Ինչպես է ընտրվելու հաջորդ վարչապետը

ապրիլի 23, 2018

Կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանում Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելու առաջին փորձը, փաստորեն, չստացվեց:

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, ընտրվեց զինվորներով ու փշալարերով շրջափակված Ազգային ժողովում, իսկ պաշտոնավարեց նա ընդամենը 6 օր: Ընտրության օրվանից՝ ապրիլի 17-ից հետո Հայաստանում գործում էր նախարարների ու նախարարների պաշտոնակատարների կառավարություն: Ապրիլի 23-ի դրությամբ, համաձայն կառավարության պաշտոնական կայքի, վերանշանակվել էին բոլոր նախարարները, բայց վարչապետի հրաժարականից հետո նրանք նորից դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ՝ այս անգամ փոխվարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ:

Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարականի, վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում և կառավարության հրաժարականից հետո յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սահմանադրության 158-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարությունը հանրապետության նախագահին հրաժարական է ներկայացնում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, կառավարությանը վստահություն չհայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

Խորհրդարանում ուժերի այսօրվա դասավորությամբ քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ-ն է, և հաջորդ վարչապետի ընտրության համար վճռորոշ է այս ուժի դիրքորոշումը: Պատկերը կարող է փոխվել, եթե իրականություն դառնա Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը: