Ինչի՞ մասին է խոսել ընդդիմադիր Փաշինյանը, երբ ԱԺ-ում կառավարության ծրագիր է ներկայացվել

մայիսի 10, 2018

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի մասին ասել է. «Ձեր բնույթն է և Ձեր ոճն է՝ չտեսնել ոչ մի կատարված աշխատանք»։ Փաշինյանի մասին հիացմունքով չի խոսել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ես հասկանում եմ, որ Ձեր ձեռագիրն է՝ փնտրել, ինչ-որ բաներ գտնել, դա միշտ կհաջողվի Ձեզ, բայց կարեւորը, որ դա ինձ չի հուսալքում»։

Նախկին վարչապետները այսպես խոսել են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրերի քննարկման ժամանակ: Պատգամավորական գործունեության սկզբում կառավարության ծրագիր ներկայացնող վարչապետներին ուղղած Նիկոլ Փաշինյանը հարցերը շատ տարբեր ոլորտներից են եղել. Երևանի փակ շուկա, աղետի գոտի, կարկտահարված գյուղատնտեսություն, սահմանային անվտանգություն, գազի սակագին…: Պատգամավորական գործունեության ավարտին արդեն նրա հարցերը գրեթե ամբողջությամբ վերաբերել են Սերժ Սարգսյանին:

Մինչև մայիսի վերջ՝ Նիկոլ Փաշինյանն ինքը, արդեն որպես վարչապետ, Ազգային ժողովում կառավարության ծրագիր է ներկայացնելու ու դրան վերաբերող հարցեր ու ելույթներ է լսելու: Մինչ սա՝ տեսնենք, թե դեռևս պատգամավոր՝ ինչ հարցեր է տվել ու ինչպիսի ելույթներ է ունեցել Փաշինյանն ինքը, երբ խորհրդարանում կառավարության ծրագիր է քննարկվել:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 16-րդ վարչապետն է: Պատգամավորական գործունեության 6 տարիների ընթացքում Ազգային ժողովում կառավարության 5 ծրագիր է լսել ու ակտիվորեն մասնակցել է դրանց քննարկմանը: Այդ ծրագրերին առնչվող 5 ելույթ է ունեցել, տվել 5 հարց: Ո՞ր խնդիրներին են վերաբերել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցերը, ի՞նչ մտահոգություններ են պարունակել ելույթները,առավելապես քաղաքական թե՞ տնտեսական շեշտադրումներ են ունեցել դրանք. parliamentmonitoring.am-ը հետահայաց դիտարկել է այսօր արդեն նախկին պատգամավորի հարցերն ու ելույթները, որոնք հնչել են 2012, 2013, 2014, 2016, 2017 թվականներին Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրերի քննարկման ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը պատգամավորական գործունեությամբ զբաղվել է 2012 թվականից. 5–րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով, եղել է անկուսակցական: 2-րդ անգամ 2017թ. պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Նիկոլ Փաշինյանի պատգամավորական գործունեության տարիներին՝ 2012-2018թթ. խորհրդարանում 3 վարչապետ՝ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, 5 կառավարության ծրագիր են ներկայացրել: Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած 2 ծրագրերին, Կարեն Կարապետյանի 2 ծրագրերին, իսկ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագրի քվեարկությանը չի մասնակցել:

Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրեր

2012թ. հունիսի 2-ին ԱԺ-ում ներկայացված կառավարության ծրագրին Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել՝ բացատրելով, «Չեմ ուզում հաստատել շրջանառվող ասացվածքը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր կառավարությանը։ Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդն արժանի է շատ ավելի լավ կառավարության, որը ոչ թե կգնի սեփական ժողովրդի չակերտավոր աջակցությունը, այլ իրապես կարժանանա իրական աջակցության»։

Մոնոպոլիաների մասին. 2018-ի մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է. «Իմ ընտրվելու պարագայում հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ»: Իսկ 2012-ի հունիսի 2-ին, նույն ամբիոնից կառավարության ծրագիր ներկայացնող վարչապետ Տիգրան Սարգսյանին նա հարցրել է. «Արդյո՞ք ձեր կառավարության գործունեության արդյունքում մենաշնորհային ոլորտներ մտնելու, գործելու հնարավորություն են ունենալու գործող եւ սկսնակ ձեռնարկություններն ու գործարանները: Արդյո՞ք կառավարության գործունեության արդյունքում դիզվառելիքի ներկրողը Հայաստանում կլինի ոչ թե մի, այլ, ենթադրենք, 10, 15, 20 ձեռնարկություն, կամ շաքարավազի ներկրողն արդյոք կլինի մի, թե 15, 20, 30 ձեռնարկություն կամ որեւէ թիվ, որը հնարավոր չի լինի կոչել ո՛չ մոնոպոլիա, ո՛չ օլիգոպոլիա»:

Փաշինյանի գնահատմամբ՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը առաջնորդվել է որքան քիչ խոսենք առկա խնդիրների մասին, այնքան լավ` սկզբունքով, մինչդեռ դա անարդյունավետ մոտեցում է:

Կառավարության մասին. «Կառավարությունը, որի ծրագիրը մենք այսօր քննարկում ենք, դե ֆակտո քաղաքական մարմին չէ։ Նրա կազմում կամ չկան կամ, գրեթե, չկան քաղաքական դեմքեր։ Եթե կառավարության առանձին անդամների կենսագրությունն ուսումնասիրենք, կտեսնենք, որ նրանց մի մասը կուսակցական տոմսը ստացել են կառավարական վկայականի հետ նույն օրը, մյուս մասը կուսակցությունից հրաժարվել են, որպեսզի շարունակեն մնալ նախարար։ ….Միակ քաղաքական սկզբունքը, հիմնական, առանցքային քաղաքական սկզբունքը, որ նրանք իրագործում են, դա նախարար լինելն է։ Ես կառավարության կազմն ուսումնասիրելով հիշեցի հայտնի դասականի հայտնի հերոսին, որ ասում է՝ «Ես նստել եմ...», հիմա կարող ենք ասել՝ մարդիկ կան, նստել են Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, նստել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, նստած են Սերժ Սարգսյանի օրոք եւ համոզված եմ, հույս ունեն դեռ երկար նստել:…..էս կառավարությունը որոշող կառավարություն չի, որոշողն օլիգարխիան է, որոշողը կոռուպցիոն համակարգն է, որն ունի ավելի մեծ, ուժեղ գործուն գործադիր գործիք, քան կառավարությունը, դա էդ նույն թաղային խուժանն է»։

Տիգրան Սարգսյանի ֆինանսական կարողությունների մասին. «Եթե ճգնաժամ է, ինչո՞ւ են երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական միջոցները։ Պրն Տիգրան Սարգսյանը, ըստ իր իսկ ներկայացրած հայտարարագրերի, 2008թ. անձնական հաշիվներում ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար, իսկ արդեն 2012թ.՝ 35մլն դրամ եւ 870 հազար դոլար»։

Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիր

2014թ-ի մայիսի 21-ին Ազգային ժողովում ներկայացված կառավարության ծրագրի քվեարկությանը Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել:

Հովիկ Աբրահամյանի, կառավարության անդամների ունեցվածքի մասին. «Դուք եւ ձեզ հետ փոխկապակցված անձը 2013 թվականին հայտարարագրել եք 5,5 մլն դոլար։ Գագիկ Խաչատրյանը եւ իր հետ փոխկապակցված անձը հայտարարագրել է 2013 թվականին 6,5 մլն դոլար։ Դավիթ Հարությունյանը հայտարարագրել է 6 բնակարան, 1 առանձնատուն, 1 ամառանոց, 1 հողամաս։ Դուք՝ բոլորդ այս ողջ ընթացքում, եղել եք պետական պաշտոնյաներ, եթե բիզնեսով չեք զբաղվել ո՞նց եք աշխատել այդ գումարները: …..Հազարավոր հեկտարներով հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ։ Իսկ ընդհանրապես Երեւանի փոքր կենտրոնում որ շենքի տակ կանգնում ես, ասում են՝ էս շենքում Հովիկ Աբրահամյանը երկու հարկ ունի։»։

Կառավարության մասին. «Քանի դեռ այս կառավարությունը, այս իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գոյություն ունի, ՀՀ-ն ունի մեկ ազգային բրենդ՝ կոռուպցիա։ երբ այս կառավարության ծրագիրը ուշադիր կարդում ես, երբեմն տպավորություն է, թե իրենց բիզնես պլաններն են գրած»։

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրեր

Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիր է ներկայացրել 2 անգամ՝ 2016թ-ի հոկտեմբերի 26-ին և 2017թ-ի հունիս 22-ին: Նրան ուղղված Նիկոլ Փաշինյանի հարցերը եղել են հիմնականում քաղաքական և վերաբերել են Սերժ Սարգսյանին: 2016-ին պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպես է վարչապետը վերաբերվում Սերժ Սարգսյանին: Հարցրել է՝ Սերժ Սարգսյանը գլխովինձախողե՞լ է իր նախընտրական ծրագիրը, ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանի՝ պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանալու, ժառանգականության հարցերը լուծելու մասին:

2017թ. Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հարցրել է. «Կհամաձայնե՞ք, արդյոք, 2018թ. կառավարությունում լինել փոխվարչապետ կամ տարածքային կառավարման նախարար, չգիտեմ, կամ որեւէ այլ նախարար»։ Այս հարցին Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Այո՛, ես պատրաստ եմ լինել վարչապետ»:

2017-ի ելույթը վերաբերել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հարցին: Փաշինյանը ասում է, թե նոր վարչապետը նախագահական լիազորություններ է ստանալու և նկատում է. «Մայիսի 18-ին ԱԺ առաջին նիստում այս ամբիոնից ելույթ ունենալով՝ Սերժ Սարգսյանը խոսում էր ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ որպես մոտեցող վարչապետ»:

Մոնոպոլիաների մասին. Կարեն Կարապետյանին ևս Նիկոլ Փաշինյանը հարցրել է մոնոպոլիաներից: 2016թ-ին վարչապետ Կարապետյանին նա մասնավորապես, հարց է տվել Սամվել Ալեքսանյանի շաքարի մոնոպոլիայի և Միհրան Պողոսյանի՝ բանանի ներկրման մոնոպոլիայի մասին: Ասել է. «Սամվել Ալեքսանյանի շաքարային մոնոպոլիան, ասում եք՝ օրինական է ձեւավորվե՞լ, թե՞ ոչ։ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող բանանի ներկրման մենաշնորհը օրինակա՞ն է, թե՞ ոչ»։ Ուշագրավ է, որ այս երկու պատգամավորներն էլ մայիսի 8-ին քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օգտին: Փաշինյանը խոսել է նաև «Սերժ Սարգսյանի փեսա» Միքայել Մինասյանին վերագրվող հեռուստատեսության՝ մեդիա դաշտում գերիշխող դիրք ունենալու մասին:

Կառավարության գործելաոճի մասին. «Բոլոր իշխանությունները եկել եւ ասել են էս ամբիոնից, որ մարդը մեզ համար կարեւորագույն արժեք է, մենք հիմա եկել ենք մարդու անվտանգությունը, բարեկեցությունն ապահովելու, հարստացնելու եւ այլն, եւ այլն։ Բայց փաստը մնում է այն, որ հարստացել են միայն էն մարդիկ, ովքեր կամ իշխանության մեջ են կամ իշխանության կողքին են։ Այսինքն՝ իշխանության մեջ կամ կողքին լինելը հարուստ լինելու, բարեկեցիկ լինելու կամ հաջողակ լինելու ամենակարեւոր նախապայմանն է»։