ՔՊ-ին անդամագրվել ցանկացողների թիվը բավական մեծ է

հունիսի 12, 2018

Հարցազրույց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ

-Պարոն Հակոբյան, Դուք Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրն եք: Փաշինյանը շատ է քննադատել իշխանություններին՝ իրենց հարազատներին պաշտոն տալու համար: Փաստորեն, նույնը հիմա Ձեր պարագայում է:

-Ես Ազգային ժողովում նշանակումով չեմ հայտնվել: 2017թ. մասնակցել եմ ընտրություններին թիվ 3 ընտրատարածքում: Այստեղ մեր դաշինքից ամենաշատ ձայներ ստացել է Արարատ Միրզոյանը, հետո՝ Արայիկ Հարությունյանը: Միրզոյանը դարձավ պատգամավոր, Հարությունյանը՝ ավագանի: Հեղափոխությունից հետո նրանք գնացին կառավարություն, և ռեյտինգայինով հաջորդ ամենաշատ ձայն հավաքածը ես եմ: Այսինքն, ես ընտրվելով եմ ստացել իմ մանդատը, և անգամ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում չեմ եղել: Ինձ ճանաչել են որպես դերասան, ես նախընտրական քարոզարշավ եմ անցկացրել, հանդիպել եմ ընտրողների հետ և վաստակել իմ 3400 ձայնը:

-Կառավարության ծրագրի առաջնահերթ խնդիրը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Ձեր ուժը դրան կհասնի ՀՀԿ-ի հետ քաղաքական պայմանավորվածությա՞մբ, թե՞ ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորների աջակցությամբ:

-Կարծում եմ՝ հնարավոր է առաջին տարբերակը. ընտրությունները կարելի է կազմակերպել քաղաքական պայմանավորվածության արդյունքում: Եթե դա չստացվի, կփորձենք այլ տարբերակ. չի բացառվում, որ առաջիկայում ՀՀԿ-ից դուրս եկող պատգամավորների թիվը մեծանա:

-Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն լքող և ձեր նախաձեռնությունները պաշտպանող պատգամավորների թիվն ավելանա այնքան, որ դուք այլևս արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն չտեսնեք: Ի վերջո. ՀՀԿ-ն այլևս ԱԺ-ում մեծամասնություն չէ, և դուք արդեն բավարար ձայներ ունեք:

-Ոչ: Ինչպես այսօրվա կառավարությունն է ձևավորվել ժողովրդի վստահության քվեով, այդպես էլ ԱԺ մեծամասնությունը պետք է ունենա իսկապես ժողովրդից տրված մանդատ: Այս խորհրդարանը ձևավորվել է ընտրակաշառքով, թաղային հեղինակություններով ու այլ լծակներով ստացած ձայների և ոչ թե ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով:

-Իսկ ինչո՞ւ չեք ցանկանում արտահերթ ընտրություններն անցկացնել հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի ու ձեր ուժի վարկանիշը շատ բարձր է: Ժամանակի ընթացքում այն կարող է ընկնել:

-Դրա լավագույն պատասխանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետն է տվել: Այսօր, այո, ժողովուրդը էյֆորիայի մեջ է: Այդ կրքերը պետք է հանդարտվեն, մարդիկ սթափ ուղեղով գնահատեն իրավիճակը և որոշեն, թե ում պետք է տալ իրենց ձայնը: Մինչև ընտրությունները նրանք նաև պետք է տեսնեն, թե ինչի է ունակ մեր ուժը, որը ձգտում է մեծամասնության: Իսկ եթե անգամ վարկանիշի անկում գրանցվի, դա շատ չնչին կլինի, ու ես վստահ եմ, որ հաջորդ ընտրություններին մեր ուժը ազատ և արդար քվեարկության արդյունքում մեծամասնություն կկազմի:

-Հայտնի է, որ ընտրություններում շատ ձայն հավաքելու գրավականներից մեկն էլ տարածքային գործուն կառույցներ ունենալն է: ՔՊ-ն և «Ելք»-ը այդ առումով խնդիր ունեն: Ի՞նչ եք անում արտահերթ ընտրություններին ընդառաջ:

-Մենք հիմա շատ լուրջ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ. որտեղ չունենք կառույցներ, գրասենյակներ են բացվում, անդամագվել ցանկացողների թիվը բավական մեծ է:

-Ասում են՝ ՀՀԿ-ից դուրս եկած շատ անդամներ ևս ցանկանում են անդամագրվել ձեր կուսակցությանը: Բոլորին ընդունելո՞ւ եք:

-Մենք զրուցում ենք բոլոր ցանկացողների հետ, ծանոթանում անցյալում դրսևորած նրանց վարքին: Կարող է լինել մեկը, ով չի եղել կուսակցական, բայց հայտնի է որպես թաղային հեղինակություն, ընտրությունների ժամանակ ուղղորդել է թաղի բնակիչներին. նրան ընդունե՞նք, իսկ մյուսին, որ ստիպված անդամագրվել է ՀՀԿ-ին, բայց նորմալ վարք է ունեցել, մերժե՞նք: Չմոռանանք, որ տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն: