Հավաքների ազատության սահմանափակո՞ւմ, թե՞ համապատասխանեցում Սահմանադրությանը

սեպտեմբերի 13, 2017

Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ին առաջին ընթերցմամբ, ձայների 68 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին կոալիցիոն Հանրապետականն ու Դաշնակցությունը, նաև՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: «Ծառուկյան» դաշինքը նախագծին դեմ քվեարկեց: Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ փոփոխության նպատակը օրենքը 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրությանը, ավելի կոնկրետ՝ Սահմանադրության 44-րդ հոդվածին համապատասխանեցնելն է:

Իշխանությունը նոր մարտի 1-ի է նախապատրաստվո՞ւմ

Առաջարկվում է վերձևակերպել օրենքի այն դրույթը, որը սահմանում է, թե որ դեպքերում պետք է սահմանափակել հավաքների ազատությունը: «Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»,- նշված է հոդվածում: Մինչդեռ գործող օրենքի նույն՝ 5-րդ հոդվածի 1-ին մասն ավարտվում է հետևյալ ձևակերպմամբ. «Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների աշտպանությունը գերակայում է հավաքի ազատության նկատմամբ»։

«Ելք» խմբակցության պատգամավորները կարծում էին, որ «գերակայում է» ձևակերպումը հանելով՝ ողջ հոդվածի փիլիսոփայությունն է փոխվել: Ավելին՝ սահմանափակվել է հանրահավաքների կազմակերպման իրավունքը: «Ես կարծում եմ, որ այստեղ գործ ունենք այն դեպքի հետ, երբ Սահմանադրության անվան տակ ինչ ասես սղցնում են: Ըստ էության, մենք հիմա վերադառնում ենք նույն իրավիճակին, որն առկա էր 2008թ. մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ դուք պատրաստվում եք մոտավորապես նույն քաղաքական իրադրությունների»,- հարցրեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշնյանը:

Նույն խմբակցությունից Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ Սահմանադրության 44-րդ հոդվածն ուղակիորեն արտացոլում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթը: Պատգամավորի խոսքով, սակայն, թե կոնվենցիան, թե Սահմանադրությունը կարող են սահմանել իրավունքների նվազագույն չափանիշները, մինչդեռ օրենքը կարող է ավելի լայն ձևակերպումներ կամ շրջանակներ ներկայացնել: «Այս առումով համապատասխանեցնելու կարիք չկա, այն չի էլ հակասում Սահմանադրությանը: Կարծում եմ, որ մենք կարող ենք այդ հոդվածը թողնել նույնը, և այն չի հակասի Սահմանադրությանը»,- նշեց Մարուքյանը:

«Ելք»-ի պատգամավորներից Արտակ Զեյնալյանն էլ հարկ համարեց հիշեցնել, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ-ի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացված տասնյակ վճիռներ ճանաչել են այդ իրադարձություններում խաղաղ հավաքների իրավունքի խախտումը:

«Ծառուկյան» խմբակցությունից այդ փոփոխությունների նկատմամբ դիտողություններ ներկայացրեց միայն պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա հետաքրքրվեց, թե ինչ է ենթադրում օրենքի 8-րդ հոդվածի «դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերեն» սահմանումը: Ա.Հովհաննիսյանը բացատրեց, որ չեզոքություն ասելով՝ կառավարությունը նկատի է ունեցել այն, որ այդ ծառայողները կարող են հավաքներին մասնակցել, բայց ոչ ծառայողական համազգեստով: «Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք մասնակցում հանրահավաքին: Արդյոք դա չի նշանակում, որ այդ ծառայողները հավաքին մասնացելու են լրտեսելու նպատակով»,- տարակուսեց Ս.Բագրատյանը:

Կառավարությունը խոստացավ փոխել

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն իր մեկնաբանություններում մի քանի անգամ կրկնեց, որ ներկայացված նախագիծը ունի միայն «Հավաքների ազատության մասին» օրենքը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակ: «Չեմ գտնում, որ նախագիծն ինչ-որ հակառակ էֆեկտ է ունենալու, որ մենք նվազեցնելու ենք հավաքների կազմակերպման իրավունքը: Պարզապես Սահմանադրության նախատեսած սահմանափակման ամբողջ ծավալը պետք է արտացոլված լինի օրենքում: Այս փոփոխության մեջ որևէ թաքնված միտում չկա»,- հավատացրեց փոխնախարարը:
Նաև հավելեց, որ նախագծի երկրորդ ընթերցման տարբերակում կփորձեն հավելյալ այնպիսի փոփոխություններ ներառել, որ պատգամավորների մտահոգությունները փարատվեն:

«Ելքը»-ը փոշմանեց

Քվեարկության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ելքը» կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ իշխանության ներկայացուցիչները փարատել են իրենց մտահոգությունները: «Մենք լուրջ մտահոգություններ, բայց երեկ և հիմնական, և հարակից զեկուցողները պաշտոնապես հայտարարեցին, որ մտահոգող փոփոխությունները կատարվելու են, այսինքն առնվազն գործող օրենքի դրույթը մնալու է: Ուստի մենք կարծում ենք, որ կողմ ենք քվեարկելու, որովհետև արդեն համարում ենք կայացած փաստ»,- հայտարարեց նա:

Իսկ «Ծառուկյան» խմբակցությունը մնաց նույն կարծիքին: «Օրենքում առաջարկվող լրացումներում և փոփոխություններում մեզ համար անընդունելի մոտեցումներ կան, և այս տարբերակին մենք դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Կոալիցիոն «Դաշնակցություն» խմբակցությունն իր դիրքորոշումը միայն կողմ քվեարկելով արտահայտեց, ելույթներ կամ կարծիքներ չեղան: