Չեմ կարծում, թե ամենակարևորը արտահերթ ընտրությունների անցկացումն է. Գևորգ Պետրոսյան

սեպտեմբերի 10, 2018

Հարցազրույց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ:

-Մեկնարկեց 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը. ի՞նչ տրամադրվածությամբ եք սկսում աշխատանքը:


-Մենք միշտ ունենք ծրագրեր, ու մեր տրամադրվածությունը միշտ աշխատանքային է, եթե, իհարկե, մերթընդմերթ առանձին ուժեր ու գործիչներ մեր տրամադրությունը գցող հայտարարություններով ու որոշումներով հանդես չեն գալիս:

-Կմասնավորեցնե՞ք՝ ինչ նկատի ունեք:

-Դուք բարձր տրամադրություն ունենո՞ւմ եք, երբ լսում եք, որ Հայաստանում համասաեռամոլները ակտիվանում են ու պատրաստվում հրապարակային ֆորումներ և այլ միջոցառումներ կազմակերպել: Ես, օրինակ, դրանից տրամադրության կտրուկ անկում եմ ունենում: Եվ դրան գումարած՝ բարձրաստիճան պետական այրերը որևէ հրապարակային արձագանք չեն տալիս:

-Լավ, ըստ էության: Դուք կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին, հետևաբար նաև արտահերթ խորհրդարարանական ընտրությունների անցկացմանը: Այսօ՞ր էլ եք անհրաժեշտ համարում ընտրությունների անցկացումը:

-Ես երբեք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չեմ բարձրացրել: Ավելին, գտնում եմ, որ ճիշտ կլինի, եթե խորհրդարանը շարունակի իր գործունեությունը: Կառավարության մեծ մասն այսօր վարչապետի թիմի անդամներն են, և ԱԺ-ի հետ ճիշտ համագործակցելով կարելի է կյանքի կոչել բազմաթիվ կարևոր միջոցառումներ: Մեզ համար կարևոր չէ, թե ով է ներկայացնում օրենքի նախագիծ. եթե այն բխում է երկրի անվտանգության, մեր ինքնիշխանության, տնտեսության հզորացման շահերից, մենք դրան կողմ ենք:

-Կառավարության ծրագրային կետերից մեկն էլ արտահերթ ընտրությունների անցկացումն է:

-Չեմ կարծում, որ ամենակարևոր միջոցառումը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Ժողովրդի կենսամակարդակի բարձրացում չկա, կա ապրանքների թանկացում, արտահանման, ներկրման գործընթացներում կան բազմաթիվ բարդություններ: Այդ ընտրությունները նույնպես պետական բյուջեի հաշվին պետք է լինեն, իսկ պետական բյուջեն այսօր շատ ավելի կարևոր գերակայություններ ունի: Ինչու՞ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, երբ կա կառավարության հետ աշխատելու պատրաստակամություն և ոչ մի խոչընդոտ՝ կառավարության ճիշտ նախաձեռնություններն ընդունելու համար: Ով ասում է՝ խորհրդարանը լեգիտիմ չէ, թող հանձնի մանդատը և դուրս գա:

-Հնչում են պնդումներ, որ կա քաղաքական ճգնաժամ, քանի որ կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն չունի:

-Կառավարության ու ԱԺ-ի միջև ոչ մի հակասություն չկա: Տեսեք՝ բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին ընտրակեղծիքները քրեականացնող նախագծերին: Ես չեմ հասկանում մարդկանց, որոնք փորձում են սեպ խրել Ազգային ժողով-կառավարություն հարաբերություններում: Ավելին, դատելով կառավարության առանձին անդամների կերպարից ու ոճից, ես հույս չունեմ, որ գալիք Ազգային ժողովը չի համալրվի նույնպիսի անպիտան, անգործունակ կադրերով:

-Դուք դժգո՞հ եք կառավարության գործունեությունից:

-Դժգոհ է ժողովրդի մի զգալի զանգված: Կառավարությունը պետք է ճկուն քաղաքականություն վարի: Ես չեմ պատրաստվում իրականությանը նայել վարդագույն ակնոցով: Մեր քննադատությունը հիմնավոր է:

-Սեպտեմբերի 10-ին մեկնարկեց նաև Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը. Դուք, կարծես, ընդգրկված չեք ձեր թիմի քարոզչական աշխատանքներում. պատճառը Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած խնդիրնե՞րն են:

-Ես չգիտեմ՝ ով է հեռադիտակով ինձ հետևում, բայց ասեմ, որ այդ հեռադիտակը չի աշխատում, պետք է փոխել: Ես ԲՀԿ անդամ եմ ու կատարում եմ իմ կուսակցական պարտավորությունները: Ներկուսակցական դեմոկրատիայի շրջանակում կարող են հնչել փոխադարձ քննադատություններ, բայց ես չեմ կարող շեղվել կուսակցական գծից: Եթե ես մասնակցեմ քարոզարշավին, ինչն այդպես էլ լինելու է, ես ոչ թե ձայնս տալու եմ Նաիրա Զոհրաբյանին, այլ ԲՀԿ-ին: Սրանք քաղաքական ընտրություններ են, և այդտեղ հայտ է ներկայացրել ոչ թե Զոհրաբյան Նաիրան, այլ՝ քաղաքական կուսակցությունը: