Հրաժարվելու ենք ռեյտինգային ընտրակարգից. Ա. Զեյնալյան

հուլիսի 2, 2018

Հարցազրույց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:

-Օրերս Վենետիկում հանդիպում եք ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ, մասնակցել հանձնաժողովի նիստին։ Ինչպե՞ս են ՎՀ-ում վերաբերում ՀՀ ընտրական օրենսգիրքը փոփոխելու նախաձեռնությանը։

-Ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարական պետության, այնպես էլ Հայաստանի դեպքում, Վենետիկի հանձնաժողովը հարգանքով է վերաբերում պետության ինքնիշխանությանը և Ընտրական օրենսգիրքը փոփոխելու իշխանությունների նախաձեռնությանը: Ավելին, Հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Հայաստանի իշխանության հետ:

-Ի՞նչ հիմնական փոփոխություններ եք նախատեսում Ընտրական օրենսգրքում։

-Հիմնական փոփոխությունների մասին ընդհանուր գծերով խոսել եմ Հանձնաժողովի լիագումար նիստում՝ ասելով, որ հրաժարվելու ենք ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ, ներդրնելու ենք կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ, մաքրելու ենք ընտրացուցակները, դատական պաշտպանության իրավունքը դարձնելու ենք գործնականում իրագործելի և այլն:

-Ռեյտինգային ընտրակարգի երկու հիմնական տարբերակ է շրջանառվում։ Ինչի՞ մասին է խոսքը, ինչպիսի՞ համակարգ է լինելու։

-Այս կապակցությամբ պետք է նշեմ, որ վարչապետի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այժմ քննարկում է հարցի վերաբերյալ բոլոր մասնրամասները:

-Տեխնիկակական ի՞նչ նորամուծություններ են նախատեսում ԸՕ-ում փոփոխությունները։

-Արտահերթ ընտրությունների ընթացքում կիրառվելիք տեխնիկական լուծումների հարցերը ևս ներկայում քննարկում է մասնագիտական հանձնաժողովը:

-Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը օրերս նիստ է գումարել և քննարկել է նախընտրական քարոզչության հետ կապված հարցեր։ Որպես հանձնաժողովի անդամ՝ խնդրում եմ, մանրամասներ ներկայացրեք. մասնավորապես, ի՞նչ խնդիր է բարձրաձայնվել, ի՞նչ նորություններ են լինելու այդ հարցում։

-Հանձնաժողովը քննարկում է նախընտրական քարոզչության վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի կողմից գործող օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները: Մեր մտադրությունն է, որ ի վերջո, նախընտրական քարոզարշավը դառնա գաղափարների և ծրագրերի մրցակցություն և ոչ թե՝ քարոզարշավին ներգրավվող ֆինանսական միջոցների:

-Առաջիկայում նիստ է գումարելու նաև նույն նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը։ Այս երկու ձևաչափերը միմյանց չե՞ն խանգարում: 

-Ըստ էության, Ազգային ժողովում ստեղծված աշխատանքային խումբը գործում է խորհրդարանական ձևաչափով, իսկ վարչապետին կից ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով, որում ներգրավված են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Աշխատանքների որոշակի փուլում, կարծում եմ՝ երկու խմբերի աշխատանքը կհամաձայնեցվի: 

-Ո՞ր ձևաչափն է օրինագիծը մշակելու և վերջնական ներկայացնելու հանրային քննարկման։

-Կառավարությունը հանձնառու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները Ազգային ժողով ներկայացնելու համար, սակայն, կարծում եմ, որ առաջիկա քննարկումներն ավելի հստակություն կմտցնեն այս հարցում: 

-Նախագիծը ներկայացվելո՞ւ է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը։

-Այո, վստահ եմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կներկայացվեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: