Ինչպես են կոալիցիոն նախկին գործընկերները սատարում Քոչարյանին

օգոստոսի 1, 2018

2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո, 2018թ. հուլիսի 28-ին կալանավորվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2008թ. մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա հուլիսի 27-ին նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը հաջորդած ներքաղաքական զարգացումները առայժմ սահմանափակվում են որոշ քաղաքական գործիչների և կուսակցությունների հայտարարություններով, և այստեղ ուշագրավ Է նախ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կոալիցիա կազմած քաղաքական ուժերի կեցվածքը:

2007 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն ավարտին էր մոտենում Ռոբեր Քոչարյանի՝ որպես նախագահ պաշտոնավարելու երկրորդ ժամկետը, ձևավորվեց ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիան:

ՀՅԴ-ն անցյալը չի ուրանում

Այս երեք ուժերից ՀՅԴ-ն հայտարարություն տարածեց հուլիսի 27-ին, երբ ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել Ռոբերտ Քոչարյանին, իսկ դատարանը դեռևս քննարկում էր նրան կալանավորելու հարցը: Կուսակցության Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչներին՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»: Ավելի ուշ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը հարկ համարեց բացատրել, որ իրենց հայտարարությունը պետք չէ ընկալել որպես պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանին, և որ նախկին նախագահը ՀՅԴ-ի հետ կապ չունի: «Եթե Ռոբերտ Քոչարյանին ապօրինի հարստացման, իր լիազորությունների վերազանցման քրեական հոդվածներ ներկայացվեին, այստեղ խնդիր չկար, բայց բռնի ուժով իշխանություն զավթելը, կարծում եմ, ճիշտ մեղադրանք չէ իր հետևանքներով»,-ասել էր դաշնակցական գործիչը:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կասեցված ՀՅԴ-ն Հայաստանում իր գործունեությունը վերսկսեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո: Կուսակցությունը 10 տարի մաս է կազմել Ռոբերտ Քոչարյանի կազմավորած կառավարությանը, իսկ 1998 և 2003 թվականներին պաշտպանել է նրան որպես նախագահի թեկնածու:

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՅԴ-ն մաս է կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

ԲՀԿ-ն «մաքրվում է» Քոչարյանից

«Ծառուկյան» խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող հայտարարությամբ հանդես չեկավ: Ավելին, խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին սեփական տեսակետը հայտնելուց անմիջապես հետո, հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը շտապեց լրատվամիջոցներին տեղեկացնել, թե Բոստանջյանը մանդատից հրաժարվել է առողջական խնդիրների պատճառով, բայց նույն մամուլը արդեն շրջանառում էր սեփական տեսակետը. այն է՝ պատգամավորը մանդատը վայր է դրել, քանի որ factor.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Կարիք չկար Քոչարյանին կալանավորելու թեկուզ պայմանավորված հենց այն հանգամանքով, որ ինքը, գտնվելով հանրապետությունից դուրս, ներկայացավ այն օրը, որ օրը կարող էր ներկայանալ: Բացի այդ՝ նա ելույթ ունեցավ և ասաց՝ որ չի պատրաստվում փախչել։ Իրավունք ունես մտածելու, որ հրահանգ է կատարվում»:

Վարդան Բոստանջյանը, փաստորեն, խախտել էր Քոչարյանի կալանավորման հարցում իր քաղաքական ուժի լռությունը՝ իր ձևակերպումներով գուցե հակասելով նրա տեսակետին. խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանն ու Սերգեյ Բագրատյանը դեպքի վերաբերյալ իրենց մեկնաբանություններում Քոչարյանի կալանավորումը դիտարկել էին որպես իրավական գործընթաց, որը պետք չէ քաղաքականացնել:

ԲՀԿ-ն, հիշեցնենք, առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 2007 թվականին, իսկ 2015 թվականի ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ժամանակ ՀՀԿ-ականները հայտարարում էին, թե ԲՀԿ-ն ստեղծվել է որպես նախագահական աշխատակազմի (Ռոբերտ Քոչարյանի) իշխանական պրոյեկտ:

Թավշյա հեղափոխությունից հետո «Ծառուկյան» խմբակցությունը, որի առանցքը նույն ԲՀԿ-ն է, մաս է կազմում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

ՀՀԿ-ն կանգնած է Ռոբերտ Քոչարյանի թիկունքին

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առիթով ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց նախ կուսակցության, հետո խմբակցության անունից, իսկ հետո հայտարարվեց, որ ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանում ստորագրահավաք է կազմակերպել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նպատակով:

Կուսակցությունը քաղաքական հետապնդում էր որակել նախկին նախագահին առաջադրված մեղադրանքն ու նրան կալանավորելը: Խմբակցությունը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցած քրեական գործն աղերս չունի ժողովրդավարության և իրավունքի գերակայության հետ և այն վնասելու է ՀՀ ներքաղաքական զարգացումներին. «Հարուցված քրեական գործը խնդրահարույց է օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այլև նվազեցնել ՀՀ վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում»: Խմբակցությունը տեղեկացնում էր, որ այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով:

Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է դիմել գլխավոր դատախազին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի:

Ուշագրավ է, որ այս տարվա փետրվարին, մինչև թավշյա հեղափոխությունը, ՀՀԿ մեծամասնությունը իր կողմ քվեարկությամբ «թույլ տվեց», որ Ազգային ժողովը լիագումար նիստում քննարկման առարկա դարձնի մարտի 1-2-ի իրադարձությունների թեման, իսկ այս հարցի վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված լսումների ընթացքում ՀՀԿ-ական, մարտի 1-2-ի խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարած Սամվել Նիկոյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին. «Դուք արտակարգ ռեժիմ հայտարարելը հիմնավորեցիք, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու թաքնվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկաններից պարզվեց, նրանց փաստաթղթերը նայեցինք դատաբժշկական փորձաքննության, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է եւ ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»:

ՕԵԿ-ն ինչո՞ւ է լուռ

«Օրինաց երկիր»-ը այսօր խորհրդարանական ուժ չէ, բայց նրա քաղաքական կենսագրության մեջ ևս Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության տարիներ կան: 2003 թվականի նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, իսկ 2003-2006 թվականներին կոալիցիոն իշխանություն է եղել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ:
2008-ին ՕԵԿ-ը դարձյալ կոալիցիոն հուշագիր է ստորագրում՝ այս անգամ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, ինչին անմիջապես հաջորդում են մարտի 1-ի ողբերգական դեպքերը:

ՀԳ. Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ ԱԺ-ում կազմակերպված ստորագրահավաքին միացել է 41 պատգամավոր: Նրանց անունները չեն հրապարակվում. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տեղեկացմամբ՝ նրանց թվում, ՀՀԿ-ից բացի, կան նաև այլ խմբակցությունների պատգամավորներ: