Անհնազանդության գործողություններ Երևանում

ապրիլի 16, 2018

Նախաձեռնողը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է

Ապրիլի 13-ին քայլարշավով Երևան հասած Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած առաջին հանրահավաքը Ազատության հրապարակում էր: Այսպես մեկնարկեց նրա հայտարարած «14+4» շարժման երկրորդ փուլը՝ հանրահավաքների 4 օր՝ Երևանում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը կանխելու նպատակով Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի մարզերով քայլարշավ էր սկսել՝ բնակիչներին հորդորելով անել իրենց քայլը: Քայլարշավը կոչվում էր «Իմ քայլը»: Փաշինյանը անցել է հանրապետության հինգ խոշոր քաղաքներով՝ Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան: Վերջնակետը Ազգային ժողովն է. ապրիլի 17-ին, երբ Ազգային ժողովում տեղի կունենա վարչապետի ընտրությունը, Սերժ Սարգսյանի դեմ պայքարողները նախտեսում են շրջապատել խորհրդարանի շենքը, որպեսզի ՀՀԿ-ական պատգամավորներին թույլ չտան ներս մտնել:

Օր առաջին. նախ՝ ԵՊՀ

Մայրաքաղաքում, մինչ Ազատության հրապարակ հասնելը, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման կողմնակիցները, շրջանցելով մայր բուհի անվտանգության ծառայության աշխատակցի արգելքը, մտան Երևանի պետական համալսարան: Ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ զրուցել Փաշինյանին չհաջողվեց: ԵՊՀ շենքում շարժման մասնակիցները ուսանողներին դասադուլի կոչ արեցին և հորդորեցին միանալ իրենց շուրջօրյա հանրահավաքներին: Օրը շարունակվեց Ազատության հրապարակում՝ հանրահավաքով. Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միացան «Մերժիր Սերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները:

«Ես ուզում եմ Ազատության հրապարակի այս հարթակից համերաշխության ձեռք մեկնել ՀՀ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, բոլոր նրանց, ովքեր պայքար են մղել երբևէ Սերժ Սարգսյանի և նրա ապօրինի իշխանության դեմ: Սիրելի՛ գործընկերներ, մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, շատ վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք նաև իրար, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հանուն մեր ժողովրդի ի վերջո միավորվենք Ազատության հրապարակում և ներենք իրար ամեն ինչի համար»,- հանրահավաքի իր ծավալուն ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա հատուկ դիմեց «Ելք» խմբակցության իր գործընկերներ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին. ապրիլի 16-ի դրությամբ նրանք կոչին չէին արձագանքել: Նիկոլ Փաշինյանին ու պայքարի մասնակիցներին զորակցություն հայտնեցին Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ, «Նոր ժամանակներ», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախագահներ, ԱԻՄ նախագահներ Արամ Կարապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Պարույր Հայրիկյանը:

Գիշերը ցուցարարները անցկացրեցին Ֆրանսիայի հրապարակում: Հրապարակը նրանք գրավել էին հանրահավաքից հետո: Հրապարակում վրաններ տեղադրեցին՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց ֊ Սայաթ Նովա ֊ Բաղրամյան փողոցների հատման հատվածում:

Օր երկրոդ՝ մտան Հանրային ռադիո, ՀՀԿ-ն Ծաղկաձորում էր

Ապրիլի 14-ին ՀՀԿ-ն խորհրդի նիստում պետք է հաստատեր վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու ԳՄ որոշումը: Նիստն այս անգամ Մելիք Ադամյանի կենտրոնական գրասենյակի փոխարեն անցկացվեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարել էր, որ 14:30-ին ավտոերթով կշարժվեն դեպի Ծաղկաձոր, բայց մինչ դա հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն արդեն անցկացրել է նիստը, Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում ու հարյուրավոր կուսակիցների համար հյուրասիրություն կազմակերպել:

Սերժ Սարգսյանի դեմ պայքարողները որոշեցին մնալ Երևանում ու քայլարշավ սկսեցին Երևանում: Երթի ընթացքում նրանք, հայտարարելով, թե ՀՀԿ-ական են տեսել, վազքով շարժվեցին դեպի Հանրային ռադիո: Հաղթահարելով անվտանգության աշխատակիցների արգելքը՝ մտան շենք, բարձրացան ուղիղ եթերի ստուդիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը եթեր պահանջեց: Նա հրաժարվեց ՀՌ փոխտնօրեն Լիլիթ Թումանյանի՝ ավելի ուշ հաղորդումներից մեկին մասնակցելու առաջարկից: Ռադիոյի շենքից դուրս գալուց առաջ Փաշինյանը կարդավ ուղերձը, որը, սակայն, Հանրայինով չհեռարձակվեց:

Օրվա ավարտին հայտնի դարձավ, որ Դատախազությունը Ոստիկանությանը հանձնարարել է նյութեր պատրաստել ԵՊՀ-ում և Հանրային ռադիոյում դեպքերի առիթով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հավաքի մասնակիցները վնասել են ԵՊՀ-ի և ՀՌ-ի մուտքի դռներն ու մարմնական վնասվածք պատճառել անվտանգության աշխատակիցներին: Ինչպես նաև՝ խախտելով «Հավաքների ազատության մասին» օրենքով սահմանված հավաքի բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ իր պարտականությունը՝ խոչընդոտել են ԵՊՀ-ի ու ՀՌ-ի բնականոն գործունեությունը:

Անհնազանդության գործողություններ

Կիրակի երեկոյան հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկուշաբթի վաղ առավոտից անհնազանդության զանգվածային գործողություններ են սկսելու: Նա քաղաքացիներին կոչ արեց առավոտյան նախ արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյան կամուրջները։ Մեքենան փչանալու պատրվակով վթարայինները միացնել, դռները փակել ու ոտքով շարժվել Բաղրամյան պողոտա։ Իսկ ճանապարհին ում տեսնեն՝ ասեն, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում։ «Վաղը Երևանի մետրոպոլիտենը սկսում է աշխատել ու կանգնում է։ Ո՞նց է կանգնում, մարդիկ՝ ուղևորները չորս-հինգ հոգանոց խմբերով, երբ որ գնացքը կանգառում կանգնում է, դռները բացվում են, դռների մեջ պառկում են, եթե դռները չեն փակվում, գնացքը չի գնում։ Մարդիկ քայլելով գալիս են Բաղրամյան պողոտա և ում տեսնում են՝ ասում են, որ ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մոտ։ Մետրոյում կփորձեն բերման ենթարկել, սակայն իրենց ուժերը չեն բավարարի, հավելյալ ուժեր պետք է կանչեն, եթե փողոցները փակ լինեն, ոստիկանները չեն կարող մոտենալ»,-Նիկոլ Փաշինյանը բացահայտում էր անհնազանդության գործողությունների ծրագիրը:

Ապրիլի 16-ին, 14. 30-ի դրությամբ, շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում էին: Ժամը 8-ից, քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ փակելով՝ նրանք կաթվածահար էին արել երթևեկությունը մայրաքաղաքի կենտրոնում, փակել էին փողոցներ, խցանումներ առաջացրել: 5-6 ժամ տևած գործողության ավարտին Նիկոլ Փաշինյանն ու շարժման մասնակիցները վերադարձան հրապարակ, նրանց հետ՝ հազարավոր մարդիկ: