ԱԺ-ում թեժ քննարկումներ են սպասվում

սեպտեմբերի 25, 2017
Խորհրդարանում և հատկապես պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այս աշունը թեժ է լինելու. սպասվում են սահմանադրական օրենքների նախագծերի բուռն քննարկումներ։ Սահմանադրական օրենքները նորամուծություն են համարվում 2015 թվականի փոփոխությունների համատեքստում և դրանք իրենց իրավաբանական ուժով ու ընդունման կարգով ավելի «բարձր են», քան մյուս օրենքները: 

Մինչև 2018 թվականը պետք է մշակվի և Ազգային ժողով ներկայացվի 84 օրենքի նախագիծ, որոնցից  7-ը սահմանադրական օրենքների նախագծեր են:

Դեռևս մարտ ամսին այն ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը «լայնածավալ աշխատանք» է կատարել՝ ապահովելով մի շարք օրենքների, այդ թվում՝ 5 սահմանադրական օրենքի ընդունումը («Ընտրական օրենսգիրք», «ԱԺ կանոնակարգ օրենք», «Կուսակցությունների մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենք և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք): 

Սահմանադրական փոփոխությունների համաձայն` սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Նշված սահմանադրական օրենքները ընդունվել են քաղաքական բոլոր ուժերի հետ համաձայնեցման արդյունքում և որոշ դեպքերում ստացել են ավելի քան ձայների 3/5-ը: 

Չնայած սահմանված սեղմ ժամկետներին՝ այս օրենքները նաև միջազգային փորձաքննություն են անցել. Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ հայկական կողմը ստացել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները: 

Սահմանված կարգով Ազգային ժողով կներկայացվեն սահմանադրական ևս երկու օրենք՝ «Սահմանադրական Դատարանի մասին» ՀՀ օրենքը և Դատական օրենսգիրքը: 

Սահմանադրական փոփոխություններով է պայմանավորված մի քանի նոր՝ «Դատախազության մասին», «Հանրաքվեի մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Կենտրոնական բանկի մասին» օրենքի ստեղծումը: 

«ՀՀ Դատախազության մասին օրենքի» նախագիծը արդեն Ազգային ժողովում է և ԱԺ հաջորդ քառօրյայից առաջ կքննարկվի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ին նիստում:

«Ժամկետների առումով անհանգստանալու կարիք չկա, քանի որ Սահմանադրական փոփոխություններից բխող օրինագծերի ներկայացման գործընթացը բնականոն հունով է ընթանում։ Այժմ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված «ՀՀ Դատախազության մասին» օրենքի նախագիծը, իսկ ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը մոտ ժամանակներս ՀՀ կառավարությունը կուղարկի ԱԺ», -Parliamentmonitoring.am-ին ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանն առաջիկայում ծանրաբեռնված ռեժիմով կաշխատի, որպեսզի հասցնի մինչև 2018 թվականը ընդունել նոր օրինագծերը։ «Պատահական չէ, որ ասում են՝ խորհրդարանին թեժ, ծանր աշխատանքային աշուն է սպասվում։ Դա պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններից բխող նոր օրենքների ընդունմամբ, ինչը կուղեկցվի քաղաքական և մասնագիտական ակտիվ քննարկումներով», -հավելեց Մախմուդյանը։

Ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարեվերջ Հայաստանի կառավարությունը պետք է ներկայացնի ևս 45 օրենքի նախագիծ: Դրանցից մոտ 23-ը «Կառավարության մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի հետ կներկայացվեն որպես հարակից նախագծեր։ 
Օրենքների նախագծերի ընդունումից հետո, սեղմ ժամկետներում, կիրականացվեն փոփոխություններ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում կամ կընդունվեն նոր ենթաօրենսդրական ակտեր: Օրինակ` միայն ՀՀ Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ընդունվել, լրացվել կամ փոփոխվել է շուրջ 25 ենթաօրենսդրական ակտ: