Ռազբորկայի մասնակիցները ՀՀԿ-ի հենարանն են. պատգամավորները քրեական միջադեպի մասին

սեպտեմբերի 15, 2017

Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին ճեպազրույցներում քաղաքական թեմաները հետին պլան էին մղված. հարցը, որին ճեպազրույցներին մասնակից բոլոր խմբակցությունները անդրադարձան, սեպտեմբերի 14-ին Թուֆենկյան հյուրանոցի մոտ, տեղի ունեցած սպանությունն էր: Հիշեցնենք՝ ըստ քննչական կոմիտեի՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն է, իսկ Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մամուլի տեղեկություններով՝ 3 անձինք փորձել են սպանել Վահագն Աբգարյանին, որը քրեական հեղինակություն է համարվում, և նրա անունը կապվում է Ալավերդիում աղմկահարույց մի շարք դեպքերի հետ: Սպանությունը տեղի էր ունեցել կեսօրից անց, Վերնիսաժի մոտակայքում, որտեղ այդ ժամերին մարդաշատ է:

ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, թե «կատարվածը կրիմինալի գագաթնակետն է, և նման երևույթներ միշտ էլ տեղի են ունենում»:

«Չեմ կարծում, թե ընդհանուր, համատարած կրիմինալիզացիայի մասին է խոսքը գնում: Սովորական կենցաղային հարցերի հետ կապված ռազբորկաներ են, որ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում: Կարևորն այն է, որ իրավապահ մարմինները ժամանակին արձագանքեն», -անդրադառնալով տեղի ունեցածին ճեպազրույցներում հայտարարեց Ռուստամյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կատարված սպանության համատեքստում շատերը հիշել են Հայաստանի ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին, որը հայտնի է եղել կրիմինալի նկատմամբ ընդգծված խիստ դաժանությամբ, և խնդրում են վերադառնալ Հայաստան, Ռուստամյանը արձագանքեց. «Ես չեմ երազում Վանոյի ժամանակները, որովհետև էդպես չէ, որ էն ժամանակ կրիմինալիզացիա չկար: Բավական է հիշել այդ ժամանակներում կատարված հայտնի սպանությունները»:

Այդուհանդերձ, ըստ Ռուստամյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատարվածի մեջ իր պատասխանատվության բաժինն ունի:

Ի տարբերություն Դաշնակցության, «Ելք» խմբակցության պատգամավորները վստահ են՝ կատարվածը «կրիմինալ իրադարձություն էր, որը ցնցեց Երևանը»: Ավելին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համարում է, որ կրիմինալին մասնակից կողմերը ընտրություններում ծառայություն են մատուցել «Հանրապետական» կուսակցությանը:

«Ես համոզված եմ 100 տոկոսով, որ այդ ռազբորկայի մասնակիցները վերջին ընտրություններում լրջագույն ծառայություններ են մատուցել «Հանրապետական» կուսակցությանը և ըստ էության, նրա քաղաքական հենարանի դերն են կատարում: Այնպես որ նրանք իրենց զգում են որպես իշխանության մաս, որպես «Հանրապետական» կուսակցության հենարան», -հավելեց Փաշինյանը:

Պատգամավորը նաև նկատեց, որ Վերնիսաժի մոտակայքում կրակոցներն ու սպանությունը եթե ոչ ուղղակի, ապա անուղղակիորեն կապ ունեն նոյեմբերի 5-ին կայանալիք Ալավերդու քաղաքապետի ընտրությունների հետ: «Դա ներհանրապետական ռազբորկա է, որի դրսևորումներ, ցավոք, առաջիկայում նույնպես կարող ենք ունենալ», -եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը զերծ մնաց «կրիմինալ», «ռազբորկա» որակումներից. խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը ասաց. «Խիստ դատապարտում ենք կատարվածը և ակնկալում իրավապահներից արդյունավետ գործողություններ»:

Հիշեցնելով ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում ու մյուս բնակավայրերում գրանցված կրիմինալ դեպքերը՝ լրագրողը «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց, թե ժամանակը չէ՞, որ «Ծառուկյան» խմբակցությունը պահանջի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը:

Էնֆիաջյանը ոչ հստա պատասխան տվեց: Ասաց, որ նման գործողություններն իրենց համար մտահոգիչ են, բայց եթե պահը հասունանա և «եթե գտնենք իրավիճակը անկառավարելի է, նման ձևակերպումներով հանդես կգանք»:

Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, որևէ երկիր ապահովագրված չէ նման դեպքերից: Անդրադառնալով Փաշինյանը հայտարարությանը, թե ռազբորկայի մասնակիցները օգնել են իշխանություններին ընտրություններում վերարտադրվել, Բաղդասարյանն ասաց, թե հետընտրական զարգացումներ տեղի չունեցան, ու դրա համար ընդդիմադիրները «ցանկացած կենցաղային անձնական բնույթի հանցագործություն փորձում են կապել ընտրությունների հետ»:

«Ըստ լրատվամիջոցների, սա հին պատմություն է և որևէ կապ չի կարող ունենալ այս դեպքի հետ: Ես ինքս բնակվել եմ Լոռու մարզում և այս մարդկանց, եթե ակտիվություն են ցուցաբերել ընտրություններում, պետք է որ տեսած լինեի: Բայց ես չեմ տեսել որևէ մեկին, նման մարդկանց չեմ ճանաչել», -ասաց Բաղդասարյանը: Նա համոզված էր, որ ոստիկանությունն ու իրավապահ մարմինները պետք է արագ բացահայտեն, արագ պատժամիջոցներ կիրառեն և աշխատել կանխարգելել նման իրավիճակները:

Ավելին, իշխանության ներկայացուցիչը հիշեցրեց միջազգային կառույցների հրապարակումները, թե Հայաստանը անվտանգ երկիր է, և խնդրեց «նման մեկ-երկու դեպքով ստվեր չգցել»: