ՀՀԿ-ն խոստանում է՝ Հայաստանը մայիսի 8-ին վարչապետ կունենա

մայիսի 2, 2018

«Հայաստանի հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ»,- վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժելուց 1 օր հետո՝ մայիսի 2-ին, հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ-ն մայիսի 2-ին նիստ է հրավիրել և որոշել վարչապետի ընտրության երկրորդ փուլում թեկնածու չառաջադրել, պաշտպանել խորհրդարանի 1/3-ի առաջադրած թեկնածուին:
Խմբակցությունը տարածած հայտարարության մեջ շարժման ղեկավարներին նաև կոչ է արել «անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի և հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»:

Լրագրողների ճշտող հարցին, թե մայիսի 8-ին ՀՀԿ խմբակցությունը ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, Վ.Բաղդասարյանը պատասխանեց նույն ձևակերպմամբ՝ աջակցելու ենք խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին, ով էլ որ լինի:

Մայիսի 1-ին վարչապետի միակ թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չընտրվեց՝ անհրաժեշտ 53-ի փոխարեն ստանալով 45 «կողմ» ձայն: ՀՀԿ-ն դեմ էր քվեարկել, Փաշինյանին պաշտպանող «Ծառուկյան», «Դաշնակցություն» և «Ելք» խմբակցությունների ձայները բավարար չէին պահանջվող 53 քվեն ապահովելու համար: Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ առնվազն 35 պատգամավորի առաջադրած թեկնածուն:

Ծառուկյանը նորից կպաշտպանի Փաշինյանին

Այն պահին, երբ Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովում ընթերցում էր խմբակցության տարածած հայտարարությունը, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ընթանում էր Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Դրանից հետո Փաշինյանը վստահություն հայտնեց, որ մայիսի 8-ին ՀՀ վարչապետն ընտրվելու է, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը մայիսի 8-ի ընտրություններին կրկին պաշտպանելու է ժողովրդի թեկնածուին:

«Քննարկել ենք առանց նախապայմանի, և այսօր ես այստեղ եմ մեկ անգամ ևս ասելու, որ հաղթանակը ժողովրդին է: Երբ ձերբակալվել էին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը, մենք այդ ժամանակ դուրս եկանք և հայտարարեցինք, որ ժողովրդի առաջնորդների կողքին ենք, պահանջեցինք նրանց անհապաղ բաց թողնել: Եվ քաղաքական իրադրություն փոխվեց: Այսօր իմ այստեղ լինելը նույնպես քաղաքական իրադրություն կփոխի, և մայիսի 8-ին այդ ընտրությունն անպայման կկայանա»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Հանդիպումից հետո Փաշինյանը գնաց մասնակցելու Հանրապետության հրապարակում հրավիրած երեկոյան հանրահավաքին:

Տոտալ բոյկոտից՝ զգոն դադար

Նախօրեի հանրահավաքում Փաշինյանը կոչ էր արել վաղ առավոտից ավելի մեծ թափով շարունակել բողոքի ակցիաները, անցնել տոտալ գործադուլի, դասադուլի, փողոցների, օդանավակայանի, երկաթուղու շրջափակման: Մայիսի 2-ին փակ էին Երևանի բոլոր գլխավոր փողոցներն ու կամուրջները, միջմարզային և միջհամայնքային բազմաթիվ ճանապարհներ, գործադուլն ու դասադուլը ընդգրկել էր շատ ավելի մեծ թվով հաստատություններ:

Մայիսի 2-ի հանրահավաքում արդեն Փաշինյանը հայտարարեց, որ նախապես պատրաստած ելույթը չի ընթերցի, քանի որ իրադրություն է փոխվել: «Եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում Ձեր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության խնդիրը գործնականում լուծված է», - հայտարարեց Փաշինյանը:

Բայց նաև հավելեց, որ խոսքն առայժմ բանավոր հայտարարությունների մասին է և անհարժեշտ է իրականացնել «կոնկրետ գործողություններ», պատրաստել փաստաթղթեր: Փաշինյանը հորդորեց մայիսի 3-ին Երևանում ու մարզերում ակցիաներ չիրականացնել, բայց նաև չկորցնել զգոնությունը, իսկ մայիսի 8-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում:

Խորհրդարանը չհավաքվեց

Ազգային ժողովի մայիսի 2-ի հերթական նիստը տապալվեց քվորում չլինելու պատճառով. գրանցվել էր ընդամենը 27 պատգամավոր: Դահլիճում էին Հանրապետական խմբակցության 26 պատգամավոր և «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա հայտարարեց, որ աննախադեպ իրավիճակի պատճառով «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ ու չի մասնակցելու քառօրյա նիստի աշխատանքներին»:

Ավելի ուշ խմբակցությունը հայտարարեց, որ իրավիճակի փոփոխության պատճառով փոխում է որոշումը. ԱԺ մայիսի 3-ի նիստին կմասնակցի: