«Իմ քայլից»-ից մինչև թավշյա հեղափոխություն

ապրիլի 17, 2018

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ պայքարը, որ Նիկոլ Փաշինյանն սկսել էր «Իմ քայլը» շարժումով, դարձավ քայլք՝ անկանխատեսելի ուղղություններով: Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը այդպես էլ հայտարարեց. «Քայլում ենք ամենաանկանխատեսելի ուղղություններով՝ առանց նախապես ասելու, թե որ փողոցներով ենք շարժվելու»: Այդ նույն րոպեներին Ազգային ժողովում մեկնարկում էր վարչապետի ընտրության նիստը, բայց Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «այն, ինչ կատարվում է այդ շենքում, չպիտի նշանակություն ունենա»: «Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ ինքը չունի կառավարելու Հայաստան»,-ասաց ԱԺ պատգամավորը՝ հայտարարելով, որ սկսվում է ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխություն:

Հեղափոխությունը ցուցարարները սկսեցին քաղաքի կենտրոնում տեղակայված գերատեսչությունների շենքերին մոտենալով ու դրանք շրջապատելով: Շրջափակեցին Կենտրոնական բանկի, Գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի, Արդարադատության նախարարության շենքերը, կառավարության մասնաշենքը, որտեղ գործում են մի քանի նախարարություններ: Շարժման մասնակիցների առանձին խմբեր նստեցին այս շենքերի մուտքերի մոտ, որոնք այդպես էլ չբացվեցին. դռները փակվել էին մինչև ցուցարարների գնալը:

Շենքերի շրջափակմանը նախորդել էին ցուցարարներին բերման ենթարկելու դեպքերը: Առավոտյան, ժամը 9.30-ի դրությամբ, Նիկոլ Փաշինյանի տվյալներով բերման էր ենթարկվել շուրջ 30 քաղաքացի. 20 ուսանող՝ Երիտասարդական մետրոյի մերձակայքից, մյուսները՝ Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկից: Բերման էին ենթարկվել նաև «Տարկետում լինելու ա» շարժման առաջնորդներից Դավիթ Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանը: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց բերման ենթարկվածների կոնկրետ թիվ՝ 59: Հայտնի դարձավ նաև, որ կա 3 ձերբակալված անձ՝ Հանրային ռադիոյի միջադեպով:

Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց ոստիկաններով լցված, փակված փողոցներով Երևանում: Ոստիկանական մեծաքանակ ուժեր էին կուտակվել Դեմիրճյան, Բաղրամյան, Պռոշյան փողոցներում, նրանք հսկում էին նաև Սերժ Սարգսյանի տունը, որի առջև, սովորույթի համաձայն, պառկած ակցիա էր իրականացնում Վարդգես Գասպարին: Փողոցներ էին փակել նաև ցուցարարները, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում, Գրիգոր Լուավորիչ փողոցում:

Կոմիտե՝ հեղափոխության համար, կոչ՝ սփյուռքին

Ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման մասնակիցները իրենց գործողությունները կսկսեն ժամը 10-ից: Նորից պետք է փակեն գերատեսչությունների շենքերը, փողոցներ ու մայրուղիներ: Սկսելու են գերատեսչությունների շրջափակման երրորդ փուլը: Առավոտյան հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում և օրը եզրափակելու են Հանրապետության հրապարակում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ապրիլի 17-ի երեկոյան, Հանրապետության հրապարակում, որը, նրա խոսքով, երրորդ հանրապետության պատմության ընթացքում կազմակերպված ամենամարդաշատ հանրահավաքն էր: Հրապարակներում չեն գիշերի, որովհետև, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Երևանում չկա հրապարակ, որ մերը չլինի»: Առաջիկա օրերին կձևավորվի ժողովրդական թավշյա հեղափոխության կոմիտե, որը կղեկավարի և ավարտին կհասցնի շարժումը: Ըստ Փաշինյանի՝ բոլոր գերատեսչությունները, նաև ոստիկանությունը, շուտով կկատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ այս կոմիտեի հրամանները: Փաշինյանն ասաց՝ անցակետեր են դնելու Երևանի փողոցներում, ու բոլոր ՀՀԿ-ականները պետք է անցնեն այդ անցակետերով: Ազգային ժողով ու վարչապետի նստավայր գրավել դեռ չեն պատրաստվում. դրանք թողնում են վերջում:

Շարժման առաջնորդը Հայաստան գալու կոչով դիմեց աշխարհահռչակ երգիչներ Շառլ Ազնավուրին, Սերժ Թանգյանին, դերասանուհի Արսինե Խանջյանին, սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Ասաց. «Պարո՛ն Ազնավուր, եկե՛ք Երևան, որ տանք մաֆիայի վերջը՝ առանց մի կաթիլ արյան»: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում սկսվել է ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, որը «հնարավոր չէ կանգնեցնել մի հոգու չեզոքացնելով, քանի որ հեղափոխության առաջնորդը ժողովուրդն է»:

Սադրիչները՝ հանրահավաքային անբաժան բաղադրիչ

«Շմայսի բրիգադ». այսպես է Նիկոլ Փաշինյանը անվանում բոլոր այն անձանց, որոնք, նրա դիտարկմամբ, հայտնվում են հանրահավաքների ընթացքում՝ մասնակիցներին սադրելու նպատակով: Հանրահավաքից մի քանի ժամ առաջ հրապարակով անցած Առաքել Մովսիսյանը լրագրողի հետ զրույցում Փաշինյանին խորհուրդ էր տվել գնալ տուն ու թրաշվել: Փաշինյանը արձագանքեց. «Ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել»:

Ոստիկանությունը չի շտապում

Ամսի 13-ից սկսած ոստիկանությունը շարժման գործողություններին վերաբերող 11 հայտարարություն է տարածել. քրեական գործ հարուցելու հավանականության, քրեական գործ հարուցելու, ձերբակալությունների, հանրահավաքը ցրելու մտադրության, որոշման մասին: Դրանցից մեկով էլ լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորություն պահպանել ցույցի մասնակիցներից, իսկ ապրիլի 17-ի վերջին հայտարարության մեջ նաև ասվում է. «Ոստիկանությունը հավաստիացնում է, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող և իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունը ապահովելու և դրանցում իրենց պարտականությունները կատարող անձանց իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելու համար»:

Բազմահազարանոց հանրահավաքին հաջորդած երթն անցավ առանց ոստիկանության միջամտության: