Ապրիլի 16. պատրաստվում են երկրորդ փորձին

ապրիլի 16, 2018

Փողոցներ փակելուց հետո Ֆրանսիայի հրապարակում անցկացված հանրահավաքը կարճ տևեց: «Դուք հզոր եք». մի քանի անգամ իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հետո զարմանքով հայտնեց, թե ուզել է գնալ իր աշխատավայր՝ Ազգային ժողով, բայց ոստիկանները իրեն դա թույլ չեն տվել: Ասաց, որ նույնը փորձելու է անել իր պատգամավոր գործընկերների և ժողովրդի հետ միասին: Պատգամավորներ Լենա Նազարյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի հետ միասին , պատգամավորական վկայականնները բաց պահած, բազմահազարանոց ժողովուրդը՝ հետևից, Նիկոլ Փաշինյանը շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա: Պողոտայի սկզբնամասում ոստիկանների հոծ շարքեր էին: Փոխոստիկանապետ Աշոտ Օսիպյանը պատգամավորներին Ազգային ժողովի շենք հասցնելու պատրաստակամություն հայտնեց, բայց Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը պետք է անցնի ժողովրդի հետ միասին, քանի որ նրանք «իր մոտ ընդունելության եկած քաղաքացիներ են»:

Պատգամավորին ու փոխոստիկանպետին փոխհամաձայնության գալ չհաջողվեց, ինչին հետևեց ցուցարարների շարժը: Կարճատև դիմադրության արդյունքում ոստիկանությունը տեղի տվեց, բայց նրանց պատնեշը հաղթահարելուց հետո շարժման մասնակիցները հանդիպեցին երկաթե փշալարերի: Ժողովուրդը մոտեցավ փշալարերին, Նիկոլ Փաշինյանը փորձեց անցնել դրանց վրայով: Որպես ելք իրավիճակից՝ ոստիկանությունը հավաքվածների մեջ ձայնային նռնակներ նետեց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 46 քաղաքացի, նրանցից 6-ը՝ ոստիկան, միջադեպի հետևանքով դիմել են բուժհաստատություններ: Բուժհաստատությունում էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ նռնակի պայթյունից այտուցված աչքով, փշալարերից վնասված ձեռքերով:

Փաշինյանը վերադառնում է

Հիվանդանոցից դարձյալ հրապարակ վերադարձած Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ելք»-ի անդամները. «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը, «Հանրապետություն»-ից»՝ Արամ Սարգսյանը: Նրանք ողջագուրվեցին Փաշինյանի հետ ու շտապեցին լրագրողներին տեղեկացնել, որ իրենք եկել են ընդամենը հաստատելու, որ դեմ են բռնությանը ու չեն պատրատվում միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: «Մեր մնացած բոլոր տեքստերը ուժի մեջ են»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Քրեական գործ հարուցվեց

2 օրվա ընթացքում իրավապահ մարմինները 2 անգամ հայտարարություն տարածեցին շարժման մասնակիցների գործողությունների առիթով քրեական գործ հարուցելու հնարավորության մասին, 3-րդ հայտարարությամբ արդեն Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ քրգործը հարուցվել է: Հայտարարության մեջ, ԵՊՀ-ի և Հանրային ռադիոյի դեպքերին անդրադարձից հետո, ասվում է. «Ապրիլի 16-ին առավոտվանից շարունակելով հակաօրինական գործողությունների իրականացումը՝ հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները: …Վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական և մասնավոր գույքը՝ բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը»:

Նշված փաստերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ), 225.1 հոդվածի 1-ին մասով: Դրանց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Քրգործերի հարուցումը, սակայն, չփոխեց Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ծրագրերը: Ապրիլի 16-ի ժամը 19-ին հրավիրված հանրահավաքում նա դարձյալ ներկայացրեց իրենց գործողությունների ծրագիրը: Այս անգամ նախատեսում են փակել ԱԺ-ի շենք բերող փողոցները ու որոշել են այս գործը սկսել գիշերվա ընթացքում, լույսը չբացված: