Այդ ի՞նչ սխալներ պիտի գործենք, որ մարդիկ հիասթափվեն մեզանից

հունիսի 29, 2018

Հարցազրույց «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանի հետ:

-Արտահերթ ընտրությունների ոչ միայն ժամկետների, այլև դրանց անցկացման վերաբերյալ ՀՀԿ-ի հետ դեռ համաձայնություն չկա. հնարավո՞ր է, որ առանց ՀՀԿ-ի աջակցության ընտրություններն ընդհանրապես չանցկացվեն:

-ՀՀԿ խմբակցությունն Ազգային ժողովում այլևս մեծամասնություն չէ: Այդ հարցը կորոշի խորհրդարանի մեծամասնությունը, և ես վստահ եմ, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան, ինչպես գրված է կառավարության ծրագրում՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրությունները կարող են անցկացվել տարեվերջին: Ինչի՞ց է կախված ժամկետի ընտրությունը:

-Կան մի քանի հանգամանքներ: Առաջինն Ընտրական օրենսգրքի բարեփոխումն է: Իմ կարծիքով՝ դա կարող է լինել սեպտեմբերին, քանի որ գարնանային նստաշրջանն ավարտվեց, և քիչ հավանական է, որ ամռանն արտահերթ նիստեր հրավիրվեն: Արձակուրդային շրջան է, և ԱԺ-ն կարող է պարզապես չհավաքվել: Բացի այդ, հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ու չեմ կարծում, որ ՀՀ կառավարությունը որոշի համատեղել ընտրական գործընթացներն ու այդ միջոցառումը: Հոկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու նաև ՏԻՄ ընտրություններ, որոնք շատ կարևոր են և իրապես մրցակցային են լինելու: Վստահաբար չեմ կարող ասել, բայց ձմռանն էլ, հավանաբար, ընտրություններ չեն լինի: Ամեն դեպքում, ընտրություններն ամենաշուտը կարող են անցկացվել նոյեմբերին, իսկ վերջնաժամկետը գարունն է:

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ մինչև գարուն Նիկոլ Փաշինյանի կամ ձեր քաղաքական ուժի վարկանիշը կարող է ընկնել, ինչն ակնկալում են որոշ քաղաքական ուժեր:

-Այդպիսի մտավախություն չունենք: Այդ ինչ սխալներ մենք պետք է գործենք, որ հիասթափեցնենք մարդկանց: Ցանկացած դժվար որոշում, որը մենք կայացնում ենք, փորձում ենք պարզաբանել, որպեսզի հանրություն-կառավարություն դաշինքը հնարավորինս սերտ լինի: Անխուսափելի են այնպիսի որոշումները, որոնք, գուցե, միանշանակ չընդունվեն: Օրինակ, կուտակային կենսաթոշակի մասին օրենքում տեղի ունեցած վերջին փոփոխությունները: Վարչապետը ուղիղ կապի միջոցով անընդհատ բացատրում է, թե ինչու կայացվեց այս որոշումը, ներկայացնում է հակափաստարկները, որոշման ուժեղ և թույլ կողմերը: Ես գնահատում եմ վարչապետի մշտական պատրաստակամությունը՝ շարունակելու քննարկումները հանրության այն խմբերի հետ, որոնք մտածում են, թե պարտադիր բաղադրիչը պետք է չլինի: Բոլոր հարցերում էլ մոտեցումն այդպիսին է լինելու, և այդ պարագայում չեմ կարծում, թե հանրության հետ կապի այնպիսի խզում կլինի, կամ այնպիսի սխալներ լինեն, որ մարդիկ հիասթափվեն ու ընտրություններին մեզ չեն աջակցեն:

-Խորհրդարանական ընտրություններից բացի քննարկվում է նաև երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում քաղաքապետերի ընտրության ուղիղ ընտրակարգին վերադառնալու հարցը: Ի՞նչ կոնսեսուս կա այս հարցի շուրջ:

-Ես տեղյակ եմ միայն այն օրակարգից, որը գրված է կառավարության ծրագրում՝ ամբողջական անցում համամասնական ընտրակարգին, ռեյտինգային ընտրակարգի փոփոխում, ընտրական ցուցակների մաքրում: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն առաջարկ է ցուցակներից հանել այն անձանց անունները, որոնց անձնագրերը վավերականությունից դուրս են: Այդպիսիք շատ են՝ մոտ 200 հազար, և նրանք մեծ մասամբ ապրում են երկրից դուրս: Հայաստանում ապրող քաղաքացիները վավեր անձնագրերի կարիք ունեն, հակառակ պարագայում որևէ գործարք չեն կարողանա իրականացնել: Իսկ դրսում ապրողները, եթե ընտրություններին այստեղ լինեն, կարող են շատ արագ վավեր անձնագրեր ստանալ:

-Իսկ ընտրություններին ի՞նչ ձևաչափով եք մասնակցելու. «Ելք» դաշինքո՞վ, թե՞ առանձին:

-Մենք հուշագրով մեկ կուսակցություն ստեղծելու քննարկումներ սկսելու վերաբերյալ պարտավորություն ունենք: Դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկությունն էր: Մինչև հեղափոխությունը փորձեցինք մեր գործընկերների հետ քննարկել այդ հարցը, սակայն ամեն անգամ նրանք, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանը», խուսափեցին, և, ըստ էության, քննարկումներ տեղի չունեցան: Հիմա իրավիճակ է փոխվել, այդ հարցը առաջնահերթ է դարձել, և մենք քննարկում ենք ընտրություններին առանձի՞ն, դաշինքո՞վ, թե՞ որպես մեկ կուսակցություն մասնակցելու հարցը:

-Գարնանային նստաշրջանն ավարտվեց, բայց «Ելք»-ն այդպես էլ խմբակցության ղեկավար չընտրեց: Այդ հարցում նույնպե՞ս դեռ որոշում չունեք:

-Դա երկրորդ պլան մղվեց, քանի որ մեզ համար առավել կարևոր է ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Եթե միասին գնանք ընտրությունների, խմբակցության ղեկավարի հարցը մի տարբերակով կորոշվի, եթե առանձին՝ մեկ այլ տարբերակով:

-Ինչպե՞ս:

-Չեմ կարող ասել, բայց այդ հանգամանքը հաշվի է առնվելու: