Պատժամիջոցների խստացո՞ւմ, թե՞ գաղութի ուղեգիր

սեպտեմբերի 5, 2018

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննարկել է կառավարության ներկայացրած՝ ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների խստացմանը վերաբերող նախագծերի փաթեթը: Այն քննարկելու և ընդունելու համար կառավարությունը սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել: Գործադիրն ակնկալում է, որ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:

Բարեգործության արգելքի խախտման քրեականացումից մինչև ազատազրկման երկարացում

Կառավարությունն առաջարկում է մի շարք փոփոխություններ ու լրացումներ կատարել Քրեական, Քրեադատավարական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում: Փոփոխություններից մեկով, օրինակ, առաջարկվում է քվեարկության ժամանակ հանձնաժողովի, վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ-ների և այլոց աշխատանքները խոչընդոտելու համար սահմանված 3-5 տարի ազատազրկումը դարձնել 4-6 տարի, եթե այն ուղեկվցում է գույքը վնասելու, բռնություն գործադրելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով:

Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ «կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու» համար սահմանված 2-5 տարի ազատազրկումը առաջարկվում է խստացնել մինչև 4-6 տարի: Իսկ նույն օրենսգրքի 154-րդ հոդվածով քվեարկության գաղտնիությունը խախտելու համար սահմանված 2-3 տարի ազատազրկման փոխարեն առաջարկվում է այդ պատժաչափը կրկին երկարեցնել մինչև 5 տարի:

Առաջարկվում է քրեականացնել նաև ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը, որի համար Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 40.10 հոդվածը չեղյալ է համարվել: Փոխարենը Քրեական օրենսգրքում կաշառք ստանալու վերաբերյալ 154.2-րդ հոդված լրացվել է «ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը» ձևակերպամբ: Եվ ընտրակաշառքի համար սահմանված՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով տուգանքը կամ մեկից երեք տարի ժամկետով ազատազրկումը տարածվում է նաև այդ հանցանքի վրա:

Այսպիսի բազմաթիվ փոփոխություններով գործադիրն առաջարկում է ընտրական գործընթացում կատարվող կեղծիքների համար սահմանված ինչպես ազատազրկման, այդպես էլ տուգանքի պատժաչափերը մեծացնել

«Ոչ պրոֆեսիոնալ և փնթի» նախագիծ

Օրենսդրական փաթեթի քննարկումը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ էր: Հանձնաժողովի ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների անդամներ այն համարեցին ոչ «պրոֆեսիոնալ ու փնթի»: Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փաթեթը մշակել է վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ նախագծերում թերությունները հենց դրա արդյունքն են: Նրա կարծիքով՝ կան ոչ մասնագիտական ձևակերպումներ, տերմինաբանական խառնաշփոթ, որոնք որոշակի խնդիրներ են առաջացնելու։ «Ենթադրենք, ընտրակեղծարարը որևէ գյուղում թակում է քաղաքացու դուռը ու մի տատիկի ասում՝ եթե մեզ ընտրես, քեզ գումար կտանք, տատիկը ժպտում է, ասում է՝ լավ, ու դուռը փակում: Տատիկին դատապարտելու ենք երեք տարվա ազատազրկմա՞ն»,- հարցրեց նա:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանին մտահոգում էր այն հարցը, թե քարոզչության ժամանակ ինչ բառեր պետք է օգտագործվեն: «Քարոզիչն էդ ի՞նչ բառեր պտի ասի, որ չասեք, թե քրեական հանցանք է գործում։ Էդ ի՞նչ բառեր պետք է ասի, որ ձեր օրենքի մամլիչի տակ չընկնի»,- հարցրեց նա։

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նույնպես ոչ պրոֆեսիոնալ համարեց կառավարության այս նախագծերը, իսկ առաջարկվող կարգավորումները՝ խոցելի։ «Եթե իսկապես կառավարությունը, պետությունը կամք ունի խստացնել պատասխանատվությունը, ապա դա արդյունավետ կլինի, եթե չափելի, իրացվելի, շոշափելի, գնահատելի դրույթներ ներմուծենք, ոչ թե անունը դնենք պայքարում ենք ընտրակեղծարարության դեմ ու դա համեմենք այնպիսի դրույթներով, որոնք մարդկանց գաղութի ուղեգիր են տալիս»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ օրինագծի հեղինակները չիմացություն են դրսևորել ու իրենց մտածողության օրգանը չեն ծանրաբեռնել իրավաբանության և ընտրական օրենսդրության խնդիրներով։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ևս կասկածելի համարեց նախագիծը մշակողների պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը դրան բացասական եզրակացություն կտար։ Նա, այսուհանդերձ, առաջարկեց նախագծին տալ դրական եզրակացություն՝ դա դիտարկելով ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության մեջ: «Եթե իրավական տեսանկյունից նայեինք, ես դեմ էի քվեարկելու», - հայտարարեց Կոստանյանը։ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին նա հորդորեց մինչև երկրորդ ընթերցում նախագծերում շտկումներ անել։