Փաշինյանը հեղափոխություն է խոստանում, Մարուքյանը պնդում է՝ անհնար է

ապրիլի 5, 2018

Փաշինյանն անում է «իր քայլը»

«Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների արանքով սև կատու է անցել. «14+4» գործողությունների շրջանակում մարզերում քայլարշավի ելած Նիկոլ Փաշինյանը և Երևանում ԱԺ աշխատանքներին մասնակցող Էդմոն Մարուքյանը հեռակա բանավեճի մեջ են:

Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» անունն ստացած քայլարշավը սկսվել է մարտի 31-ին, Գյումրիից:  Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ իրենք շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ ապրիլի 13-ին կազմակերպելու են մեծ հանրահավաք: Դրանից հետո նրանց  գործողությունները  կշարունակվեն մինչև ապրիլի 17-ը: «Մենք համոզված ենք, որ եթե Հայաստանի տասնյակ, հարյուր-հազարավոր քաղաքացիներ իրենց կամարտահայտության հնարավորությունից օգտվեն Ազատության հրապարակում, մեզ կհաջողվի կասեցնել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետը», -ապրիլի 3-ի ասուլիսում հայտարարել է Փաշինյանը: Նա, սակայն, հստակ չի ասել, թե ինչ է գործողություններ են սպասվում Երևանում. «Մենք կգնահատենք իրավիճակը և ըստ այդմ կծրագրենք մեր անելիքները: Իրավիճակի գնահատականը լինելու է մարդկանց մասնակցության չափը: Մենք այդ չորս օրերին քաղաքացիական անհնազանդության տրամաբանության մեջ մտնող գործողություններ կանենք և, կախված քաղաքացիների ներկայությունից, կընտրենք տարբերակներից որևէ մեկը»:

Փաշինյանը չի թաքցրել և ասել է, որ իրենց գործիքակազմի մեջ մտնում է նաև փողոցների, շենքերի շրջափակումը, բայց առանց բռնությունների: «Առանց որևէ բռնության մենք կփորձենք հաղթահարել մեր դեմ հարուցված բոլոր խոչընդոտները: Սա արշավ է ընդդեմ հուսահատության, այսինքն՝ մենք հարթակ ենք ստեղծում՝ հուսահատությունը հաղթահարելու համար», -ասել է Փաշինյանը:

Մարուքյանն արձագանքում է մամուլով

Փաշինյանի ծրագրերին, նպատակներին նրա դաշինքային գործընկեր, «Լուսավոր Հայաստան»-կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արձագանքել է «Առավոտ»-ում հրապարակած ծավալուն հոդվածով:
«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, ԻՀԱՐԿԵ՝ ՈՉ: Պարզապես մենք ելնում ենք այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն ի սկզբանե պարտված է՝ թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն», -իրենց դիրքորոշումն է ներկայացրել Մարուքյանը:

Նա նաև նշել է, որ խաղը պարտվելու դեպքում ի հայտ են գալու հուսահատված քաղաքացիներ, որոնց շատ դժվար կլինի բացատրել, թե ինչու խոստացված հեղափոխությունը չեղավ:

«Մենք անկեղծ ենք մեր գործընկերների և մեր քաղաքացիների հետ: Մենք մեր քաղաքական վերլուծություններում, մեր ռեսուրսների հաշվարկում եկել ենք այն եզրահանգման, որ կարող ենք մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձևավորելու, իսկ հետո նրանց բացատրելու, թե ինչու չստացվեց այն, ինչին ինքներս էլ չէինք հավատում։ Չարդարացված հույսերն ավելի են խորացնում հուսահատության ճահիճը, որի դեմ պայքարելու խոստում է տվել «Ելք» դաշինքը», -գրել է Մարուքյանը:

Փաշինյանը պատասխանում է ասուլիսով

Փաշինյանն անպատասխան չէր թողել Մարուքյանի դիտարկումները և հորդորել էր գործընկերոջը քիչ կենտրոնանալ Սերժ Սարգսյանի ցանկությունների վրա և ավելի շատ ուշադրություն դարձնել «հասարակակական պահանջ ձևավորելու և հասարակությունից հնչող ակնկալիքների վրա»:

Մարուքյանն իր հոդվածում առաջարկում էր խորհրդարանական աշխատանքի շրջանակներում վերահսկել իշխանության գործունեությունը ու սահմանափակել իշխանությունների անսահմանափակ լիազորությունները: Ըստ նրա՝ դա է իրատեսական: «Մենք պետք է իշխանություններին առաջադրենք պայմաններ, որոնց համաձայն՝ «ԵԼՔ» դաշինքին, որպես խորհրդարանական ընդդիմության, և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող շերտերին պետք է տեղեր տրվեն երկրում առկա և փոփոխված սահմանադրությամբ ստեղծված բոլոր վերահսկիչ և անկախ կառույցներում, փոխզսպման և հավասարակշռման գործառույթ իրականացնող մարմիններում, որոնց վրա դրված չէ գործադիր իշխանության որևէ լիազորություն»:

Մարուքյանի այս առաջարկին ևս Փաշինյանը արձագանքել էր. «Այն ճանապարհը, որը գծագրված էր պարոն Մարուքյանի հոդվածում, այդ ճանապարհը նույնպես տրորված է, և տրորված է մի քանի անգամ և տրորվել է մասնավորապես, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից»:

Փաշինյանը, սակայն, հիշեցրել էր «Ելք»-ում ավելի վաղ կայացած այն համաձայնությունը, որ դաշինքի մյուս ուժերը կաջակցեն իրենց, եթե Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվեն. «Ես հույս ունեմ, որ պարոն Մարուքյանի այս հոդվածը հրաժարում չէ այդ տեսակետից ու դիրքորոշումից»,-հավելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար: