Հաշվեքննիչ պալատում գտել են կառավարության հետ աշխատելու ձևը
Ազգայի ժողովում մեկնարկել են ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը, որոնցում ներկայացվում են տարբեր ոլորտներում Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքները՝ կապված պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետության հետ:
Հունիսի 23-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվեց կրթության, գիտության ոլորտում բյուջեից պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության հաշվետվությունը: Ֆինանսական համապատասխանության մասին փաստաթուղթն ընգգրկում է 2022 թվականն ամբողջությամբ:
Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանը ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների հաշվեքննությունը ներկայացնելիս տեղեկացրեց, որ բյուջետային 23 ծրագրերի իրականացման համար տարեկան բյուջեով նախատեսվել է շուրջ 87,8 մլն դրամ, սակայն ճշգրտված պլանը կազմել է 80.8 մլն դրամ: Այսինքն՝ ծրագրերն ամբողջութամբ չեն կատարվել, արդյունում՝ փաստացի ֆինանսավորումը` 77,5 մլն դրամ, կատարողականը` շուրջ 96 տոկոս:
«Հաշվեքննիչ պալատը 2022 թ. նախարարությունում իրականացրած հաշվեքննության արդյունքում արձանագրել է անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ», -ասաց Հաշվեքննիչ պալատի անդամը:
Մասնավորապես, կառույցը գրանցել է, որ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատողների ֆինանսավորումը կատարվել է այլ կարգերի համաձայն, ինչի արդյունքում աշխատավարձի տարեկան ֆոնդը ավել է հաշվարկվել շուրջ 350 մլն դրամով դրամով: Բարսեղյանի փոխանցմամբ, ՀՊ-ն այս մասով իր առաջարկությունները ուղարկել է ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղից սակայն որևէ արձագանք չեն ստացել:
Քննարկմանը ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունեց, որ խնդիր կա, և քննարկումների արդյունքում կառավարության համապատասխան որոշման մեջ կատարվում են փոփոխություններ՝ գործընթացը ավելի հարթ իրականացնելու համար: Նախարարն ասաց, որ հուլիսին այդ որոշումը կընդունվի:
Բացի այդ, մեկ այլ անհամապատասխանություն է գրանցվել է բուհական ոլորտում. ուսանողական նպաստների տրամադրման ծրագրի շրջանակում 4 հաստատություններ ներառված չեն եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015թ. հրամանում, ու դրանց համար սահմանված չեն եղել հաշվարկային թվեր: ԿԳՄՍՆ ենթակայությամբ որոշ հիմնարկներում կատարվել են աշխատավարձերի վճարումներ, պարգևատրումներ, որոնք չեն հրապարակվել՝ ինչպես օրենքն է պահանջում:
Հաշվեքննիչ պալատի անդամը հատուկ շեշտեց, որ հաշվետվության մեջ տեղ գտած խեղաթյուրումների ու անհամապատասխանության մասին ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացվել է. դրանց մի մասի վերաբերյալ հանդես է եկել պարզաբանումներով, իսկ մյուս մասն էլ ընդունել է ի գիտություն:
«Հաշվեքննության գործընթացն իրականացվել է գործընկերային և փոխադարձ ընկալման միջավայրում», -շտապեց նշել պաշտոնյան:
«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց՝ բացի ԿԳՄՍՆ-ից էլ ո՞ր նախարարություններում է կատարվել ուսումնասիրություն, և ի՞նչ ծավալի խնդիրների են հանդիպել:
Այս հարցին շտապեց արձագանքել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը և ասաց, որ իրենք անհամապատասխանությունների ու խեղաթյուրումների մասով պետական մարմինների վարկանշավորում չեն կատարում: Նրա խոսքով, պետական տասը մարմիններում 2022-ին կատարվել են ուսումնասիրություններ, որոնցից 3-ում գրանցվել է 1 անհամապատասխանություն, մեկում՝ 3, երրորդում՝ 5 և այդպես շարունակ: Ընդհանուր առմամբ՝ 2022-ին կատարված ուսումնասիրություններում ՎՊ անդամները գրանցել են 113 անհամապատասխանություն:
«Խեղաթյուրումների պատկերը հետևյալն է՝ ընդհանուր առմամբ բյուջետային ծախսային մասի 1.11 տոկոսն է եղել խեղաթյուրումների ընդհանուր չափը, դրանով պայմամավորված՝ չի ազդել ՀՊ կարծիքի վրա: Հաշվեքննիչ պալատը իրավական գնահատականներ չի տալիս և կանխատեսումներ չի անում», -նշեց Ջանջուղազյանը:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը, վկայակոչելով Կենտրոնական բանկի տարեկան զեկույցը, ասաց՝ ըստ ԿԲ-ի, կա ռիսկ, որ կապիտալ ծախսերը չեն կատարվում, և այդ գումարներն ուղղվում են ընթացիկ ծախսերի վրա: Նաև հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ են կատարվել կապիտալ ծախսերը: Ի պատասխան՝ Բարսեղյանն ասաց, որ այդ հարցը ՀՊ-ի հաշվեքննության շրջանակներից դուրս է: Օգնության հասավ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որն ասաց՝ ունեն ֆիսկալ կանոններ, ընթացիկ ծախսերը սահմանափակ են, չեն կարող գերազանցել տվյալ տարվա համար նախատեսված դրամական միջոցները:
«Որևէ կապիտալ ծախս չի կարող վերաբաշխվել և ուղղվել ընթացիկ ծախսերին, ինչը կբերի ընթացիկ ծախսերի ընդհանուր չափի ավելացմանը: Հավելյալ եկամուտների հաշվին ավելացել են ընթացիկ ծախսեր, բայց ավելացել են նաև կապիտալ ծախսերը», -հավելեց նախարարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օգտակար համարեց ներկայացված հաշվետվության քննարկումը՝ «հետագա անելիքները ավելի լավը դարձնելու համար»:
Հաշվեքննիչ պալատի կատարած աշխատանքը, վեր հանված խնդիրները, նախարարի գնահատմամբ, իրենց ճիշտ ճանապարհին կանգնեցնելու միջոց են: «Խոսքը հանրային միջոցների մասին է, և յուրաքանչյուրս մեր տեղում պատսխանատու ենք այդ միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման համար»,- նշեց նախարարը:
Նկատենք, որ նախկինում Հաշվեքննիչ պալատը պետական մարմիններում կատարվող ֆինանսական ստուգումների ու վերահսկողության արդյունքում պարբերաբար տարաձայնություններ և նույնիսկ թեթև առճակատում է ունեցել կառավարության ենթակա տարբեր մարմինների հետ: