Կառավարության ներկայացրած «երազանքների ծրագիրն» ընդունվեց

հունիսի 7, 2018

Հունիսի 7-ին, շուրջ 7 ժամ տևած քննարկումից հետո, Ազգային ժողովը ընդունեց Նիիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր: Բացի խմբակցությունից դուրս եկած 6 պատգամավորից, կառավարության ծրագրին կողմ քվեարկեց ՀՀԿ խմբակցության ևս 10 անդամ՝ Տաճատ Վարդապետյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը, Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Միհրան Պողոսյանը: Կողմ էին նաև ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչները՝ Արսեն Միխայլովը և Կնյազ Հասանովը:


Ոչ թե ծրագիր, այլ ելույթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց ոչ թե կառավարության ծրագիրը, այլ հանդես եկավ գրեթե ամբողջությամբ քաղաքական շեշտադրումներով հագեցած ելույթով. խոսեց արտահերթ ընտրություններից, կոռուպցիայի դեմ պայքարից, բուռն քննադատության արժանացրեց նախկին իշխանություններին, մասավորապես, ՀՀԿ-ին:

Փաշինյանն ասաց, որ նոր կառավարության առաջնային անելիքը Ընտրական օրենսգրքի փոփոխոթյուններն են: Դրա համար ստեղծելու են աշխատանքային խումբ՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վարչապետը իրենց նպատակը հստակ ձևակերպեց. «Ինչպես հեռացել է կեղծիքներով և ընտրակաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով ու ընտրակաշառքով ձևավորված օրենսդիր իշխանությունը»։ Բացատրեց նաև, թե ինչու են նախատեսել ընտրությունները անցկացնել մեկ տարվա ընթացքում և ոչ ավելի շուտ: Ասաց՝ վստահ է՝ եթե հիմա կայանան ընտրությունները, իրենք բացարձակ մեծամասնություն են կազմելու խորհրդարանում, բայց որոշում ունեն մյուս ուժերին ևս ընտրական գործընթացին մասնակցելու հնարավորություն ու ժամանակ տալ:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի խոստում տվեց: Խոստացավ. «Վարչապետի պաշտոնում չեմ մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, վարչապետի պաշտոնավարումից որևէ կողմնակի եկամուտ չեմ ունենալու, որևէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու։ Ցանկացած պաշտոնյա, դատախազ, միլպետ, հարկայինի պետ, նախարար և այլն, ով կփորձի փայ մտնել որևէ բիզնեսում, այսպես ասած՝ «նալոգ դնել» որևէ գործարարի վրա, իմ անձնական թշնամին է և պիտի սպասի պետության ու օրենքի ջախջախիչ հակահարվածին։ Որևէ մեկը չմտածի, թե կարող է խուսափել պատասխանատվությունից. բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք նույնիսկ ամենահեռու և ամենամութ ծակերից»:

Հանրապետականները՝ քննադատ

ՀՀԿ պատգամավորները մտել էին ընդդիմադիրի իրենց նոր դերի մեջ և բուռն քննադատեցին կառավարության ծրագիրը: Իրենց ելույթներում փաստաթուղթն անվանեցին «բարեմաղթանքների մատյան», «բաժակաճառերի հավաքածու», «լավագույն մտադրությունների հավաստիք, որոնք իրականացնելու ոչ մի քայլ, գործիք, հայեցակարգ, թիվ, չափորոշիչ նշված չէ»:

«Ձեր կառավարությունն անփորձ է: Ծրագրի հեղինակները հեռու են այն պատկերացումներից, թե ինչպես են պետությունը կառավարում: Դա, բացի սիրուց, համերաշխությունից, պահանջում է գիտելիք, իմացություն, կազմակերպչական ունակություններ»,-դիմելով խորհրդարանում նստած կառավարության անդամներին՝ հայտարարեց Հերմինե Նաղդալյանը: Ասաց. «Այս ծրագրով Հայաստանը հեռու չի գնա»:
«Խնդրում եմ, մի հատ բացատրեք՝ ի՞նչ է սա․ ծրագի՞ր է, սուրճի սեղանի շուրջ ցանկությունների ժողովածո՞ւ է», -հարցնում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին:

Շարմազանովին հետաքրքրում էր՝ որտե՞ղ են տնտեսական վիճակը չափող թվերը: ԱԺ փոխնախագահն ասաց, թե Փաշինյանի կառավարությանը փոխանցել են 7,5 % աճ ունեցող տնտեսություն, սակայն ծրագրում թվեր չկան: «Ինչո՞ւ: Հրաժարվե՞լ եք թռիչքային զարգացման գաղափարից», -հետաքրքրվեց նա:

Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, թե հասկացել է՝ ինչու կառավարության ծրագրում թվեր չկան. «Ոչ մի բանով ձեզ չեք պարտավորեցրել, ինչու՞ մեզ օգնել, որ հետո մենք չափենք՝ լա՞վ եք աշխատել, թե՞ ոչ, ինչու՞ ձեզ սահմանափակեք որևէ պարտավորությունով»։

Անդրադառնալով ծրագրի՝ տուրիզմին վերաբերող հատվածին, որտեղ հեղափոխությունը համարվում է զբասաշրջության աճի պայման, Աշոտյանն ասաց. «Աշխատեիք մի քիչ տեքստի վրա։ Հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է։ Հազար ներողություն, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում եմ իշխանափոխության արդյունքները, չեմ հեգնում, բայց կարո՞ղ է Մադամ Տյուսոյի հետ մոմե արձան բացեք հեղափոխությանը նվիրված։ Չեմ հասկանում՝ Գառնին, Գեղարդը, Սևանը, Դիլիջանը ձեզ ի՞նչ են արել, որ տուրիզմի հիմնական մասը դրել եք բացառապես հեղափոխության վրա»:

«Թվեր եք ուզում, դե՛, ստացե՛ք»

Ծրագրի քննարկման ավարտին Փաշինյանը եզրափակիչ ելույթում արձագանքեց ընդդիմախոսների քննադատություններին:

Թվերի բացակայության մասին ասաց. «Մեր ծրագրում կան բազմաթիվ թվեր և այդ թվերը նույնն են: Եթե այդ թիվը նկատելի չէ, ես կներկայացնեմ: Ինչպիսի՞ն է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը: Ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո: Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը: Զրո: Հայաստանում խոշոր բիզնեսը ամսական ինչքա՞ն «նալոգ» պետք է տա հանրապետության վարչապետին: Զրո: Հայաստանում ինչպիսի մենաշնորհներ պետք է լինեն: Զրո»:

Վարչապետի խոսքով՝ նախորդ կառավարությունը և ՀՀԿ-ն «թվերի տակ» տրորել են մարդկանց երազանքը: «Սա երազանքների ծրագիր է, և սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է, և մենք այս ծրագրով ասում ենք՝ վերադարձնում ենք մարդկանց երազելու իրավունքը։ Սա կառավարության գործունեության ամենակարևոր կողմն է: Մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, սա ինձ համար ամենակարևոր ցուցանիշն է, որը տոկոսով ու թվով չի չափվի, և մեր կառավարության գործունեության ընթացքում մարդիկ այդ ժպիտից չեն զրկվի», -հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց՝ ինքը ոչ թե որևէ քաղաքական ուժի, այլ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է: Ասաց, որ իր ընտրությունը եղել է ի հեճուկս Ազգային ժողովի: «Թող որևէ մեկը չասի, թե լավություն է արել ինձ կամ որևէ մեկին ՀՀ վարչապետ ընտրելով և որևէ մեկը թող չմտածի, որ ինձ կամ կառավարությանը լավություն է անելու կառավարության ծրագրին կողմ քվեարկելով։ Մենք որևէ մեկի լավության կարիքը Ազգային ժողովում չունենք՝ ուզում եք՝ կողմ քվեարկեք, ուզում եք՝ դեմ։ Մենք ունենք ժողովրդի վստահությունը, և մենք ասել ենք, որ այդ վստահությունը պետք է դառնա կոնկրետ քաղաքական արդյունք։ Դա կդառնա կոնկրետ քաղաքական արդյունք՝ անկախ նրանից, դուք դա ուզում եք, թե` չէ», - հայտարարեց վարչապետը: