Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի 16-րդ վարչապետ

մայիսի 8, 2018

Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 16-րդ վարչապետ ընտրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա օգտին քվեարկեցին «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունները և 13 պատգամավոր Հանրապետական խմբակցությունից:

ՀՀԿ-ից Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել հիմնականում գործարար պատգամավորները՝ Միհրան Պողոսյան, Արտակ Սարգսյան, Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան, Մուրադ Մուրադյան, Արման Սահակյան, Աշոտ Արսենյան, գեներալները՝ Մանվել Գրիգորյան, Սեդրակ Սարոյան, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ Արսեն Միխայլով, Կնյազ Հասանով, նաև Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը: Վերջինն այն միակ հանրապետականն է, որը Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև մայիսի 1-ին:

Փաշինյանի թեկնածությունն առաջադրվում էր երկրորդ անգամ, արդեն պատգամավորների 1/3-ի կողմից: Նախորդ անգամ՝ մայիսի 1-ին, խորհրդարանական մեծամասնությունը նրա թեկնածությանը դեմ էր քվեարկել:

Քննարկում առանց հարցերի

Նիկոլ Փաշինյանին նախորդ անգամ հարց էր ուղղել 26, ելույթների համար հերթագրվել էր 16 պատգամավոր: Մայիսի 8-ին նրան ուղղված հարցեր ընդհանրապես չկային, ելույթներն անհամեմատ քիչ էին:
Իսկ Փաշինյանի ելույթը շատ ավելի ծրագրային էր, քան նախորդ անգամ: Ժամանակավոր կառավարության առաջնահերթությունն, ըստ նրա, համերաշխության մթնոլորտ և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն ձևավորելն է: Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ անցումային շրջանի կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու ՝ առանց վենդետաների, հետապնդումների ու սեփականության վերաբաշխման:

Հայկական հեղափոխության ուղերձները Փաշինյանը խորհրդարանում այսպես ձևակերպեց. «Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ, տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք զբաղվելու է իր նախընտրած բիզնեսով և վերջ, մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ, օրենքը լինելու է գերակայություն և վերջ»:

Փաշինյանն իր ելույթում կարևորեց սփյուռքի ներուժը լիարժեք օգտագործելու հարցը, խոսեց մեծ հայրենադարձության ակնկալիքի մասին: Տնտեսական քաղաքականության մեջ 3 առաջնահերթություն առանձնացրեց ՝  բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների հեղափոխական տեմպերով զարգացում: Արտաքին հարաբերությունների դաշտում կրկնեց արդեն ծանոթ մոտեցումները՝ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացում , ԵՄ-ի հետ լիարժեք համագործակցություն, ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ –ում Հայաստանի անդամակցության արդյունավետ շարունակում:

Փաշինյանը եռանդուն գործունեություն է խոստանում բոլոր ոլորտներում, բայց առաջիկա ամիսների գերխնդիրը համարում է ընտրական օրենսդրության բարեփոխումը: Ժամանակավոր կառավարությունն, ըստ Փաշինյանի, կփորձի Հայաստանը նախապատրաստել ազատ ընտրությունների անցկացմանը «տրամաբանական սեղմ ժամկետներում»:

Աջակցող ուժերը հավատում են, ՀՀԿ-ն՝ կասկածում

«Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դաշինքը՝ արդեն որպես իշխանական ուժ, խորհրդարանում լինելու է վարչապետի ու կառավարության հենարանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց՝ իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է իշխանության գալով: Դաշնակցությունը խոստանում է Փաշինյանին մենակ չթողնել:

«Անկախությունից 30 տարի հետո նոր ալիք եկավ, որը պետք է լրջագույն սրբագրումներ կատարի, մենք այդ շանսը տեսնում ենք։ Մեր դաշինքը կանգնած է համաժողովրդական շարժման կողքին, մեր թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է»,- «Ծառուկյան» խմբակցության անունից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդգծեց՝ մեծամասնության դիրքորոշումը չի փոխվել, մտահոգությունները չեն փարատվել, բայց պետական շահը հաշվի առնելով՝ ՀՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել:

«Նիկոլ Փաշինյանը Հանրապետականից կստանա 10+1 ձայն: Այդ անձինք ևս կիսում են Հանրապետական խմբակցության «դեմ» դիրքորոշումը, պարզապես մենք հորդորել, խնդրել ենք մեր գործընկերներին քվեարկել կողմ, որ ապահովենք մեր խոստման իրականանալիությունը: Կոչ եմ անում կողմ քվեարկած պատգամավորներին չդիտարկել ձերը կամ որպես անկախ պատգամավորներ», - ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:

Քվեարկությունից անմիջապես հետո նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակեց ՀՀ վարչապետ: