Փաշինյանը փարատել է Բաբլոյանի անհանգստությունը. Պատգամավորները վարչապետ-ԱԺ նախագահ հանդիպման մասին

օգոստոսի 28, 2018

Ազգային ժողովը կառավարության գործընկերն է, և ոչ թե կցորդը. Փաշինյան- Բաբլոյան հանդիպումից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով ամրագրվել է այս իրողությունը: ԱԺ հանրապետական փոխնախագահը կարծում է, որ պաշտոնավարման 100 օրն ամփոփող օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ մի քանի հայտարարություն է արել:

Վարչապետը, մասնավորապես, խոսել էր հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք կընդլայնեն ԱԺ լուծարման հնարավորությունները: Նաև հնարավոր էր համարել «անցումային արդարադատության» ինստիտուտի ստեղծումը:

Վարչապետի հայտարարություններին հետևել էր Արա Բաբլոյանի տեսաուղերձը: ԱԺ նախագահն իր մտահոգությունն էր հայտնել առ այն , որ «երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են»: Ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով ԱԺ նախագահը նախատեսում էր հանդիպումներ ունենալ նախագահի, վարչապետի, ՄԻ պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ։

Օգոստոսի 27-ին տարածված հայտարարության համաձայն՝ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները հանդիպել են ու արձանագրել , որ «անկախ քաղաքական հայացքներից՝ ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի խոսքի և տարբերվող կարծիքի ազատության իրավունք, դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարևորագույն երաշխիք է, հետևաբար օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի»։

Արձանագրել են նաև, որ արդարադատության իրականացման գործում դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ «անցումային արդարադատության» ինստիտուտի անհրաժեշտություն կա, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության և համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով: Կրկին ամրագրել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀԿ-ն թող կարդա Freedom house-ի զեկույցը

«ԱԺ-ն երկխոսության, և ոչ թե շանտաժներով ու սպառնալիքներով քննարկումների գնալու կողմնակից է»,- ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա անթույլատրելի է համարում խորհրդարանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը: «Փաշինյանի հայտարարությամբ բոլորն իր կցորդն են: Մատ էր թափ տալիս, ԱԱԾ-ով էր վախեցնում, ասում՝ ես հրաժարական չեմ տա, պիտի սահմանադրական փոփոխություն արվի: Ուշադիր լսեք նրա ելույթը: Խայտառակություն էր»,- ասում է Է.Շարմազանովը:

«Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը բարձր է գնահատում հանդիպման արդյունքները, կարևորում է, որ ամրագրվել է խոսքի ազատության անհրաժեշտությունը: «Նաև այն, որ ժողովրդավարության իրականացումը պետք է լինի հանրաքվեի, ոչ թե հրապարակի միջոցով, որ մեր արդարադատության մարմինները դեռևս իրենց չեն սպառել, ու չունենք այն իրավիճակը, որ անցումային արդարադատություն ներդրվի»,- ասում է ՀՅԴ պատգամավորը:

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրապարակը՝ ժողովուրդն է գերագույն իշխանությունը: «Այո, բայց ԱԺ նախագահի հետ հանդիպման հայտարարությունը մեղմեց դա: Համաձայն չեմ, որ հրապարակն է որոշում: Հրապարակը կարող է ուղղորդիչ դեր ունենալ, բայց ոչ որոշողը լինել»,- ասում է Կյուրեղյանը:

«Փաշինյանը փարատեց Բաբլոյանի անհանգստությունը»,- հանդիպումից նման եզրահանգման է եկել «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Պատգամավորի խոսքով՝ ԱԺ նախագահն անհանգստանալու հիմքեր ուներ, քանի որ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության, խորհրդարանի գործառույթներին վերաբերող հայտարարություններ էր արել: Բագրատյանը կարծում է, որ հանդիպման արդյունքում օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել:

«Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը ՀՀԿ-ին խորհուրդ է տալիս խոսքի ազատությունից ու ժողովրդավարությունից խոսելուց առաջ կարդալ Freedom house-ի վերջին զեկույցը, որտեղ իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել էր, թե «Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ»: Եթե խոսքի ազատության վտանգներ են տեսնում, ինչու են իրենց կայքերն ու հեռուստաալիքները վաճառում Ռոբերտ Քոչարյանին՝ հարցնում է Սիմոնյանը: