Մեծ թվեր, փոխադարձ մեղադրանքներ, մտորումներ պետական խորհրդանիշերի շուրջ․ ԱԺ-ն ընդունեց 2022թ․ բյուջեի հաշվետվությունը

հունիսի 16, 2023

«Մենք բոլոր ուղղություններով դրական զարգացումներ ենք ունեցել, ուստի, ինձ համար մեծ բերկրանք էր ներկայացնել այն ձեռքբերումներն ու ցուցանիշները, որոնք եղել են 2022թ․-ին»,- հունիսի 14-ին Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս՝ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը նախ անդրադարձավ այն կարծիքներին, թե 2022թ 12,6 տոկոս տնտեսական աճը ոչ թե կառավարության գործունեության, այլ արտաքին գործոնների՝ մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցության արդյունք է, հակադարձեց, որ դրան հասել են գործադիրի վարած քաղաքականության շնորհիվ։ Ասաց՝ մի կողմից հարկերը հավաքել են, մյուս կողմից՝ ծախսել։ Աճին նպաստել են նաև ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերը։ «Չնայած անվտանգային խնդիրներին՝ Հայաստանը հրաշալի վայր է ապրելու և ստեղծագործելու համար։ Կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, ֆինանսական կայունությունը, արագ զարգացող հանրային ենթակառուցվածքներն ու բազմաթիվ այլ գործոններ գրավիչ են դարձրել մեր երկիրը հազարավոր զբոսաշրջիկների, այդ թվում՝ ռուս ռելոկանտների համար։ Հայաստանը միշտ հայտնվում է Ռուսաստանից արտագաղթողների առաջին եռյակում։ Պետք է հարցնել` ինչո՞ւ Ադրբեջանը չկա այդ ցանկում»,- հարցրեց Վահե Հովհաննիսյանը։

Վերջինս հավելեց, թե փորձ է արվում համոզել, որ ՀՀ քաղաքացիները միայն տուժել են 8,6 տոկոս գնաճից, իսկ տնտեսական աճից չեն օգտվել։ Հիշեցրեց, որ միջին անվանական աշխատավարձն աճել է 15,5 տոկոսով՝ կազմելով 235 հազար դրամ, գրանցվել է 55 հազար նոր աշխատատեղ, գործազրկությունը նվազել է մինչև 13 տոկոս, բարձրացրել են կենսաթոշակներն ու նպաստները։ Առաջիկա տարիներին նորից կբարձրացնեն, որպեսզի 2026-ին ծայրահեղ աղքատներ և աղքատ թոշակառուներ չլինեն։

2022թ հավաքվել են 82 մլրդ դրամ հավելյալ հարկեր, ինչը հնարավորություն է տվել ժամանակից շուտ բարձրացնել թոշակները։ Բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 63 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 379 մլրդ դրամով կամ մոտ 1 մլրդ դոլարով։ Ծախսերը կազմել են 2 տրիլիոն 242 մլրդ դրամ, ինչը 238 մլրդ դրամով ավել է նախորդ տարվա համեմատ: Ծախսերը կատարվել են 98 տոկոսով, կապիտալ ծախսերը` 95 տոկոսով:

«ՀՀ-ն պետք է դուրս գա զարգացման այլ արագության, և դրա համար մեզ անհրաժեշտ է բարելավել լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու մեր կարողությունները, ինչը մենք հետևողականորեն անում ենք գնումների և այլ համակարգերի կատարելագործման միջոցով»,- եզրափակեց Վահե Հովհաննիսյանը։

Դժգոհություններ ընդդիմությունից և իշխանությունից

«Ընտրել էիք այն ցուցանիշները, որոնցով փորձելու էիք հիմնավորել և ամբողջությամբ ձեզ վերագրել այդ բարձր աճը։ Դուք միջին աշխատավարձ-գնաճ հարաբերությունը բերեցիք, բայց մոռացաք նվազագույն աշխատավարձի, նպաստների ու թոշակների մասին, մինչդեռ աղքատներն այստեղ են։ Մոռացաք խոսել գյուղատնտեսության մասին, որ զրոյական աճ կամ անկում ունի, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն է նվազել։ Չասացիք, թե դրսից 5 մլրդ դոլարի դրամական փոխանցումները, որ պատիկներով ավել են, աճի վրա ինչ ազդեցություն ունի»,- հակադարձեց «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը: Նախարարն ասաց, որ որոշ չափով բարձրացրել են և նորից կբարձրացնեն նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը։

«Կան կապիտալ ծախսեր, որոնք նպաստում են տնտեսության զարգացմանը, կան կապիտալ ծախսեր, որոնք չեն նպաստում։ Օրինակ, ԱԺ նախագահի համար BMW գնելը չի ազդում տնտեսական աճի վրա, BMW-ի բիզնեսի վրա ազդում է, բայց շատ անուղղակի չկապենք, որ թոշակառուները դրանից սկսում են լավ ապրել»,- «Հայաստան» խմբակցությունից հավելեց Արթուր Խաչատրյանը: Նախարարը արձագանքեց, որ այս կամ այն կապիտալ ծախսը տարբեր կերպ է ազդում տնտեսական զարգացման վրա։

Որոշակի դժգոհություններ հնչեցին նաև իշխանական ՔՊ-ից։ Արմեն Խաչատրյանին հետաքրքրում էր, թե կատարման ինչ փուլում է գտնվում ՀՀ-ում թվայնացման հիմնախնդիրներին վերաբերող ռազմավարության գործողությունների ծրագիրը, որը հաստատվել է 2021թ։ Նախարարը չկարողացավ պատասխանել։ «19 միջոցառումներից 14-ը պետք է իրականացված լիներ։ Թվայնացումը մեր կառավարության ամենակարևոր նպատակներից է։ Հիմնավոր տեղեկություն ունենք, որ զգալի մասը չի կատարվել»,- դժգոհեց պատգամավորը։

Արման Եղոյանն էլ նկատեց, որ գործատուների մի զգալի մաս թեև գրանցում է աշխատողներին, որպեսզի խուսափի տուգանքներից, բայց նրանց վճարած աշխատավարձի մի մասն է ներկայացնում պատկան մարմիններին, որպեսզի ամբողջությամբ չվճարի եկամտահարկը։ Արդյունքում, պետությունը չի կարող քաղաքացիների նկատմամբ իր քաղաքականությունը կառուցել նրանց իրական եկամուտները հիմք ընդունելով։ Նախարարը պատասխանեց, որ դա Պետեկամուտների կոմիտեին վերաբերող հարց է, և այդ գերատեսչությունն ամեն օր աշխատում է խնդրի լուծման համար։

Փոխադարձ մեղադրանքներ

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ պատմության մեջ առաջին անգամ միջազգային խոշոր ընկերություններ սկսել են ներդրումներ կատարել հայկական դրամով արժեթղթերում։ Եվ առաջին անգամ շատ լուրջ միջազգային խաղացողներ սկսել են գնել հայկական պետական պարտատոմսեր։ «Ամենայն հավանականությամբ, հենց այդ հիմքի վրա կարելի է դատել մեր երկրի անվտանգության հարցերի, ինչպես նաև՝ մեր հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության նկատմամբ նրանց մոտեցումների մասին»,- հավելեց նա։

ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ բյուջեի գումարները ճիշտ են ծախսվել հենց այդ ոլորտում «2022թ ռազմական արդյունաբերության մեջ հաջողություններ են արձանագրվել, որն, ի զարմանս մեզ, նկատել է հակառակորդը՝ իհարկե, չգիտակցելով, որ դա մեր արդյունաբերության մեջ արձանագրված իրողությունն է»։

2022թ․ բյուջեի կատարողականի քննարումը տևեց 2 օր, հնչեցին ավելի քան հինգ տասնյակ հարցեր և ելույթներ։ Եթե կառավարության ներկայացուցիչները պարզապես ցուցանիշեր և գնահատականներ էին ներկայացնում, իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները հիմնականում փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն այդ քննարկումը նմանեցրեց գեղեցիկ տան, որի կտուրը կաթում է, հարևանը երբեմն մտնում է տուն և բռնություն գործադրում տնեցիների նկատմամբ, բայց տանտերը չի կարողանում նրանց պաշտպանել ու անընդհատ կադաստրի թուղթ է ման գալիս։ Պատգամավորը նաև հավելեց, թե Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը հսկվում է ոստիկանական աննախադեպ պաշտպանությամբ, որի վրա ահռելի մեծ գումարներ են ծախսվում։ Եվ դրա պատճառը վարչապետի վախերն են ժողովրդից։

«1999թ. հոկտեմբերի 27-ին, ասում են, մի նախկին դաշնակցական մտավ այս շենք և գնդակահարեց պետության գլուխներին։ Նոյեմբերի 9-ին բերանները իրապես բացած դասալիք բորենիների մի կույտ հարձակվեց և մահափորձ կատարեց ԱԺ նախագահի վրա։ Պետական շենքեր մտավ, մեր կուսակցության գրասենյակ մտավ՝ հայրենիքի սիրուց մղված։ Իսկ ինչի՞ է ձեզ անհանգստացնում, որ վարչապետը անվտանգության խնդիր ունի»,- ՔՊ-ից հակադարձեց Վահագն Ալեքսանյանը։
Վերջինիս արձագանքեց Լիլիթ Գալստյանը՝ ասելով, թե անցյալում կատարված որևէ սխալ չի արդարացնում այն իրականությունը, որի մեջ հայտնվել է Հայաստանը։ «Շատ դժվար է այս պահին խոսել բյուջեի մասին, երբ սահմանին կրակում են, երբ մեր հողերն օկուպացված են, երբ Արցախը շրջափակման մեջ է։ Բայց կնշեմ մի քանի խնդիր՝ ինչո՞ւ եք դատական համակարգում աշխատավարձերը բարձրացնում առանց ատեստավորման, իսկ ուսուցիչներինը՝ ատեստացիայով։ Այն, որ շուրջ 30 հազար ուսուցչից 2 հազարն է մասնակցել ատեստավորմանը, խոսում է քաղաքականության պակասի մասին։ Եղել եմ մի քանի նորոգված դպրոցներում և շատ տխուր եմ դուրս եկել։ Գնո՞ւմ եք, հետևից, թե ինչ որակով է կատարվել աշխատանքը»,- հարցրեց պատգամավորը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրեց 2001-2003թթ մասնավորեցման ծրագիրը, որը ստորագրել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Այստեղ են այն բոլոր գիտահետազոտական ինստիտուտները, արտադրական միավորումները, լեռնամետալուրգիական ընկերությունները, բանկերը, պետական շենքերն ու շինությունները, արժեք ստեղծող կազմակերպությունները, արդյունաբերական հսկաները, որոնք կոպեկներով սեփականաշնորհվել են։ Դրանց թիվը 932 է, ամբողջ Հայաստանն է մտնում դրա մեջ։ Ինչ-որ պիտի ստեղծեինք, սեփականաշնորհել եք, ինչ կար մեջը, թալանել եք»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք Ադրբեջանը փորձ չի արել հարձակվել Արցախի վրա, ինչն արել է գործող իշխանությունների ժամանակ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նորից հիշեցրեց, որ ներդրումները առաջին անգամ հատել են 1 մլրդ դոլարի շեմը։ «Մեր կառավարության նպատակներից է գիտահետազոտական աշխատանքներում ներդրում անելու համար գլոբալ 500 ընկերություններին բերելը։ Տասնյակ ընկերություններ այսօր խոշոր ներդրում են անում մեր գիտահետազոտական ենթակառուցվածքի մեջ։ Հիմա աշխարհում կատաղի պայքար է գնում տաղանդավոր մարդկանց համար, իսկ այն, որ այսօր 50 հազար մարդ ընտրել է Հայաստանը, դա մեր համակարգված աշխատանքի արդյունքն է»,- ասաց նախարարը։

Հովիկ Աղազարյանն ընդդիմադիրներին խորհորւրդ տվեց նամակ գրել Պաշտպանության նախարարին՝ հետևյալ բովանդակությամբ «Հարգարժան պարոն Պապիկյան, ներքոստորագրողներս խնդրում ենք մեզ համար էլ կազմակերպել այն միջոցառումը, ինչ կազմակերպել էիք Հակոբ Ասլանյանի, Գուրգեն Մելքոնյանի, Հովիկ Աղազարյանի համար։ Իմ կարծիքով, պարոն Պապիկյանը կկազմակերպի, և ձեր գնահատականներն էապես կփոխվեն»։

Ելույթ ունեցավ նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ասաց, թե անցած տարի աննախադեպ ծավալի՝ 7,5 մլրդ դրամի 28 ծրագրեր են իրականացվել մարզում։ Տեղեկացրեց, որ կառուցվում են բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, մանկապարտեզ։

«Որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն եք, խոսե՞լ եք նրա հետ, թե Մեղրին ինչու էր տալիս։ Իսկ հոկտեմբերի 27-ից առաջ ներվայնանո՞ւմ էիք, թե անվտանգությունը շատ ա, քիչ ա»,- ընդդիմադիրներին հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ իր պաշտոնավարման շրջանում բանակի հնարավորություններին «Այո, մենք ունեցել ենք հին տեխնիկա, նաև նորն ենք ձեռք բերել, օրինակ, 220 մլն դոլարի միջպետական վարկը, որը ՌԴ-ից ենք ստացել։ Եվ երբ պահածոների տուփերի մասին եք խոսում, ուրեմն, իմացեք՝ այսօրվա հակաահաբեկչական կամ ահաբեկչական միջազգային իրականության մեջ ավելի վտանգավոր են ինքնաշեն միջոցները»,- ասաց նա և հավելեց, որ այսօր էլ պատրաստ է օգնել բանակին։

Կրճատել օրհներգը, փոխել զինանշանը

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ անցած տարվա բարձր տնտեսական աճը «օդից չի ընկել», ինչպես ընդդիմադիրներն են պնդում։ Դա եղել է կառավարության որոշումների, օրինակ, բնակարանաշինության ոլորտում եկամտահարկի վերադարձի ինստիտուտի պահպանման կամ եկամտահարկի համահարթեցման արդյունքում։

Նա նույնպես ուղղակի և անուղղակի մեղադրանքներ հնչեցրեց հատկապես ընդդիմության առաջնորդների հասցեին։ Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններին՝ հարցրեց, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր, և դրա համա՞ր սպանվեց, թե՞ «կարող է՝ դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց»։ «Բա ո՞նց է եղել Հոկտեմբերի 27-ը: Եղել է այն, որ սրճարաններում, այդ թվում՝ դահլիճում ներկա որոշ մարդիկ նաիրիհունանյանների հետ խոսելիս՝ ասել են, Վազգենն ա էս երկրի բոլոր պրոբլեմների մեղավորը, այ որ Վազգենը չլինի... Իրենց կադրն էր, գիտեին թույլ կողմերը, որ կետերի վրա սեղմեն»,- հավելեց Փաշինյանը:

Չհամաձայնեց, որ իր անվտանգությունն ավելի է ուժեղացված, քան ունեցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ «Նույն պրոտոկոլը հիմա է՝ մեկ տարբերությամբ, որ այսօր ոստիկանները ոչ թե ծառերի տակ կուչ եկած են, այլ նոր, յուղը վրեն ավտոմեքենաներով, բոլորովին նոր տեխնիկայով, նոր հագուստով, նոր աշխատավարձով, սոցիալական երաշխիքների նոր  համակարգով իրականացնում են իրենց ծառայությունը,- ասաց նա:

Ի դեպ, վարչապետը հատուկ անդրադարձավ ՀՀ խորհրդանիշերին ու հիշեցրեց, որ 1991թ ընդունված զինանշանի վրա պատկերված են Նոյյան Տապանը՝ Արարատի վրա, Հայաստանի 4 հարստությունների զինանշանները։ Հարցրեց՝ դրանք ի՞նչ կապ ունեն նույն տարում հիմնադրված պետության հետ: «Իսկ այսօրվա Հայաստանի տարածքը ջրհեղեղի տակ է»,- նկատեց նա:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մտածել հետևյալ հարցի մասին՝ իրական Հայաստա՞նը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը՝ իրական Հայաստանին: Ինչ վերաբերում է օրհներգին, ասաց, որ այն ավարտվում է զոհվելու մասին խոսքերով, բայց ճիշտ կլիներ, որ ավարտվեր հետևյալ տողերով՝

«Նայիր նրան երեք գույնով,

Նվիրական մեկ նշան։

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»։

Նա առաջարկում էր պարզապես օրհներգից հանել վերջին քառատողը։

Բյուջեի կատարման հաշվետվությունն ընդունվեց 65 կողմ, 11 դեմ ձայներով։ Կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն։