Օլիգարխիկ արտահոսք ՀՀԿ-ից

հունիսի 7, 2018

Երբ քանակը փոխում է որակը

2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում 770 441 ձայն հավաքած, դրա արդյունքում 58 պատգամավորական մանդատ ստացած ՀՀԿ կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այլևս Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն չէ: Խմբակցությանը «բացարձակի» այս որակից զրկողը եղավ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը. նա խմբակցությունից դուրս գալու դիմում գրած 6-րդ պատգամավորն է, ու նրա գնալով է, որ ՀՀԿ-ի անդամների թիվը 53-ից դարձավ 52: 105 մանդատից այսօր արդեն միայն 52-ն ունենալով՝ ՀՀԿ խմբակցությունը զրկվեց որևէ օրենսդրական նախաձեռնություն միայնակ ընդունելու հնարավորությունից՝ շարունակելով մնալ Ազգային ժողովի ամենամեծ խմբակցությունը: Ավելին, այսուհետ, եթե խորհրդարանական մյուս 3 խմբակցությունները լինեն միակարծիք, կարող են օրենքներ ընդունել առանց ՀՀԿ-ի:

ՀՀԿ-ն՝ միակ ընդդիմություն

ՀՀԿ-ականների թիվը ամենաքիչը եղել է երկրորդ գումարման Ազգային ժողովում՝ 24: Նրանք ՀԺԿ-ի հետ միասին կազմում էին «Միասնություն» դաշինքը: Հետո այս թիվը աստիճանաբար աճել է. 3-րդ գումարման խորհրդարանում նրանք 40-ն էին, 4-ում՝ 64, 5-ում՝ 69, 6-րդում, մինչև թավշյա հեղափոխության հաղթանակը, 58-ը՝ 105-ից: Անկախ անդամների թվից՝ 24 թե 58, ՀՀԿ խմբակցությունը Ազգային ժողովում միշտ եղել է իշխանություն, նրա շուրջ են ձևավորվել գոյություն ունեցած բոլոր կոալիցիոն իշխանությունները: Միայն մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ն հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին:

Երրորդ հանրապետության խորհրդարանական պատմության մեջ ՀՀԿ-ն ընդդիմություն չեղած միակ խմբակցությունն էր. այսօր ՀՀԿ-ն ընդդիմադիր խմբակցություն է՝ ինչպես երբևէ եղել են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԱՄ-ն, ԱԺՄ-ն, մյուսները և, վերջապես, «Ելք» ը: Բայց ինչպես օրերս հայտարարել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ն միակ ընդդիմությունն է ոչ միայն խորհրդարանում, այլև խորհրդարանից դուրս: Խորհրդարանական մյուս երեք ուժերը կառավարության մեջ են, իսկ արտախորհրդարանական որևէ ուժ առայժմ իրեն չի դրսևորել որպես ընդդիմություն:

ՀՀԿ-ի ինքնամաքրման գինը

Ֆելիքս Ցոլակյան, Շիրակ Թորոսյան, Արթուր Գևորգյան, Արտակ Սարգսյան, Արման Սահակյան, Սամվել Ալեքսանյան. այս 6 պատգամավորները ՀՀԿ-ի քաղաքական թևից չեն, բայց նրանց՝ խմբակցությունից դուրս գալը էականորեն անդրադարձավ ՀՀԿ-ի քաղաքական դերակատարման վրա: Նրանք էական ազդեցություն են ունեցել նաև ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ստացած ձայների վրա: Այս 6 անձանցից 5-ը (բացառությունը Շիրակ Թորոսյանն է) պատգամավոր են ընտրվել ընտրատարածքային ցուցակներով: Նրանք միասին ՀՀԿ-ին բերել են շուրջ 92 հազար ձայն, դրանցից շուրջ 43 հազարը տրվել է Սամվել Ալեքսանյանին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ գործարարների հեռանալով խմբակցությունը ինքնամաքրվում է, բայց ՀՀԿ-ում դեռևս չհեռացած գործարարներ էլ կան: ՀՀԿ-ից հեռացածները հարցականի տակ են դնում ՀՀԿ-ի ապագան. առաջիկա ընտրություններում նրանք, հազիվ թե, համագործակցեն այս ուժի հետ, իսկ դեռևս չհեռացածները՝ նաև ներկան. մամուլը ամեն օր հնարավոր հեռացողների նոր անուններ է շրջանառում: Աստիճանաբար փոքրացող խմբակցությանը, որպես խորհրդարանական ազդեցության լծակներ, մնացել են միայն ԱԺ նախագահի, 2 փոխնախագահի և մշտական 6 հանձնաժողովի նախագահի պաշտոնները: