Փաշինյանը՝ վարչապետի միակ թեկնածու

ապրիլի 28, 2018

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունը թեկնածու չեն առաջադրի

Մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, իսկ որևէ թեկնածուի վերաբերյալ իր որոշումը խմբակցությունը կկայացնի բոլոր թեկնածուների ծրագրերը քննարկելուց հետո: Այս որոշումը կայացվել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ՀՀԿ նիստում:

Լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ որոշումը ՀՀԿ-ն ընդունել է առճակատումից խուսափելու համար՝ պետության, հայրենիքի շահը, Հայաստանի և Արցախի ավտանգությունը, երկրի ներքին կայունությունը առաջնային համարելով: ՀՀԿ-ն առաջնորդվել է «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» սկզբունքով:

Նիկոլին կողմ են, բայց որոշողը կուսակցությունն է

Օրվա ընթացքում համացանցում տարածված գրառումներից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ի ներսում կան պատգամավորներ, որոնք պատրաստ են կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այդ մասին, մասնավորապես, գրել էր Սամվել Ֆարմանյանը: Ֆարմանյանի գրառումը, սակայն, ըստ Շարմազանովի, չի նշանակում, թե խմբակցությունը կարող է վարչապետի թեկնածությանը քվեարկել ազատ. «Ֆարմանյանը մեկ այլ կարևոր բան է ասել, որ ինչ էլ լինի, ում էլ սատարենք մենք, կարևորը միասնությունն է խմբակցությունում»: Շարմազանովը հիշեցրել է նաև, որ համաձայն Սահմանադրության՝ պատգամավորը կաշկանդված չէ իր մանդատով և քվեարկում է իր խղճին համապատասխան:

Ծառուկյանը ժողովրդի հաղթանակին չի հավակնում. վարչապետի թեկնածու չի առաջադրվի

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ մայիսի 1-ին կայանալիք քվեարկության մասին, հանրությանը ներկայացվեց օրվա ավարտին: ԲՀԿ-ի առաջնորդը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից ցրեց բոլոր ենթադրությունները, թե «Ծառուկյան» խմբակցությունը իրեն առաջադրելու է վարչապետի թեկնածու: «Որևէ մեկը բարոյական իրավունք չունի ժողովրդի հաղթանակը իր վրա վերցնելու»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը: Նրա խոսքով՝ հաղթանակը լիարժեք ժողովրդինն է, ու որոշում կայացնողը ժողովուրդը պիտի լինի:

Գագիկ Ծառուկյանն էլ կայացրել է իր որոշումը՝ իր ամբողջ թիմով ձայնը տալու է ժողովրդի թեկնածուին: «Մենք էլ թեկնածու չենք առաջադրում, որովհետև ժողովրդի հաղթանակը մենք մեզ վրա չենք վերցնում: Իմ ասածին ես տեր եմ մինչև վերջ», -հ/ը-ի եթերում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ գործ չունի

Թեպետ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի ունենալու, բայց, եթե հանկարծ ինչ-որ բան փոխվի, ոչ մի ձայն ՀՀԿ-ին չեն տալու. «Մենք «Հանրապետականի» հետ գործ չենք ունենալու, կառաջադրեն թեկնածու թե չեն առաջադրի, իրենք թող որոշեն», ասաց Գագիկ Ծառուկյանը: Նրան վրդովեցրել էր համացանցում լայնորեն շրջանառվող լուրերը, թե ինքը հավակնում է վարչապետի պաշտոնին: Նրա դիտարկմամբ՝ այդ լուրերը տարածողը ՀՀԿ-ն է, որ ուզել է վարկաբեկել իրեն և իր թիմակիցներին:
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում ունի 31 պատգամավոր. «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն, որը նույնպես հայտարարել է Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, 7 պատգամավոր: Այսինքն, այս պահին խորհրդարանի 105 պատգամավորից 47-ը պատրաստ է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը որպես վարչապետ: