Ընտրակարգի շուրջ կոնսենսուս առայժմ չկա

հուլիսի 20, 2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նպատակով կառավարությունում և խորհրդարանում ձևավորած հանձնախմբերը նախորդ շաբաթ անցկացրին երկու համատեղ նիստ: Քննարկումների հիմնական թեման ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցն էր:

Հուլիսի 20-ի հանդիպմանը նախապես հայտարարվեց՝ կողմերը կփորձեն ներկայացնել այն հնարավոր զիջումները, որոնց պատրաստ են գնալ ԸՕ-ի մեկ միասնական նախագիծ ներկայացնելու համար : Երկու քննարկումների ընթացքում այդ նպատակին հասնել չհաջողվեց , ավելին՝ ընտրակարգի հարցը կոշտ բանավեճի առիթ դարձավ:

Չորս տարբերակ՝ առանց կոնսենսուսի

Կառավարությունը հակված է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի. ընտրողները պետք է քվեարկեն միայն կուսակցությունների օգտին: Առաջարկությունը պաշտպանում է «Ելք» խմբակցությունը: «Որքան հիշում եմ ընդդիմությունը, ինչպես նաև ՀՅԴ-ն, միշտ համամասնական ընտրակարգի կողմնակից են եղել: Խորհրդարանական կառավարման համակարգն էլ հենց դա է ենթադրում»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

ՀՅԴ-ն առաջարկում է ներդնել համամասնական ընտրակարգի «բաց ցուցակների» մոդելը: Այն ենթադրում է, որ ընտրողներն իրենց քվեարկությամբ են որոշում, թե տվյալ կուսակցությունից ով է դառնում պատգամավոր։ Այս տարբերակը «Ելք»-ում չեն պաշտպանում . «Դա նշանակում է, որ 2000 ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների համար դասընթացներ պետք է կազմակերպենք: Դա բարդացնում է գործը և կհետաձգի արտահերթ ընտրությունները»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է մոդել, որի դեպքում ռեյտինգային ընտրակարգը պահպանվում է: «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է փակ համամասնական ցուցակների տարբերակին: Դաշինքն առաջարկում է նաև քվոտավորել ցուցակները՝ որոշակի հաջորդականությամբ ներկայացնել կանանց, ազգային փոքրամասնությունների և մարզերը ներկայացնող թեկնածուներին: «ՀՀԿ-ի առաջարկած տարբերակի մեջ ինչ-որ մեսիջներ կան: Դա նույն քողարկված ռեյտինգային ընտրակարգն է՝ մի քիչ այլ մոդիֆիկացիայով: Մենք պատրաստ ենք քննարկել, ունենալ առավելագույն կոնսեսուս, բայց ոչ այս բարդացված ձևը: Մենք մի անգամ գնացինք Սան Մարինոյի մոդելով, եկեք գտնենք այն մոդելը, որն աշխատելու է Հայաստանում, չբարդացնենք մեր կյանքը, առավել ևս ընտրողների»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ-ի առաջարկին դեմ են խորհրդարանական երեք խմբակցություններն ու կառավարությունը: ՀՀԿ-ն երեք ուժերի առաջարկներից ավելի ընդունելի կամ ժողովրդավար համարում է ՀՅԴ-ի բաց ցուցակների մոդելը: «ՀՀԿ-ն առաջարկում է մոդել, որը վերացնում է կարևոր երկու թերություն. առաջինը՝ մենք ընտրողին հնարավորություն չենք տալիս որոշելու, թե ովքեր պետք է ցուցակից գնան խորհրդարան, երկրորդ՝ չենք ապահովում տարածքային ներկայացվածությունը: Եթե համեմատեմ առաջարկված երեք մոդելները, կարծում եմ, որ կառավարության ու «Ծառուկյան» դաշինքի մոդելներն ունեն այս թերությունները, իսկ ՀՅԴ-ի մոդելն ունի մեկ թերություն»,- քննարկման ժամանակ ասաց Դավիթ Հարությունյանը:

«Մեր առաջարկած մոդելը խթանում է կուսակցությունների ներքին դեմոկրատիան: Էդ որ ասում ենք կուսակցությունները կայանան, դա միայն մեծամասնականից հրաժարվելն ու համամասնականին անցնելը չէ: Կուսակցությունը կկայանա նաև այն դեպքում, երբ կուսակցության ղեկավարը միայնակ չորոշի իր ցանկը»,- հավելեց ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

«Կուսակցություններով ամեն ջանք գործադրենք, որ ցուցակները արդարացի կազմվեն: Դասական համամասնական է ընտրվել՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական պատմությունը և այսօրվա իրողությունները։ Մենք ընտրել ենք պառլամենտական համակարգը, որ, այո, կուսակցություններն ամենաառանցքային դերակատարները լինեն»,- իրենց տեսակետը պնդեց Էդմոն Մարուքյանը։

Որտե՞ղ են ԵՄ օժանդակությամբ ձեռք բերված տեսախցիկները

Եվրամիության ֆինանսավորմամբ 2017-ին ձեռք բերված մոտ 2000 տեսախցիկները, որոնք նախատեսված էին ընտրական գործընթացը վերահսկելու համար, ընտրություններից հետո տեղամասերից հանվել ու տրամադրվել են տարբեր կառույցների: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ տեսախցիկներն այլ կառույցներին տրամադրելը անհասկանալի քայլ է։ «Ասվել է՝ ախպեր ջան, դուք չե՞ք իշխանությունը, դե գնացեք, որտեղից ուզում եք, կամերաները բերեք, կազմակերպեք: Պարզ է չէ՞, որ բեռը կրում է օրվա իշխանությունը»,- նշեց նա:

Դավիթ Հարությունյանը հակադարձեց՝ «կամերաները» պահեստից բերե՞լն է բեռը: «Դրանք տրվել են պետական կառույցին և հանդիսանում է ՀՀ սեփականությունը»,- ասաց նա:

2017թ. ԱԺ ընտրություններին ԵՄ տրամադրած մոտ 3 միլիոն դոլարի աջակցությամբ շուրջ 2000 տեղամասերից 1500-ում տեսախցիկներ տեղադրվեցին: Դրանց միջոցով ապահովվեց քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը: Նախորդ քննարկումներից մեկի ժամանակ պարզվեց, որ տեսախցիկները բաժանվել են պետական տարբեր կառույցների: Նախորդ իշխանությունները չէին նախատեսել, որ 2017-ի ընտրություններից հետո մեկ տարի անց դրանց անհրաժեշտությունը կրկին զգացվելու է: