Արտադրական կանեփն ու գործադիր-օրենսդիր վեճը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստի օրակարգում թեև առաջին ընթերցման նախագծեր կային, բայց ամենաբուռն և ամենաերկար քննարկմանն արժանացավ կառավարության կողմից երկրորդ ընթերցման ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Սովորաբար երկրորդ ընթերցման նախագծերի քննարկումները շատ կարճ են տևում, քանի որ հիմնական փոփոխություններն ընդունվում են առաջին ընթերցման ժամանակ։
Այս նախագծով կառավարությունն առաջարկում էր մեղմել արդյունաբերական կանեփի աճեցման և այդ հումքի հիման վրա արտադրություն կազմակերպելու, արտահանելու որոշ պայմաններ, որոնք գործադիրն ու օրենսդիրը սահմանել էին ուղիղ 2 տարի առաջ։ Երկու տարի առաջ ՀՀ իշխանությունը թույլատրելի համարեց արդյունաբերական կանեփի մշակումը, և դրա հիմքի վրա յուղի ու մի շարք այլ ապրանքների արտադրությունը։
Արտադրական կանեփի յուղը՝ սիբիդը շատ թանկ է, 1 լիտրը 4000-6000 դոլար արժե, և մեծ պահանջարկ ունի ողջ աշխարհում։ Այն օգտագործվում է կոսմետիկ նյութերի, դեղորայքի ու այլ ապրանքների արտադրության մեջ։ Կանեփը նաև թել, պլաստիկ, թուղթ, շինանյութ ու այլ ապրանքներ արտադրելու հումք է։ Ավելին, կանեփը չի պահանջում կլիմայական հարմարավետ պայմաններ, աճում է անգամ էռոզիայի ենթարկված հողերում ու վերականգնում դրանք։
Այս բոլոր առավելությունները հաշվի առնելով՝ ՀՀ իշխանությունը 2021–ին թույլատրեց արդյունաբերական կանեփի աճեցումն ու դրա հիմքի վրա հատկապես սիբիդի արտադրությունը, մանավանդ որ արդյունաբերական կանեփում հոգեներգործուն նյութի պարունակությունը շատ ցածր է։ Կառավարությունն ակնկալում էր, որ այդ բիզնեսով շատ ներդրողներ կցանկանան զբաղվել, ինչի արդյունքում մեր տնտեսությունը մեծ աճ կունենա։
2 տարի անց, սակայն, ընդամենը մեկ ընկերություն է զբաղվում այդ բիզնեսով։ «Այն էլ կորցրել է ախորժակը»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, թե իրենք առաջարկել են մի շարք փոփոխություններ, որոնք խոչընդոտում են այդ բիզնեսին։ Չեղյալ են համարել բիզնես-պլան ներկայացնելու պահանջը, լիցենզիա ստանալուց հետո ոչ թե 1, այլ 2 տարում արտադրություն հիմնելու պայմանն ու արտադրական քվոտաները։
«Ճի՞շտ եմ հասկանում, որ 2-3 տարի առաջ ընդունել ենք կարգավորումներ, որ ոլորտը զարգանա, բայց այսօր կարող ենք ասել, որ տեղաշարժ չունենք։ Հիմա փորձում ենք խոչընդոտները վերացնել, որ ոլորտը զարգանա»,- հարցրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Այս ընթացքում վեր հանեցինք որոշ խնդիրներ, խոչընդոտներ, նպատակներ, որ զարգանա»,- պատասխանեց Նանուշյանը։
Եվ հանձնաժողովում իշխանության երկու թևերի՝ պատգամավորների ու փոխնախարարի միջև բավականին լարված հարցուպատասխան սկսվեց։
«Ամենասկզբում խոսք էր գնում միլիոնավոր դոլարների շրջանառության մասին։ Ո՞րն է պատճառը, որ այսօր ընդամենը մեկ կազմակերպություն է զբաղվում այդ բիզնեսով՝ այն էլ կիսատ-պռատ»,-հարցը կրկնեց Բաբկեն Թունյանը։ «Չեմ կարող արձագանքել միլիոնավոր դոլարներին»,- պատասխանեց Լենա Նանուշյանը։
Թունյանը երեք անգամ կրկնեց ներկայացված փոփոխությունների տնտեսական արդյունավետության մասին հարցը։ Առողջապահության փոխնախարարը չկարողացավ պատասխանել, ի վերջո ասաց, թե սահմանված է 200 հազար լիտր յուղի արտահանման քվոտա, դա պետք է բազմապատկել պետտուրքով ու հասկանալ արդյունքը։ Սա արդեն բարկացրեց հանձնաժողովի նախագահին, թե տնտեսական արդյունքի հաշվարկը պետք էր նախապես ունենալ։ Հարցրեց՝ ավելի լավ չէ՞ր լինի, որ ոլորտը ներկայացներ Էկոնոմիկայի նախարարությունը։ Մինչ այդ Թունյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին խնդրել էր չհեռանալ, քանի որ քննարկման ժամանակ անհրաժեշտ կլինի նաև նրա մեկնաբանությունը։ Եվ հասկանալի դարձավ, որ պատգամավորներն ուզում էին, որ ոլորտը համակարգի ոչ թե Առողջապահության, այլ Էկոնոմիկայի նախարարությունը
«Ծխախոտի օրենքն էլ ձեր հանձնաժողովում է քննարկվել, բայց առողջությանն է վերաբերում»,- հակադարձց Նանուշյանը։ «Ես էլ կարծում եմ, որ տվյալ ոլորտը պետք է համակարգի էկոնոմիկայի նախարարությունը»,- հավելեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը։
Զուգահեռ հարց ուղղվեց Քերոբյանին, թե իրենց նախարարությունը պատկերացնո՞ւմ է խնդիրը։ «Երկու տարի առաջ նպատակ ունեինք, որ կունենանք ոլորտ, որը նկատելի կլինի մեր տնտեսության մեջ։ 2 տարի անց մենք ունենք մեկ ընկերություն, որը փակվելու մտադրություն ունի։ Կաշկանդող արդյունք կա, այս փոփոխություններով տնտեսական արդյունք չենք ունենա։ Կարիք կա ընդհանրապես մոդելը վերանայելու։ 2 տարի առաջ ունեինք մոդել, բայց ընդունվել է այս մոդելը»,- պատասխանեց Վահան Քերոբյանը։
ՔՊ-ականների ու Քերոբյանի կարծիքներն այս հարցում համընկնում էին, և Թունյանը Նանուշանին առաջարկեց ետ տանել նախագիծը, նորից լրամշակել։ Փոխնախարարը չհամաձայնեց, թե այն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, բայց պատգամավորները որևէ առաջարկություն չեն ներկայացրել։ Նա առաջարկեց ընդունել ներկայացվածը, հետո օրենքը նոր փոփոխության ենթարկել, հատկապես որ օրենսդրական փոփոխությունը շարունակական գործընթաց է։ Պատգամավորները չհամաձայնեցին ու մերժեցին դրական եզրակացություն տալ։ Նախագիծը, ամեն դեպքում, կքննարկվի լիագումար նիստում, քանի օր երկրորդ ընթերցման է ներկայացված։ Բայց ՔՊ-ական պատգամավորներն այդ քննարկումով գնդակն ուղղեցին կառավարության դարպասը, որ ոլորտը ոչ թե Առողջապահության, այլ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է համակարգի։ Իսկ Թունյանը հավելեց, թե ԱԺ-ն այսուհետ պետք է մոնիտորինգ իրականացնի, թե ողջամիտ ժամկետում ինչ արդյունք են տալիս ընդունված օրենքները։
Եվրոպական չափանիշներ և հարկային արտոնություն
Իսկ մինչ այս նախագիծը, հանձնաժողովում քննարկվեց «Հավատարմագրման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ «Շատ կարևոր նախագիծ է»,- ասաց այն ներկայացնող Վահան Քերոբյանը։
Վերջինս բացատրեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի՝ ԱՐՄՆԱԲ-ի՝ եվրոպական եւ միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցությամբ, նաև ԵԱՏՄ-ի միանալու պայմանագրին անդամակցելու որոշակի տարբերություններով ու փոփոխություններով։ Քերոբյանի ներկայացմամբ՝ նախագիծը նաև նպատակ ունի Հայաստանում ամբողջովին նոր մակարդակի բարձրացնել հավատարմագրման և որակի գնահատման համակարգերը։
«Մեր երկրում գործում է շուրջ 70 համապատասխանության գնահատման մարմին: Օրենսդրական այդ փոփոխությունից հետո ոլորտը կհամապատասխանեցվի միջազգային համապատասխան ստանդարտին՝ ապահովելով հետագայում եվրոպականը, և մեր հավատարմագրման ինստիտուտները փոխադարձաբար կընդունեն միմյանց փաստաթղթերը։ «Արդյունքում կվերացվեն փոխադարձ առևտրի խոչընդոտները»,- հավելեց Քերոբյանը։
Այս նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։ Դրական եզրակացություն տվեց նաև մի քանի այլ նախագծերի։ Բայց 2 ամսով հետաձգեց Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որտեղ առաջարկվում էր գինեգործությունն էլ ազատել ակցիզային հարկից։ «Բայց, պատգամավորի խոսքով, կառավարությունը կարծիք է ներկայացրել, թե նախագծի ընդունումը պետական բյուջեի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ: Առաջարկ է արվել Կառավարությանը հաշվարկներ իրականացնել, ու եթե նվազեցումն էական լինի, նախագիծը չի ընդունվի»,–ասաց նախարարը։