Համաժողովրդական շարժմանը միացել ենք առանց նախապայմանների. Ն. Զոհրաբյան

ապրիլի 30, 2018

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ միաձայն կողմ է քվեարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Նրա հետ հանդիպումից հետո խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ի՞նչ ժամկետներ քննարկեցիք։

-Ժամկետների հարց չենք քննարկել։ Կքննարկենք, երբ մայիսի 1-ից հետո կառավարությունը կունենա նոր ղեկավար։ Քննարկել ենք մեկ կարևոր խնդիր՝ անմիջապես պետք է պատրաստվել հաջորդ ընտրություններին։ Պատրաստվել բոլոր ուժերով, քննարկելով և գնալով մի շարք օրենսդրական փոփոխությունների։

-Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Փաշինյանի առաջարկները ձեզ համար ընդունելի՞ են։

- Մեր և Փաշինյանի առաջակները միանման են. նրանք ևս կողմ են Ընտրական օրենսգրքից ռեյտինգային համակարգը հանելուն, կողմ են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկները ֆիքսելուն։ Համակարգը, որով մենք գնացինք ընտրության, բացարձակապես չխանգարեց, որ դուք Արարատի մի տեղամասում քվեարկեք, հետո գնաք Աշտարակի մեկ այլ տեղամասում քվեարկելու։ Պետք է ներդրվի միասնական համակարգ, իսկ դրա շուրջ պետք է օր առաջ սկսել բանակցություններ։

-Հնարավո՞ր է, որ քաղաքական ուժերը մեկ տարի պատրաստվեն ընտրությունների։

- Պետք է քննարկել ու գտնել օպտիմալ, ռեալ, իրատեսական ժամկետը՝ անցկացնելու այնպիսի ընտրություններ, որից հետո նորից չասենք, որ հերթական «շըփ-թըփ» ընտրություններն ենք անցկացրել։ Եթե այդպես եք հարցնում, ուրեմն կարող եմ ասել, որ «Ծառուկյան» դաշինքն իր մարդկային ռեսուրսներով պատրաստ է հենց վաղն էլ գնալ արտահերթ ընտրությունների։ Բայց մենք հասկանում ենք, որ դա միայն մեր որոշելու խնդիրը չէ։ Անհրաժեշտ է քաղաքական կոնսենսուս։

-«Բարգավաճ Հայաստանը» կոալիցիոն կառավարություն կազմելո՞ւ է։

-Տալիս եք հարցեր, որոնք այս պահին քննարկելը բացարձակապես կոռեկտ չէ ։ Մայիսի 1-ից հետո մենք կարող ենք պատասխանել ձեր բոլոր հարցերին։

-Տիկին Զոհրաբյան, քվեարկության օրը ձեր բոլոր պատգամավորները գալո՞ւ են։

-Մեր բոլոր պատգամավորները քվեարկության օրը անպայման լինելու են։

-Գագիկ Ծառուկյանը նույնպե՞ս։

-Պարոն Ծառուկյանն իր կողմ դիրքորոշումը հայտնել է։ Մեր խմբակցության այն պատգամավորները, որոնք Հայաստանում են, իսկ գերակշիռ մեծամասնությունը, ես կարծում եմ, Հայաստանում է, անպայմանորեն գալու և քվեարկելու են «կողմ»։ Մեկ-երկու բացակա ունենք, ովքեր այս պահին փորձում են ԱԺ ղեկավարության հետ կազմակերպել իրենց քվեարկությունը՝ օրենքով սահմանված կարգով գրավոր տեղեկացնելով այդ մասին։

-Ի՞նչ եք կարծում, կունենանք նոր վարչապետ, թե՞ պակասող ձայները Հանրապետական խմբակցությունից Փաշինյանն այդպես էլ չի ստանա։

-Ուզում եմ հուսալ, որ այն, ինչ ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, որ խորհրդարանական 3 ուժերի կոնսենսուսի դեպքում չեն խոչընդոտի վարչապետ ընտրությանը, ճիշտ կլինի։ Իսկ նման կոնսենսուս արդեն կա «Ելք»-ի, «Ծառուկյան» և Դաշնակցություն խմբակցությունների միջև։ Հուսանք, որ չխոչընդոտելու մասին հայտարարությունները ընդամենը խոսքեր չեն։

-Տիկին Զոհրաբյան, նոր ձևավորվելիք կառավարությունում ԲՀԿ-ն իրեն որտե՞ղ է տեսնում։

-Կրկնում եմ՝ նման հարցեր չենք քննարկել։ Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը առանց որևէ նախապայմանի և գտնում ենք, որ դա ճիշտ է, ազնիվ է։ Ցանկացած հարց պետք է քննարկվի մայիսի 1-ից հետո։

-Որևէ նախապայման չե՞ք դրել ժողովրդական շարժման առաջ։

-Բացարձակապես որևէ նախապայման։ Դա կարող են հաստատել նաև մեր գործընկերները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։