Գաղտնալսված հեռախոսազրույցից մինչև ԼՂ հակամարտություն. ԱԺ-կառավարություն հարցուպատասխան

սեպտեմբերի 12, 2018

4-րդ նստաշրջանի ԱԺ-կառավարություն առաջին հարցուպատասխանի նախօրեին համացանցում հրապարակվել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցը, որում Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը քննարկում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված խափանման միջոցին վերաբերող հարցեր: Ձայնագրության բովանդակությանը հանրապետական պատգամավորներն արձագանքել էին կոշտ գնահատականներով:

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցին անդրադարձավ Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը: Մեջբերելով զրույցի այն հատվածը, որտեղ խոսվում է կալանքի հարցը վարչապետի հետ քննարկելու մասին, հարցրեց. «Պարոն վարչապետ, ձեզ հետ խոսե՞լ են այս թեմայով, և եթե այո, ի՞նչ է եղել ձեր պատասխանը»:

Նիկոլ Փաշինյանն իր պատասխանը սկսեց ՀՔԾ պետի նշանակումից: Ասաց, որ թեկնածությունն առաջադրելիս նրա հետ պայմանավորվել է, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, ու եթե քննության ընթացքը հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու, կալանավորելու անհրաժեշտությանը, ապա դա պետք է արվի՝ անկախ այն հանգամանքից, թե ում մասին է խոսքը: «Ես հիմա այս դիրքորոշումը վերահաստատում եմ ԱԺ ամբիոնից, վերահաստատել եմ նախկինում և կվերահաստատեմ ապագայում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նույն խմբակցությունից Միհրան Հակոբյանին էլ հետաքրքրում էր, թե ձայնագրությունը նոր խնդիրներ չի առաջացնում ՀԱՊԿ-ի հետ: «Ձեր նշանակած ՀՔԾ պետը ոչ կոռեկտ արտահայտություններով խոսում է մի մարդու, մի գեներալի մասին, որին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար են ընտրել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները: Այս ձայնագրությունից հետո կարո՞ղ եք հավաստել, որ կառույցում գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև սահմանված ժամկետի ավարտը մնալու է ՀՀ-ին»,- հարցրեց պատգամավորը:

Վարչապետի բացատրությամբ՝ երբ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել, նրա շրջապատից ազդակներ են գնացել տարբեր ուղղություններով, գործընկեր երկրներից ԱԱԾ տնօրենին զանգել, անհանգստություն են փոխանցել և խնդրել են միջամտել: Քանի որ Վանեցյանը Շվեյցարիայում է եղել և իրողություններից տեղյակ չի եղել, զանգահարել է Խաչատրյանին՝ քննարկելու իրավիճակը: Այնուհետև ստացած տեղեկությունները հաղորդել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետներին: «Այսօր ես համարում եմ, որ այդ խնդիրները հարթված են: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակին, ապա ՀՀ-ն ունի ժամկետ, և ես ունեմ հիմք մտածելու, որ մենք այդ ժամկետը կպահպանենք»,- հավելեց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց նաև, որ Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու բանավոր միջնորդություններ է ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներից։ «Ես զանգահարել եմ ՀՔԾ պետին և ասել, որ եթե նրանք միջնորդում են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ միանալ այդ միջնորդությանը, ու եթե հնարավոր է, քննարկել այդ հարցը»,- մանրամասնեց վարչապետը։

«Դվայնիկից» մինչև հոգեբանի աջակցության անհրաժեշտություն

Հարցուպատասխանի մյուս թեման ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն էր: Պատգամավոր Տաճատ Վարդապետյանը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե բանակցությունների տապալման պատասխանատվությունը Հայաստանի վարչապետին է, քանի որ դրվում է Արցախի՝ բանակցային կողմ դառնալու նախապայմանը:

«Բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների պատճառով: Ես վերահստատում եմ բանակցային գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս. չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել, և Հայաստանը հրաժարվել է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Կրկնեց, որ իրեն իրավասու է համարում բանակցել Հայաստանի, բայց ոչ Արցախի անունից: Հիշեցրեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը, որտեղ վերջնական կարգավորման առումով ընդգծվում է Արցախի ժողովրդի կամաարտահայտման անհրաժեշտությունը

«Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ վարչապետն իսկապե՞ս կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակները կարող են քննարկվել հրապարակում, ինչպես հայտարարվել էր օգոստոսի 17-ի հանրահավաքում: Ըստ վարչապետի՝ նման հարցերը պետք է լուծվեն համաժողովրդական քվեարկության՝ հանրաքվեի միջոցով, իսկ հանրահավաքը հանրաքվեի՝ օրենքով նախատեսված քարոզչական միջոց է:

Արցախի թեմային անդրադարձավ նաև արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Բայց նախ խոսեց Նիկոլ Փաշինյանի տոնայնության մասին.. «Այսօրվա Ձեր կեցվածքից, խոսքից հանգստություն է հորդում, խաղաղ եք, բարեկիրթ: Ինձ երբեմն թվում է Դուք «դվայնիկ» ունեք, այնքան մեծ է կերպերի տարբերությունը, դիապազոնը: Այս կերպը լավ է սահմանադրական է, բարեկիրթ, երկրի վարչապետին հարիր և քաղաքական մշակույթի մեջ տեղավորվող»: «Նախկինում դուք ինձ ԱԺ դահլիճում տեսել եք շատ լայն դիապազոնով: Ուզում եմ հավաստիացնել, որ այս ընթացքում այդ դիապազոնը ոչ միայն չի փոքրացել, այլև ընդհակառակը՝ մեծացել է: Հույս ունեմ՝ արդեն նկատել եք »,- հակադարձեց Փաշինյանը:

Աշոտյանը հիշեցրեց նույն հանրահավաքի ժամանակ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությունը, թե «նախկին իշխանությունները միայն բանակցել են հողեր հանձնելու շուրջ, որի վերաբերյալ փաստաթղթերին ինքը ծանոթացել է»: Պատգամավորը պահանջեց ներկայացնել այդ փաստաթղթերը: Փաշինյանն ասաց, որ ժառանգություն է ստացել բանակցային փաստաթղթի մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի բան չկա: «Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն Ձեզ հայտնի տարածքները», - հավելեց նշեց Փաշինյանը:

«Եթե Հայաստանը հանդես է գալիս այդ մոտեցմամբ, ինչո՞ւ ադրբեջանական կողմը երբևէ չի համաձայնել բանակցային այդ փաստաթղթին».- չհամաձայնեց Աշոտյանը:

Փաշինյանը նշեց, որ կհրապարակի փաստաթղթերը, երբ որոշի: «Ես այդքան դաժան չեմ, որ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմեմ, վախենում եմ, որ ճշմարտությունը լսելուց հետո հոգեբանի աջակցության կարիք ունենաք»,- հավելեց վարչապետը: