույթներով, կոմիտեն իրականացնելու է ոլորտային ամենատարբեր ծրագրերի մշակման, իրականացման աշխատանքներ։ Իհարկե, երկուսն էլ համագործակցելու են։
«Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին հետաքրքրում էր, թե օրինագծում Ակադեմիայի անվանումից ինչու է բացակայում ազգային բառը։ Նրա ներկայացմամբ դա հետևանք է գործող իշխանությունների՝ այդ բառի նկատմամբ «տոտալ արգահատանքով»։
«Որևէ տեղ չի կորել ազգային բառը, օրենքի 8-րդ հոդվածում է։ Պարզապես կարճ անվանումներն են օգտագործվում»,- ՔՊ-ից պատասխանեց Հերիքնազ Տիգրանյանը։
«Կառավարության զեկույցի քննարկման ժամանակ ես ինձ թույլ չտվեցի անդրադառնալ Ձեր ելույթին։ Այն բովանդակազուրկ էր, և անիմաստ եմ համարում ժամանակ վատնել՝ նույն տրամաբանության մեջ պատասխանելով։ Ինձ թույլ չտվեցի ազգային բառին անդրադառնալ, որովհետև այդպիսով ի ցույց կդնեի, որ Դուք օրենքը չեք կարդացել»,- հավելեց նախարարը։
Կառուցվում է «Հյուսիս-Հարավի» 4-րդ հատվածը
Քննարկվեց նաև ««ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց, որ ծրագրի 4-րդ տրանշով պետք է կառուցվի մայրուղու Ագարակ-Քաջարանի թունելի 32 կմ հատվածը։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 236,6 մլն դոլարից 150 միլիոնը Եվրասիական զարգացման բանկի վարկային միջոցներն են, մոտ 86 մլն դոլարը կառավարության համաֆինանսավորումն է։ Նախատեսվում է կառուցել 80 կմ/ժամ արագությամբ ճանապարհ։ Փոխնախարարի խոսքերով՝ ողջ մայրուղու հենց այդ հատվածն է ամենաբարդը, քանի որ ներառում է 17 կամուրջի և 2 թունելի կառուցում։ Ծրագիրը պետք է ավարտվի 2026թ․ դեկտեմբեի 30-ին։
Գեղամ Նազարյանին հետաքրքրում էր, թե երբ կավարտվի «Հյուսիս–Հարավ» ծրագիրն ամբողջությամբ։ Փոխնախարարը չկարողացավ պատասխանել, ընդամենը նշեց, որ հատվածներ կան, որոնց նախագծային կամ մրցութային աշխատանքները նոր են սկսվում։ Արթուր Խաչատրյանին հետաքրքրում էր, թե ԵՄ-ի խոստացած և իշխանությունների ծրագրերում առկա 2,6 մլրդ դոլարի վարկային և դրամաշնորհային միջոցներից ինչ նորություն կա։ Փոխնախարարը պատասխանեց, որ դա հեռանկարային և ակնկալվող ծրագիր է։ Դրանից 700 մլն դոլարը նախատեսված էր «Հյուսիս-Հարավի» համար։ «Մինչև ֆինանսավորելը դոնոր կազմակերպությունները պետք է բավականին լուրջ քննարկման, ուսումնասիրման փուլ անցկացնեն, ինչն արդեն սկսել են։ Իսկ մենք, որպեսզի ժամանակ խնայենք, սկսել ենք աշխատանքները»,- պատասխանեց Քրիստինե Ղալեչյանը։
Երկրորդ 6 ամիսը
ՔՊ-ն առաջարկում էր ևս 6 ամսով երկարաձգել 2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձնաժողովը ստեղծվել է 2022թ․ փետրվարին, և աշնանը 6 ամսով երկարեցվել էր ժամկետը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց, որ պահանջել և ստացել է ավելի քան 14.000 էջ 4154 գաղտնի, հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ, որոնք դեռ ուսումնասիրվում են հանձնաժողովի պատգամավորների և փորձագետների կողմից: Հրավիրվել և հրավիրվում են գործող ու նախկին զինվորական, քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ, զոհվածների հարազատներ, որոնք եւս հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ: Քոչարյանի խոսքով լրացուցիչ ուսումնասիրման նպատակով համապատասխան կառույցներին դիմելու, նոր փաստաթղթեր ստանալու և ուսումնասիրելու անհրաժեշտություն է առաջացել:
«Հայաստան»–ից Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց, որ այդ խնդիրն ուսումնասիրելու համար ոչ թե ԱԺ քննիչ հանձնաժողով, այլ հատուկ տրիբունա պետք է ստեղծվի, որտեղ ներկայանալը ոչ թե ըստ ցանկության, այլ պարտադիր պիտի լինի։ Նա նաև կոչ արեց չշահարկել մարդկային և տարածքային կորուստները։
«Հազար անգամ հաստատում եմ Ձեր ասածը, որ կորուստը պետք չէ շահարկել, բայց այս ամբիոնից 100 անգամ ասել եք 5000 զոհ։ Շահարկումը հենց դա է։ Ձեր գործընկերներից սկսեք, խնդրում եմ։ Շահարկում է նաև այն, որ չեն մասնակցում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որ ասեն՝ չէինք մասնակցում, չգիտենք։ Իսկ հատուկ տրիբունալը կարծում եմ, Հոկտեմբերի 27-ից պետք է սկսվեր, հաստատ այն ժամանակ ավելի պետք կգար»,- ՔՊ-ից արձագանքեց Արփի Դավոյանը։
Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց, թե ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ վախենում են առերեսվել ճշմարտությանը։ «Երբ ԱԺ-ում վարչապետը փակ հանդիպում է առաջարկում, ընդդիմությունը նախ համաձայնում է, հետո՝ հրաժարվում։ Կա հնարավորություն լսելու պատերազմի ժամանակ թիվ մեկ զինվորականին, քննելու Օնիկ Գասպարյանին, արտգործնախարարին։ Հրաժարվում են, որովհետև այլևս կաշկանդված կլինեն իրենց կեղծ մեղադրական թեզերը սպրդելուց»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ բացատրեց, որ քննիչ հանձնաժողովին իրենց չմասնակցելու պատճառն այն է, որ այս իշխանությունները չեն կարող արդարացիորեն քննել իրենց օրոք տեղի ունեցած պատերազմի հանգամանքները։ Հանձնաժողովի նախագահն ու անդամները պետք է ուսումնասիրեն պատերազմի ժամանակ նաև իրենց գործունեությունը։ Այդտեղ կա շահերի բախում։ Բացի այդ, նրա խոսքերով, օրենքով հանձնաժողովին տրված ժամանակը շատ քիչ է նման ծավալուն խնդիր ուսումնասիրելու համար։
Այս նախագծերից զատ խորհրդարանը մայիսի 2-ին քննարկեց ևս մեկ տասնյակ նախագծեր։