Էթիկայի հանձնաժողով ձևավորելու առաջարկ. ՀԿ-ները պահանջում են քննել Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը

հուլիսի 25, 2018

Երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ դիմել են Ազգային ժողով՝ պահանջելով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նպատակով խորհրդարանում ձևավորված հանձնաժողովի հուլիսի 17-ի նիստում Արփինե Հովհաննիսյանը ասել էր. «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Արտահայտությունն, ամենայն հավանականությամբ, վերաբերում էր Դանիել Իոաննիսյանին:

Հասարակական կազմակերպությունները կարծում են, որ ԱԺ հանրապետական փոխնախագահը վիրավորել է ոչ միայն Իոաննիսյանին, այլ նաև մտավոր խնդիրներ ունեցող անձանց, և արտահայտությունը ոչ այլ ինչ է, քան «ենթադրյալ հաշմանդամության հիմքով խտրականություն, առկա խտրականության արդարացում և խորացում»։

«Մտահոգիչ է նաև Ա.Հովհաննիսյանի արձագանք-պարզաբանումը, որով նա խուսափում է իր խոսքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար վիրավորական լինելու փաստից և ներողություն է հայցում միայն ձևակերպման անձնավորված բնույթի համար»,- նշված է ՀԿ-ների այդ հայտարարության մեջ:

ՀԿ-ներն անընդունելի են համարում մտավոր խնդիրների շահարկումն ու այդ խնդիրներն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը ։

Առանց էթիկայի հանձնաժողովի

6-րդ գումարման Ազգային ժողովի ավելի քան մեկ տարվա գործունեության ընթացքում էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել: Պատճառներից մեկը ձևավորման նոր կարգն է: Եթե նախկինում հանձնաժողովն ստեղծվում էր օրենքի ուժով, յուրաքանչյուր նստաշրջանի մեկնարկին, ապա ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն՝ այն ձևավորվում է կոնկրետ դեպքի համար՝ խմբակցության կամ խմբակցությունների առաջարկով: Բայց եթե որևէ խմբակցություն որևէ դեպքի առիթով նման առաջարկությամբ հանդես գա, ապա այն պետք է ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից:

Այսինքն, խմբակցությունը կարող է որևէ հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնել, բայց դրա ստեղծումը կախված է խորհրդարանի քվեարկությունից: Այս դեպքում, եթե խմբակցություններից մեկն ընդառաջի ՀԿ-ների պահանջին ու նախագիծ ներկայացնի, հանձնաժողովի ստեղծումը կախված կլինի խորհրդարանական մեծամասնության քվեարկությունից:

6-րդ գումարման Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ձևավորելու միայն մեկ առաջարկ է եղել: Նախաձեռնությունը «Ելք»-ինն էր. խմբակցությունն առաջարկում էր քննության առնել 2017թ. հոկտեմբերին ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի և ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկը բացասական եզրակացություն ստացավ, ապա դրա ընդգրկումը նստաշրջանի օրակարգ քվեարկությամբ մերժվեց:

Չեն քննարկել և տեղյակ չեն

Ազգային ժողովում կամ չեն քննարկել, կամ տեղյակ չեն հասարակական կազմակերպությունների պահանջից: «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը Parliamentmonitoring.am-ին փոխանցեց՝ քանի որ արձակուրդային շրջան է, հարցը չեն քննարկել: «Կարող եմ հարցն առաջարկել խմբակցության քննարկմանը, բայց դժվար թե հիմա ստացվի»,-ասաց նա:
Պատգամավորը համաձայն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով էթիկայի հանձնաժողով ձևավորելու կարգը բարդացվել է: «Այնպիսի պայմաններ են ստեղծել, որ հարցը չհասնի հանձնաժողովի քննարկմանը»,- ասաց նա:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես արձակուրդային շրջանի պատճառով անհավանական համարեց էթիկայի հանձնաժողով ձևավորելու շուրջ քննարկումներ սկսելը: «Կգա ժամանակը, կխոսենք: Կլինի առաջարկություն, կլսենք, կքննարկենք»,- կարճ պատասխանեց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգի հարուցած դժվարություններին, ապա պատգամավորը կարծում է, որ կարգը չի բարդացվել , փոխվել է մոտեցումը: Նախկինում էլ հանձնաժողով կար, բայց կարող է քննարկման հարցեր չունենար, կամ հարցը քննարկվեր ու չընդունվեր»,- հավելեց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով նախորդ նստաշրջաններից մեկում ղեկավարել է ԱԺ էթիկայի հանձնաժողովը, չցանկացավ անդրադառնալ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանն ու ՀԿ-ների պահանջին: Պատգամավորը, սակայն, կարծում է, որ կառույցի ստեղծման ընթացակարգը բարդացվել է: «Կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը չէր կարող լինել ժամանակավոր կամ հատուկ հանձնաժողովի կարգավիճակով ձևավորվող մի կառույց: Ես ինքս մի նստաշրջան եղել եմ այդ հանձնաժողովի նախագահ, փորձել եմ արգասաբեր աշխատել ու չեմ կարծում, որ այդ ամենն անիմաստ էր: Միաժամանակ գտնում եմ, որ էթիկայի հարցերով հանձնաժողովը պետք է ունենա ոչ միայն պատգամավորներին զգաստացնելու, այլև նրանց պաշտպանելու առաքելություն: Հետևաբար , նման հանձնաժողովի ստեղծումը բարդացնելը, ընթացակարգերը դժվարացնելը ճիշտ չէ»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ էթիկայի հանձնաժողովի անհրաժեշտություն խորհրդարանում միշտ կա: «Քաղաքական մշակույթը ենթադրում է իրավունքներ ու պարտականություններ: Կա մի սահման, որից այն կողմ պատասխանատվության խնդիրներ են, դրանք պետք է ուսումնասիրի մասնագիտացած կառույցը: Էթիկայի հանձնաժողովը պիտի քննի ցանկացած պատգամավորի, այդ թվում նաև Արփինե Հովհաննիսյանի հարցը»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի ստեղծման դժվարություններին, ապա Բագրատյանը կարծում է, որ ՀՀԿ-ն միտումնավոր է նման պայմաններ սահմանել: «Նախորդ և այս գումարման ԱԺ-ում, ունենալով բացարձակ մեծամասնություն, ՀՀԿ-ն նպատակահարմար չէր համարում էթիկայի հանձնաժողով ձևավորելը, այն պարզ պատճառով, որ էթիկայի խնդիրների հետ ավելի հաճախ բախվում էին հենց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները: Այս պահին էլ նույն երևույթը իներցիայով շարունակվում է»,- եզրափակեց պատգամավորը: