Իր դիրքորոշման մասին ՀՀԿ-ն կհայտարարի քվեարկությունից առաջ

ապրիլի 30, 2018
Մայիսի 1-ին Ազգային ժողովը վարչապետ է ընտրելու: Խորհրդարանական Հայաստանի դեռևս կարճատև պատմության մեջ օրենսդիրն  այս ընտրությունը կատարելու է երկրորդ անգամ՝ առաջինից հետո ուղիղ երկու շաբաթ  անց, վարչապետի պաշտոնն ընդամենը 1 շաբաթ զբաղեցրած Սերժ Սարգսյանի հրաժարականից 7 օր հետո: Վարչապետն ընտրվելու է ԱԺ հատուկ նիստում: 

Ընտրության նախօրեին, վաղ առավոտյան «Ելք» խմբակցությունը նիստ հրավիրեց և միաձայն որոշեց վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության  ղեկավարն  արդեն որպես վարչապետի միակ թեկնածու Ազգային ժողովում հանդիպումներ ունեցավ «Ծառուկյան», «Դաշնակցություն» և Հանրապետական խմբակցությունների հետ: 

Մինչև այդ հանդիպումները նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ընտրվելու դեպքում  իր  առաջին խնդիրը լինելու է աշխատանքային մթնոլորտի ձևավորումը, որպեսզի հնարավոր լինի բոլոր հարցերը քննարկել հանգիստ պայմաններում: Փաշինյանը նշեց, որ պատկերացնում է իր գլխավորած կառավարությունը, բայց մինչև ընտրությունը չի ցանկանում  մանրամասնել, թե  ում որ պաշտոնում է տեսնում: Հավելեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են, և դրանք պետք է անցկացվեն հնարավորինս կարճ, բայց տրամաբանական ժամկետներում: 

ԲՀԿ-ի համար կարևոր է  ԸՕ բարեփոխումը, ՀՅԴ-ի համար՝  ԼՂ հիմնահարցը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» խմբակցություն –Նիկոլ Փաշինյան  հանդիպմանը  չէր մասնակցում: Նախօրեին նա անձամբ էր  հայտարարել , որ խմբակցությունը միաձայն կողմ է  քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը: 

Հանդիպումից հետո խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Փաշինյանի հետ քննարկել են Ընտրական օրենսգիրքը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեփոխելու հարցը: Ասաց, որ համաձայնություն ունեն ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցում:

«Դաշնակցության» հետ հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես հայտարարեց՝  մայիսի 1-ին միաձայն քվեարկելու են Ն.Փաշինյանի օգտին, հետո հավանություն են տալու նրա ղեկավարած կառավարության ծրագրին, քանի որ արտաքին ու ներքին քաղաքական հարցերում  լուրջ տարակարծություններ չունեն: «Մեր հիմնական մտահոգությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որն այսքան երկար ձգվել չի կարող: Ն.Փաշինյանին պաշտպանելու մեր որոշումը հիմնականում դրանով է պայմանավորված»,- նշեց Ա.Ռուստամյանը:

Նա նաև հավելեց, որ ՀՅԴ-ն հաջորդ կառավարությունում ներկայացված լինելու  խնդիր չունի, իսկ գործող  կոալիցիայից դուրս եկավ, քանի որ երկրում ֆորսմաժորային իրավիճակ էր, և կոալիցիոն հուշագիրը չէր գործում: «Հետո կտեսնեք, որ ՀՅԴ-ն կատարել է կարևորագույն դերը»,- եզրափակեց Ռուստամյանը:

Վարչապետի թեկնածու Փաշինյանը համակարծի՞ք է ընդդիմադիր Փաշինյանի հետ

ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումն, ի տարբերություն նախորդ երկուսի, բաց էր և  ընթացավ լրատվամիջոցների ներկայությամբ: Հանրապետական պատգամավորները  ներկայացել էին  լավ նախապատրաստված:  

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց՝  ԵԱՏՄ-ին Հայաստանի  անդամակցությունը Փաշինյանը համարում էր արտաքին քաղաքականության սխալներից մեկը , մինչդեռ վերջին օրերին հայտարարում է, որ վարչապետ ընտրվելու դեպքում այդ կառույցից դուրս գալու հարց չի բարձրացնի: «Հիմա մենք ո՞ր ասածը հիմք ընդունենք: Հնարավո՞ր է, որ այլ հարցերում էլ վարչապետի Փաշինյանի քայլերը տարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Ն.Փաշինյանի տեսակետից»,- հարցրեց Շարմազանովը:

«Ես դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ին անդամակցելու համաձայնագրին, բայց ՀՀ-ն արդեն անդամ է: Մենք պետք է հաշվի նստենք իրողությունների ու փաստերի հետ: Ես ասել եմ, որ արտաքին կտրուկ շրջադարձերը կարող են վտանգավոր լինել երկրի համար: Ինչ վերաբերում է դուրս գալուն, ապա երբ դու ընդդիմություն ես, հնարավորություն չունես խնդիրներն ուղիղ  քննարկել գործընկերների հետ  և փնտրում ես  այդ հարցերը բարձրաձայնելու գործիքակազմ, իսկ երբ իշխանության ներկայացուցիչ ես, ունես դրանք գործընկերների հետ ուղիղ քննարկելու հնարավորություն»- պատասխանեց Փաշինյանը:

«Դուք այսօր ապացուցեցիք, որ իշխանությունների քայլերը բխել են Հայաստանի շահերից: Ես դրա համար շնորհակալ եմ»,- արձագանքեց  Շարմազանովը:

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ մեջբերեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Եվրամիության հետ ՀՀ-ի ստորագրած համաձայնագիրը «ջուր» է, ու պետք է ասոցացման նոր համաձայնագիր պատրաստել:  Հարցրեց ՝ հիմա էլ նույն կարծիքին է: Փաշինյանը պատասխանեց, որ պետք է զարգացնել հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, բայց ոչ  մեկը մյուսի հաշվին:

Փաշինյանը չպատասխանեց Խոսրով Հարությունյանի այն հարցին, թե ովքեր են լինելու նրա կառավարության առանցքային անդամները, օրինակ ՝ առաջին փոխվարչապետն ու  պաշտպանության նախարարը: Ասաց, որ կառավարության կազմավորումը պայմանավորված է  քվեարկության պատկերով, իսկ ձգտումը համաձայնության կառավարություն  ձևավորելն է: 

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և հետաքրքրվեց, թե վարչապետի թեկնածուն ինչպես է պատկերացնում այդ գործընթացը:

Օրենսդրության խստիվ պահպանմամբ՝ պատասխանեց Փաշինյանը և  կրկնեց իր այն մոտեցումը, որ այս հարցում միանձնյա կամ նեղ թիմային որոշումներն ընդունելի չեն, անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներգրավումը:

ԱԺ նախագահը վարչապետի թեկնածուի համար  բլից հարցեր էր նախապատրաստել:  Արա Բաբլոյան-Նիկոլ Փաշինյան բլից հարցուպատասխանն այսպիսին էր՝  

- Այս օրերին Դուք ունեի՞ք հավաքներ ազատ կազմակերպելու հնարավորություն:
- Այո:
- Դուք ունեցե՞լ եք խոսքի ազատություն:
- Ես միշտ եմ ունեցել եմ խոսքի ազատություն: 
- Այս օրերին ժողովուրդն ունեցե՞լ և կարողացե՞լ է ազատ կամարտահայտվել:
- Ժողովուրդը միշտ էլ ունեցել է դրա իրավունքը:
- Դուք  գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունն առաջացել է 2008-ից հետո:
- Ոչ: Ինձ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն և ոստիկանության օպերատիվ խումբը առևանգել ու տարել են  անհայտ ուղղությամբ… Ինչու՞ եք այդ հարցերը տալիս, ՀՀ քաղաքացին վեր է կացել ու նվաճել իր ազատությունը: Եթե մտածում եք, որ որևէ մեկին պետք է շնորհակալություն հայտնենք, կարող եմ քաղաքավարությունից ելնելով հայտնել, բայց դա ՀՀ քաղաքացիների ձեռքբերումն է:

ՀՀԿ խմբակցության բոլոր անդամները հարցեր ուղղելու հնարավորություն չունեցան: Խմբակցության ղեկավարը Վահրամ Բաղդասարյանը հորդորեց չհնչած հարցերը Փաշինյանին ուղղել մայիսի 1-ի նիստի ընթացքում, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ մինչև քվեարկությունը կհայտարարվի, թե ինչպիսին է լինելու ՀՀԿ-ի դիրքորոշումը: