Ընտրական հանցագործությունները քրեականացնող օրենսդրական փաթեթն ընդունվեց

սեպտեմբերի 7, 2018

82 կողմ ձայնով, առանց դեմ ու ձեռնպահի, Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընտրական հանցագործությունների շրջանակն ընդլայնող և դրանց համար խիստ պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Գլխադասային հանձնաժողովում և առաջին ընթերցմամբ քննարկելիս ՀՀԿ-ականները խստորեն քննադատել էին առաջարկվող փոփոխությունները, նախագծերը որակել իրավական տեսանկյունից թերի ու անկատար, բայց վերջնական փուլում հայտարարեցին, որ կառավարությունը բարձր պրոֆեսիոնալիզմ է դրսևորել, ընդունել իրենց բոլոր առաջարկությունները, ու ստացվել է «ճիշտ» փաստաթուղթ:

Կառավարությունը փոփոխությունների փաթեթը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել արտահերթ ռեժիմով, որպեսզի մինչև սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունները Քրեական, Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններն ընդունվեն և մտնեն ուժի մեջ:

ՀՀԿ-ն բարեփոխեց կառավարության նախագիծը

Կառավարությունը առաջարկով քրեականացնում է նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից անձամբ կամ նրանց անունից, կամ որևէ այլ եղանակով բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք կամ արժեթղթեր կամ ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը, ինչպես նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը։

Ներկայումս այդ արարքի համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ առավելագույնը 2.5 մլն դրամ տուգանքով։ Իսկ այժմ նոր կառավարությունն առաջարկում է սահմանել քրեական պատիժ՝ 3-6 տարի ազատազրկմամբ։ «Մենք գտնում ենք, որ այս արարքը իր բնույթով նման է ընտրակաշառք տալուն կամ առաջարկելուն։ Ընտրակաշառք տալու քողարկված միջոց է։ Իսկ մենք գիտենք, որ այսօր ընտրակաշառք տալը քրեորեն պատժելի արարք է, և արդարացված չէ, որ այս մյուս արարքը մնա որպես վարչական զանցանք», -օրենսդրական փաթեթ ներկայացնելիս հիմնավորել էր Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը։

Քրեորեն պատժելի են դառնում նաև քվեարկության գաղտնիության սկզբունքի որոշ խախտումներ։ Նախագծի սկզբնական տարբերակում կառավարությունը նախատեսել էր պատժելի դարձնել շահադիտական դրդումներով կամ նախապես տրված խոստման հիման վրա քվեարկության արդյունքը բացահայտելը՝ լուսանկարը կամ տեսաձայնագրությունը հրապարակելով։ Սակայն փոխնախարարը տեղեկացրեց, որ հանրապետական պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանի, Գևորգ Կոստանյանի և Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկների հիման վրա «նախապես տրված խոստման հիման վրա» բառակապակցությունը հանվել է՝ իրավական տարընթերցումներից խուսափելու համար։ «Թողեցինք այն, որ անձը միայն շահադիտական դրդումներով իր քվեարկության արդյունքները բացահայտելու դեպքում կարող է պատժվել, այն էլ՝ լուսանկարի, տեսաձայնագրման միջոցով բացահայտելու դեպքում», -լրացրեց փոխնախարարը։

Բացի այդ, եթե նախագծի սկզբնական տարբերակում նշվում էր, որ կաշառքի առաջարկն ընդունելը համարվում է քրեորեն պատժելի, ապա դարձյալ ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկությամբ այն հանվեց, և Քրեական օրենսգիրքն այդ մասով մնաց այնպես, ինչպես կար՝ քրեորեն պատժելի կշարունակվեն համարվել կաշառք պահանջելն ու ստանալը։ Ընտակաշառք տալու համար սահմանվում է պատիժ՝ 2.5-3 մլն դրամ տուգանք և մինչև 6 տարի ազատազրկում։ Բացի այդ, Գևորգ Կոստանյանի առաջարկությամբ ավելացել է նաև 2-3 ամիս կալանքի սանկցիան։

Սահմանվում է վարչական պատասխանատվություն ընտրական տեղամասում գտնվելու կանոնները խախտողների համար: 50 հազար դրամ սանկցիա է նախատեսվում քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասային կենտրոն նախազգուշացումից հետո պարբերաբար մտնելու համար։ Ընտրական խախտումներ արձանագրած դիտորդները կամ կուսակցությունների ներկայացուցիչները ևս կստանան վարչական դատարան դիմելու իրավունք՝ շրջանցելով ընտրական հանձնաժողովները։

«ԵԼՔ»-ը հիշեցնում էր, ՀՀԿ-ն՝ պաշտպանվում

Նիստի ժամանակ «Ելք» խմբակցությունից Լենա Նազարյանը հիշեցրեց ՀՀԿ-ի իշխանության ժամանակ իրականացված ընտրախախտումների, կիրառված վարչական ռեսուրսի գործադրման դեպքերը և հայտարարեց, որ այժմ ամեն ոք ազատ է։

Նույն խմբակցությունից Հայկ Կոնջորյանը նկատեց, որ եթե կա ընտրակաշառքի առաջարկ, ապա կա նաև պահանջարկը։ «Եթե մարդը ընտրակաշառք չի վերցնում, ապա ընտրակաշառք առաջարկողը նրա տուն չի մտնում, որովհետև ընտրակաշառքի ինդուստրիան այնպես է կազմակերպված, որ թաղային «տասովշիկները» ինվենտարիզացիա են արել, գիտեն՝ ում տուն մտնել, ում դուռը թակել», -ասաց Կոնջորյանը։
«Ովքե՞ր են տալիս էդ գումարը վերջին գումարման խորհրդարանների ընթացքում և նաև այսօր: Ունենք էս դահլիճում նստած դոլարային միլիոնատերեր, մուլտիմիլիոնատերեր: Ասացեք ինձ, խնդրում եմ, ո՞րն է դոլարային մուլտիմիլոնատիրոջ մոտիվացիան, որ ինքը ընտրվում ա պատգամավոր, որպեսզի 450 հազար դրամ աշխատավարձով ծառայի սեփական ժողովրդին», -ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ սովորաբար այդ պատգամավորները աչքի չեն ընկնում իրենց նախաձեռնություններով, ակտիվությամբ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջեց անուններ հնչեցնել և իրավապահների ուշադրությունը հրավիրեց Կոնջորյանի ելույթի վրա:

«Իմ գործընկերը հանցագործության մասին հաղորդում տվեց, ասաց՝ այստեղ կան մարդիկ, որոնք ընտրակաշառք են տվել, սա հանցագործության մասին հաղորդում է։ Խնդրում եմ անուններ հնչեցրեք, իրավապահներին խնդրում եմ հետևեք այստեղի ելույթներին։ Չի կարելի գործընկերների նկատմամբ նման բան անել, կա անմեղության կանխավարկած», -դիմելով Կոնջորյանին՝ ասաց Շարմազանովը։