Մեղավոր եմ, որ չկարողացա կանգնեցնել պատերազմը․ Փաշինյանը կրկին քննիչ հանձնաժողովում է

հունիսի 27, 2023

«Չեմ ասում, թե պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց դրա համար պարտադիր պայման էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման՝ հայկական տեսլականից հրաժարվելը»,- հուլիսի 27-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա երկրորդ անգամ էր մասնակցում 2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս անգամ վարչապետը պատասխանեց պատգամավորների հարցերին։ Ընդդիմադիր խմբակցությունները՝ ինչպես հունիսի 20-ի, այդպես էլ այդ նիստին չէին մասնակցում։ Բայց անցած մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի նախորդ ելույթի վերաբերյալ նրանք բազմաթիվ հարցադրումներ էին հնչեցրել։

Այս նիստը նախորդից երկար էր՝ տևեց ավելի քան 5 ժամ, և բաժանված էր երեք մասի։ Առաջին հատվածում վարչապետը պատասխանեց քննիչ հանձնաժողովի հարցերին, երկրորդ հատվածում՝ հանձնաժողովի առանձին անդամների հարցերին, երրորդ մասում արդեն անդրադարձավ ընդդիմության արձագանքներին, որը նախապես ի մի էր բերել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նիստն այս անգամ էլ ուղիղ հեռարձակվեց։ Հետո հանդիպումը շարունակվեց փակ ռեժիմով, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխաներ գաղտնիություն պարունակող հարցերին։

Պատերազմի «կոնվեեր»

«Այո, ես չեմ կարողացել կանգնեցնել պատերազմը»,- հայտարարեց վարչապետն ու հավելեց, թե մինչ պատերազմը, երբ ծանոթացել է բանակցային ողջ իրողություններին, հասկացել է, որ այն դեպի պատերազմ տանող «կոնվեեր» է։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը, այնուամենայնիվ, հարցրեց, վարչապետը չի՞ կարծում, որ պատերազմն անհնար էր կանգնեցնել, քանի որ տարածաշրջանային խաղացողներին դա պետք էր։ «Դա իրենց շահերին հասնելու լավագույն միջոցն էր։ Ադրբեջանին ու Թուրքիային պետք էր, Ռուսաստանին՝ նույնպես, որ Արցախում զորք ունենա և իր դիրքերն ամրապնդի։ Ներքին ուժերին նույնպես պետք էր, որ Արցախի հարցը լուծվի, հողերը վերադարձվեն, և դա իրենց ձեռքով չլինի, ինչն էլ անխուսափելիորեն կբերեր իշխանափոխության։ Եվ այս ուժերի շահերի համընկման պարագայում չե՞ք կարծում, որ կոնվեերը կանգնեցնելն անհնար էր»,- հարցրեց պատգամավորը։ «Ոչ, չեմ կարծում։ Բայց մենք եթե չպիտի հրաժարվեինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից և գնայինք այդ ճանապարհով, հնարավոր կլիներ խուսափել։ Բայց դա էլ չէր երաշխավորում պատերազմից խուսափելը, քանի որ կային այլ հարցեր՝ Լաչինի միջանցքի ճշգրտումները, այսպես կոչված՝ հայ-ադրբեջանական համայնքների ներգրման հարցը և այլն»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Նա կրկին խոսեց Մեղրիի փոխանակման ծրագրից և ներկայացրեց մի հրապարակում, որի համաձայն նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2000թ․ ապրիլի 25-ին Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպմանը ոչ պաշտոնական ելույթի ժամանակ ասել է, թե Մեղրին տրվում է Ադրբեջանին, Ղարաբաղը Լաչինի հետ՝ Հայաստանին:

Անդրադառնալով արդեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությանը, թե Մեղրին Ղարաբաղով փոխանակելու տարբերակ չի քննարկվել, Փաշինյանն ասաց, որ այդ մասին բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվել։ Անգամ Քոչարյանն ինքն է խոստովանել։

Բանակին՝ փող, զենք և կոչումներ

Փաշինյանն ասաց, որ մինչև պատերազմը առաջնորդվել է բանակին «ոչ» չասելու սկզբունքով։ Եվ այդպես 2018-2020թթ․ սպառազինության համար ծախսվել է շուրջ 600 մլրդ դրամ՝ դրան նախորդող տասը տարիների 350 մլրդ դրամի փոխարեն։ «Ես բանակի առջեւ դրել եմ խնդիր՝ ասեք, թե ձեզ ինչ է պետք և դա կունենաք: Մինչև 2020-ի պատերազմի վերջը նույն սկզբունքով եմ առաջնորդվել՝ կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք»,- ասաց նա։

Վարչապետը հերքեց ընդդիմության այն մեղադրանքները, թե ռազմական գնումների պլանից դուրս են մնացել ՀՕՊ համակարգերը։ Հակառակը, սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանով եղել են «ՏՈՌ» համակարգեր, որոնք ձեռք են բերվել։ Գնվել են նաև ՕՍԱ-ՕԿԱ համակարգեր, որի համար նույնպես քննադատություններ են հնչել։ Նրա ներկայացմամբ, սակայն, 2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ Ադրբեջանի կիրառած՝ իսրայելական արտադրության «Հերմես» անօդաչուն խոցվել է հենց այդ համակարգով: Նա նաև շեշտեց, որ եղել են զինատեսակներ, որոնց օգտագործման իրավունքն ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել: Իսկ դա եղել է «Իսկանդե՞րը», Ռուսատա՞նը թույլ չի տվել այն ամբողջությամբ կիրառել․ այս հարցերին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կպատասխանի փակ նիստում։

Պատերազմի հավանականությունը գնահատվում էր 30 տոկոս

ԱԱԾ-ն պատերազմի հավանականության մասին բազմաթիվ զեկուցագրեր է ներկայացրել և տեղեկացրել, որ ամեն անգամ բանակը բերվել է համապատասխան պատրաստականության։ Անգամ պատերազմի հնարավոր ժամկետներ են նշվել։ «Ինձ զեկուցվել է, որ պատերազմի մեկնարկի հավանականությունը 30 տոկոս է, և որ դա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնանք անհամաչափ զիջումների»,- ասաց Փաշինյանը, բայց հավելեց, որ դա սովորականի նման մի բան էր դարձնում այդ զեկուցագրերը։

Նրա ներկայացմամբ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաներն էլ փոխանցել են, որ պատերազմի հավանականությունը ցածր է, և հորդորել են սադրիչ գործողություններ չանել։

Մինչև պատերազմը՝ Փաշինյանը Գլխավոր շտաբից փորձել է պարզել, թե ինչպիսին է մեր բանակի մարտունակությունը, և պատերազմի դեպքում կկարողանա՞ն դիմանալ։ Պատասխանել են՝ հեշտ չի լինի, բայց բանակը կկարողանա դիմակայել։ Այնուհետև հիշեց 2020թ․ հուլիսի վերջին Տավուշում տեղի ունեցած դեպքերը, երբ հայկական կողմն ունեցավ դիրքային բարելավում՝ մարտերի ժամանակ չտալով որևէ զոհ։ Հենց այդ ժամանակ է խոցվել իսրայելական «Հերմեսը», ինչը, նրա ներկայացմամբ, միջազգային «սենսացիա» էր։ «Եվ այդ ամենը տվեց վստահություն, որ բարեփոխումների ճիշտ ճանապարհի վրա ենք»,- հավելեց վարչապետը։

Այնուամենայնիվ, Փաշինյանն ասաց, թե բոլորը գիտեին, որ պատերազմի հավանականությունը մեծ է, խնդիրը կոնկրետ օրվա և տեղի մեջ էր։ Նա նորից անդրադարձավ խնդրին, թե ինչ միջոցներով էր հնարավոր կանխել պատերազմը։ Առաջինը դիվանագիտական ճկունությունն է, բայց այն 2016թ․ բերել էր քառօրյա պատերազմի։ Երկրորդը զիջումներն են։ Նորից հիշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, թե 7 շրջաններից դուրս ենք գալիս, բայց դա Ադրբեջանին բավարար չէ: «Այսինքն, մի կողմից մեզնից պահանջվում են անհամաչափ զիջումներ, մյուս կողմից՝ բանակն ասում է՝ դժվար կլինի, բայց մենք խնդիրը կլուծենք: Հետո տեղի են ունենում հուլիսյան մարտերը, որտեղ մեր բանակը ֆանտաստիկ դիմակայություն է ցույց տալիս՝ առանց զոհերի։ Դրանից հետո ինչի՞ հիման վրա պետք է քաղաքական ղեկավարությունն ասի՝ ժողովուրդ ջան, մենք անհամաչափ զիջումների պետք է գնանք»,-հարցնում է Փաշինյանը։

Ինչպե՞ս սկսվեց պատերազմը

2020թ․ սեպտեմբերի 25-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետին զեկուցել է, որ ռադիոկլանիչ համակարգով լսել են Գյանջայում տեղակայված Ֆ-16 ինքնաթիռների օդաչուների խոսակցությունը, թե «վաղը կարևոր գործողություն պետք է անեն», բայց հստակ չի եղել, թե խոսքն ինչի մասին է։ Գասպարյանը նաև ասել է, որ այս տեղեկությունները ստանալուց հետո ինքն «ինտուցիայով նախապատրաստական բոլոր աշխատանքներն արել է։

«44-օրյայի առաջին տեղեկությունն այնն էր, որ ինչ-որ խումբ է ներթափանցել, բայց գտնել չի հաջողվում։ Հետո՝ երկրորդ, երրորդ, չորրորդ խումբը։ Այսինքն, շարժը փոքր խմբերով էր լինում»,- հիշում է Փաշինյանը։

Գնահատելով ՀՀ բանակի մարտավարությունը՝ նա ասում է՝ պատերազմի ժամանակ մեր ամենամեծ խնդիրը շարժվելու մեթոդներն էին։ Մեր զինվորները տեղափոխվում էին մեծ խմբերով ու մեծ մեքենաներով, ինչը նրանց ավելի խոցելի էր դարձնում։ Տեղեկություն ունեի, որ շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտերի, այլ տեղաշարժվելու ժամանակ։

Այնուամենայնիվ, մինչև հոկտեմբերի 4-ը անգամ ռուսներն են հիացած եղել մեր բանակի մարտունակությամբ, մինչ այդ Ադրբեջանը հաջողություններ չի ունեցել։ Բայց հետո կարողացել է ճեղքել 9-րդ պաշտպանական բանակը, դա հարավային հատվածն էր։

Անդրադառնալով արդեն պատերազմի ժամանակ բանակում և կառավարման համակարգում տիրող իրավիճակին՝ նորից է կրկնում, որ բազմիցս անհամապատասխանություններ են եղել Արցախի նախագահի և ՀՀ ԳՇ ղեկավարության հաղորդած տեղեկություններում։ «Եզրահանգման եկե՞լ եք, թե ինչն էր շեղված տեղեկությունների պատճառը»,- հարցրեց Արմեն Խաչատրյանը։ «Պատճառները շատ խորն են, դռնփակ նիստում կասեմ»,- պատասխանեց վարչապետը։

Հավելեց, որ պատերազմի ժամանակ իր ամենամեծ հիասթափությունը դասալիքների մեծ քանակն է եղել։ Այս պահին 12․600 անձ անցնում է նման մեղադրական գործերով, բայց վարչապետն ասաց, որ կարող է նաև հերոսության բազմաթիվ դրվագներ հիշել։

Ի՞նչ էին անում Աննան և Աշոտը

Անդրադառնալով քննարկումներին, թե ինչ էր անում իր կինը ԼՂ ՊԲ բունկերում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի սկզբում նա իր կամքով է մեկնել Արցախ՝ գուցե ինչ-որ հարցերում օգտակար լինելու մտադրությամբ։ Իսկ բունկերում ընդամենը 10-15 րոպեով է եղել՝ որպես քաղաքավարական այց։

Բունկերում Աննա Հակոբյանի գտնվելու մասին առաջինը բարձրաձայնել էր ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Փաշինյանը հակադարձեց՝ Մ․Հակոբյանն ինքը՝ ի պաշտոնե, այնտեղ լինելու իրավունք ունե՞ր։ Եվ հավելեց, որ հենց նա է տվել 7-րդ պաշտպանական բանակը էվակուացնելու «ռեկոմենդացիան», թե կընկնի շրջափակման մեջ։ Մինչդեռ ինքը դա կանխել է։ Իր զանգից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է այդ վայրը և տեսել, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Եվ դրա շնորհիվ այդ հատվածն այսօր Արցախի վերահսկողության տակ է, իսկ Մովսես Հակոբյանի նկատմամբ քրեական գործ կա հարուցված։

Առիթից օգտվելով՝ Անդրանիկ Քոչարյանը Մովսես Հակոբյանին հրապարակավ հրավիրեց քննիչ հանձնաժողով՝ այդ հարցի մասին տեղեկություններ հաղորդելու։

Վարչապետը, շարունակելով պատերազմի ժամանակ ընտանիքի անդամներին վերաբերող թեման՝ ասաց, որ մինչև նոյեմբերի 9-ը չի փորձել տեղեկանալ, թե որտեղ է կռվել իր որդին․ «Աշոտը 9-րդ պաշտպանական բանակում էր, բավականին բարձր ռիսկային գոտում է գտնվել։ Առաջին անգամ հետաքրքրվել եմ նոյեմբերի 9-ից հետո, երբ արդեն տան էր, այն բանից հետո, երբ ասում էին՝ ձևական է եղել ձեր որդու գնալը։ Այդ ժամանակ եմ իմացել, որ հետախուզական խմբում է եղել, ջոկի հրամանատար էր։ Ինչ-որ առաջադրանք կատարելիս՝ հրետակոծության տակ են եղել, ընկերը զոհվել է։ Այդ գնդից 21 անձ է զոհվել»։

Մեղավոր է

«Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում»,- հայտարարեց Փաշինյանը՝ արձագանքելով «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի դիտարկմանը, թե բոլորին մեղադրեցիք, բացի ձեզանից։

Այնուամենայնիվ, ո՞րն է Փաշինյանի մեղքը։ Ասում է՝ քաղաքական, բարոյական, հոգեբանական, մարդկային մակարդակներում իրեն մեղավոր է համարում, բայց երբ սկսում է ձևակերպել իր մեղադրական եզրակացությունը, փակուղի է մտնում․ «Գալիս և ԱԺ-ում ինձ ասում են, որ Կովսականը տվեցիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր։ Հետո բացում և տեսնում եմ, որ Կովսական չէ, Զանգելան է։ Հարգելի գործընկերներ, ձեր խնդիրն այն է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել։ Նույն քաղաքական ուժն ինձ ասում է՝ հանձնեցիր-չհանձնեցիր, կռվեցիր-չկռվեցիր, համաձայնվեցիր-չհամաձայնվեցիր։ Պետք է կողմնորոշվել»,- հայտարարեց Փաշինյանը և հավելեց, որ իր մեղադրականը ձևակերպելու հարցում ակնկալում է ընդդիմության օգնությունը։