«Պայքարելու ենք մինչև վերջին շունչը». Փաշինյանի հայտարարությունների խորհրդարանական արձագանքները

Մայիսի 22-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախի մասին, ԱԺ հերթական նիստի ընթացքում անարձագանք չմնացին:
Մայիսի 23-ի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահությունից հետաքրքրվեց՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Փաշինյանի հայտարարությունները և «հակապետական, հակաազգային մոտեցումները» քննարկելու համար խորհրդարանական լսումներ հրավիրվեն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, թե խմբակցությունը կարող է հանդես գալ լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ, ինչը հետագայում կքննարկվի:
Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը նման հնարավորություն ընձեռում է, սակայն փորձը ցույց է տվել, որ մեծամասնությունը ձախողում է ընդդիմության նման փորձերը․ խոսքը ԱԺ հայտարարությամբ կամ ուղերձով հանդես գալու մասին է:
«Ներկայացրեք ձեր նախաձեռնությունը, կքննարկենք: Եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, ապա ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկ հնչեցրած կարծիքները», -կրկնեց Ալեն Սիմոնյանը:
«Հայաստան»–ից Գեղամ Մանուկյանը Փաշինյանի հայտարարությունները ադրբեջանական թեզերի 100 տոկոս կրկնություն է համարում, իսկ անկլավների մասին վարչապետի խոսքը՝ «հայրենիքի հատվածների հոժարակամ հանձնում»:
«Խորհրդարանի նիստերի օրակարգում կա մի նախագիծ՝ քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին: Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորի աշխատավարձը բարձրացնելը ատեստացիայով է, իսկ քննիչների աշխատավարձը բարձրացվում է մի հարվածով: Էդ տուն պահող քննիչները թող իմանան՝ էս իշխանության օրոք մի օր թուրքի տուն են պահելու, բայց՝ հավաքարարի տեսքով», - հայտարարեց Մանուկյանը:
Մտքերի փոխանակության ժամանակ Մինասյանը տարօրինակ համարեց, որ ժողովրդավարական հռչակված երկիրը չի կարողանում խորհրդարանում օրակարգային թեմա դարձնել հայ ժողովրդի համար «բախտորոշ նշանակության» հարցը:
«Նիկոլ Փաշինյանը երեկ կատարել է հակապետական, ապօրինի, հակաազգային հայտարարություն: Նա Հայաստանը չէ, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից Արցախը հանձնելու, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու, արցախահայությանը, որոնց 90 տոկոսից ավելին նաև ՀՀ քաղաքացիներ են, նրանց իրավունքները ոտնահարելու որևէ իրավունք չունի»,- հայտարարեց նա:
Մինասյանը ասաց նաև, որ «Հայաստան» խմբակցությունը սատարում է Արցախի Ազգային ժողովին, կարևոր է համարում նրա հայտարարությունը՝ Ադրբեջանը Արցախի մաս համարելու վերաբերյալ, և խոստացավ՝ բոլոր ջանքերը գործադրելու են, որ օր առաջ կասեցվի «այս ազգակործան ընթացքը, որ օր առաջ իշխանազարկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը»։
Իշխանազրկման ձևեր և կոնկրետ ժամկետներ խորհրդարանական ընդդիմությունը չի նշում․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն զգուշացնում է՝ ունեն 5-6 ամիս՝ «Հայաստանը և Արցախը հանձնելու գործընթացը կասեցնելու համար»:
«Ինձ թվում է՝ մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ նոր հայտարարությամբ, որից հետո այդ ամենը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր պայմանագրի սկզբունքների շուրջ: Արդեն հոկտեմբերին կունենան ամբողջական պայմանագիր ու կփորձեն վավերացնել: Այսինքն՝ հայ ժողովուրդը ունի ընդամենը 5-6 ամիս ժամանակ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար», -լրագրողներին ասել է Իշխան Սաղաթելյանը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ իսկ ընդդիմությունը ի՞նչ է պատրաստվում անել, քանի որ հայտարարություններով ոչինչ չի փոխվում: Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց իրենց նախկին փողոցային պայքարը, ասաց՝ կոնկրետ քայլեր ու գործողություններ արել են. «Այս իրավիճակի հետ մենք չենք համակերպվելու, պայքարելու ենք մինչև վերջին շունչը: Մեր պայքարը չի դադարել: Հիմա մեր խնդիրն է Հայաստանում ձևավորել համաժողովրդական դիմադրություն, ժողովրդին պատրաստել լայն անհնազանդության: Ընդդիմության գլխավոր խնդիրը մնում է դա»:
Պայքարի ձևերը Սաղաթելյանը չմանրամասնեց, բայց նախորդ պայքարից,–ասաց,– դասեր քաղել են:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համար Փաշինյանի հայտարարությունները նորություն չեն եղել. «Ինձ համար ոչ մի նոր բան տեղի չի ունեցել: Որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար՝ ասել ենք մեկ տարի առաջ։ Կես տարի առաջ ապացուցել ենք հրապարակված փաստաթղթերով, ապացուցել ենք եվրոպացիների հետ մեր աշխատանքային շփումների հանրայնացմամբ»։
Նրա խոսքով, ՀՀԿ–ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը պայքարը չեն դադարեցրել, և այնպես չէ, որ հիմա պետք է անցնեն հաջորդ փուլ:
«Սա քաղաքական ուժի, քաղաքական գործչի պայքար չէ, սա համազգային պայքար է։ Հույս ունեմ, որ գոնե երեկվա՝ ամբողջությամբ բաց տեքստից հետո չենք լսի կասկածով լի հայտարարություններ։ Յուրաքանչյուրն իր տեղում անելիք ունի՝ քննիչից մինչև դատավոր, քաղաքացի, մինչև ԱԺ պատգամավոր», -ճեպազրույցում ասաց Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով, եթե ճնշումը մեծ լինի, Փաշինյանը հրաժարական կտա. «Ես հույս չունեմ, ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ ինքն այդ հրաժարականը տալու է։ Ուղղակի աշխարհի տարբեր բռնապետներ պատմության ընթացքում տարբեր ձևով են գնացել։ Ես Փաշինյանին խորհուրդ կտամ՝ բացի, նայի, թե որ բռնապետն ինչ ճանապարհով է գնացել, ու ընտրի իր ճակատագիրը»: