Ազգային ժողովի 6-րդ գումարում, 2-րդ նստաշրջան

սեպտեմբերի 11, 2017

Չկար նախկին էնտուզիազմը

6-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը օրակարգային հարցերի քննարկմանն անցավ շատ արագ: Եթե նախորդ գումարումներում օրակարգի հաստատումը ձգվում էր մինչև մեկ ժամ, հարցեր ու ելույթներ էին հնչում, կրքեր բորբոքվում, ապա նոր նստաշրջանի մեկնարկին օրակարգի հաստատման համար պահանջվեց ընդամենը 10 րոպե: Նախօրեին անցկացված նիստում խորհրդարանական ԱԺ նորաստեղծ մարմինը՝ խորհուրդը որոշել էր, որ սեպտեմբերի 11-ին մեկնարկող 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 30 հարց, 9 միջազգային համաձայնագիր, սահմանել էր հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և մի շարք հարցերի քննարկման տևողությունը: Առաջին հարցը, որի քննարկմամբ խորհրդարանը սկսեց աշխատանքը, Հայաստանի և Մոլդովայի միջև միջազգային համաձայնագիրն էր՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին:

Խնայում են՝ թղթից սկսած

Ազգային ժողովում ղեկավարություն ըորոշել է խնայել A4 ֆորմատի թղթերը, ինչը կստիպի, որ պատգամավորները ավելի հաճախ օգտվեն իրենց սեղաններին դրված համակարգիչներից: Օրենքների նախագծերին նրանք այսուհետ կարող են ծանոթանալ էլեկտրոնային տարբերակով, նախապես տպված նախագծեր նրանց չեն բաժանվի: Այս մասին Ելքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին ի պատասխան հայտնեց Ազգային ժողովի նախագահ ԱրաԲաբլոյանը:

6-րդ գումարման նորեկները

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար ԳագիկԾառուկյանը, մի ամբողջ գումարում նիստերից բացակայելուց հետո սեպտեմբերի 11-ին եկել էր Ազգային ժողով: Դահլիճում Ծառուկյանը մնաց հազիվ 30 րոպե, 10 րոպե էլ զրուցեց լրագրողների հետ: Ասաց, որ չէր գալիս զբաղվածության պատճառով: Նաև անկեղծացավ՝ պարտադիր չէ 8 ժամ գալ ու նստել դահլիճում, կարևորը արդյունքն է:
Այս գումարման ընթացքում առաջին անգամ էր խորհրդարան եկել նաև Իշխան Զաքարյանը՝ դարձյալ «Ծառուկյան» խմբակցությունից: Նա, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, մեկուսացել էր քաղաքական կյանքից՝ Ծառուկյանի հետ ունեցած հակասությունների պատճառով: «Հակասություններ երբեք չեմ ունեցել»,-վստահեցրեց Ծառուկյանի հետ խորհրդարան եկած Իշխան Զաքարյանը:

«Ծառուկյանը էնքան քաղաքական փորձ ունի» 

«Ինչպե՞ս է «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը գնահատում երկրի վարչապետի 1-ամյա գործունեությունը». հարցի պատասխանից պարզ դարձավ, որ Ծառուկյանը Կարեն Կարապետյանին ընկալում է ոչ թե որպես երկրի վարչապետ, այլ որպես ընկեր: «Ընկերը ընկերոջ մասին կարծիք ասելը կոռեկտ չեմ համարում», -ասաց Ծառուկյանը:

Նստաշրջանի առաջին օրը Ծառուկյանը պատրաստակամ էր պատասխանել լրագրողների բոլոր հարցերին. ասաց, որ ինքը դրա համար անհրաժեշտ քաղաքական փորձառություն ունի: Ներքաղաքական առանցքային հարցերին՝ վարչապետի թեկնածուի և ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ, կոնկրետ պատասխաններ չտվեց. հիշեցրեց, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, պայմանավորվա ծընտրությունների արդյունքներով, ՀՀԿ-ինն է, իսկ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չբացառեց: Ասաց՝ կյանքում ոչինչ չի բացառում:

Հայ-իրանական դարպասից մինչև միգրացիոն խնդիրներ

2-րդ նստաշրջանի առաջին քառօրյայի առաջին օրվա ընթացքում խորհրդարանը հասցրեց քննարկել 11 հարց՝ հիմնականում միջազգային պայմանագրեր, որոնք փոփոխված կանոնակարգով արդեն խորհրդարան են գալիս օրենքի նախագծի կարգավիճակով: Դրանց քննարկումով նախկինում ԱԺ-ն սովորաբար ավարտում էր աշխատանքը: Համաձայնագրերից մեկով, օրինակ, նախատեսվում է առանց վիզայի ռեժիմ սահմանել Հայաստանի և Մոլդովայի միջև. երկու երկրների քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ գտնվել մյուս կողմի տարածքում՝ 90 օրը չգերազանցող ժամկետով:

Մեկ այլ համաձայնագրով կառավարությունն առաջարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին Հայաստանում տալ դիվանագիտական կարգավիճակ՝ դրանից բխող արտոնություններով ու անձեռնմխելիություններով:

Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է նաև վավերացնել «Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը: ՊԵԿ-ի ներկայացուցիչն ասում է՝ նպատակը մաքսային անցակետերում ծառայություններն ավելի մատչելի դարձնել է,  հայ-իրանական  առևտուրը խթանելը: