Պատգամավորները՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին

մայիսի 17, 2018

Նիկոլ Փաշինյանի կառավարության հիմնական խնդիրներից մեկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է: Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ դրանց անցկացման հնարավորություններ կան: Օրերս էլ հարցին, թե կառավարության ծրագրի հաստատման դեպքում ինչպես են արտահերթ ընտրություններ անցկացվելու , Փաշինյանը պատասխանել էր՝ Սահմանադրությունը տարբեր մեխանիզմներ է առաջարկում:

Parliamentmonitoring.am-ը փորձել է պարզել, թե արտահերթ ընտրությունների անցկացման ինչ հնարավորություններ են տեսնում խորհրդարանական խմբակցությունները:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը մատնանշում է Սահմանադրության 92-րդ հոդվածը, որը սահմանում է , թե որ դեպքերում են արտահերթ ընտրություններ անցկացվում:

Ըստ հոդվածի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով և 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո:

Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Սահմանադրության151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

«Սահմանադրությունն այսքանն է նախատեսում, արտահերթ ընտրությունների մասին այլ դրույթներ չկա: Հետևաբար, ես ուրիշ տարբերակներ չեմ տեսնում», -նշում է Մախմուդյանը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ Սահմանադրության մեկ այլ դրույթ է հիշեցնում՝ վարչապետի նոր ընտրության հարց կարող է առաջանալ ընտրությունից մեկ տարի անց:

«Մեկ տարի հետո կարելի է անվստահություն հայտնել վարչապետին: Մեխանիզմը հետևյալն է՝ կառավարությանը անվստահություն հայտնելուն զուգահեռ անվստահություն հայտնող խումբը ներկայացնում է վարչապետի սեփական թեկնածությունը: Որոշումը կայացվում է միաժամանակյա քվեարկությամբ: Եթե նոր թեկնածուին ասում են այո, ապա նա ընտրվում է վարչապետ, եթե ասում են ոչ, անվստահություն չի հայտնվում», -ասում է ԱԺ փոխնախագահը:

Հանրապետական պատգամավորները Նիկոլ Փաշինյանի հրաժարական ներկայացնելը որպես արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն չեն դիտարկում: Դրա հավանականությունը փոքր է գնահատում նաև «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

«Ոչ մի տրամաբանություն չկա, որ նորընտիր վարչապետը, որը ջանասիրաբար կառավարության կաբինետ է ձևավորում, հրաժարական տա: Խելամիտ չի լինի», - ասում է Պետրոսյանը:
Հարցին՝ այդ դեպքում ինչ նկատի ուներ վարչապետ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Սահմանադրությունն արտահերթ ընտրությունների տարբեր մեխանիզմներ է առաջարկում, պատգամավորը պատասխանեց. «Պետք է կամ իրենից, կամ իր տեսակետը պաշտպանողներից հարցնել։ Ես այլ մեխանիզմ չեմ տեսնում»:

Վարչապետի թիմակից Էդմոն Մարուքյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ռեալ հնարավորություն համարում է քաղաքական փոխհամաձայնությամբ վարչապետի հրաժարականը:

«Վարչապետը հրաժարական է ներկայացնում, դառնում է պաշտոնակատար, և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները գալիս են կոնսենսուսի. պայմանավորվում են տապալել Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի ընտրության երկու փորձերը, ինչից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով լուծարվում է : Դրանից հետո գնում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու համար», -ասում է Մարուքյանը: