Որևէ քաղաքական ուժ չի կարող իրեն նույնացնել ժողովրդի հետ. Սերգեյ Բագրատյան

Հարցազրույց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:
-Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը ավարտվեց. ինչպե՞ս եք գնահատում ընտրարշավը։
-Ընտրարշավը առաջին անգամ էր անցնում նման իրավիճակում, քանի որ իշխանությունը հայտարարել էր, որ ընտրությունը անցնելու է ազատ, արդար, և բացառվելու է ընտրակաշառքը:
-Բայց եղան հաղորդումներ, որ ընտրակաշառք է բաժանվել, և ամենաշատը շեշտվում էր Ձեր կուսակցության անունը։
-Ավելի շատ պրոֆիլակտիկ նպատակով էր այդ ամենը։ Պարզվեց, որ ոչ մի ընտրակաշառք էլ չկա, այսինքն՝ այս պահի դրությամբ չկա մի հոգի, որը հաստատի, որ ընտրակաշառք է ստացել։ Սա կարևորագույն ցուցանիշ է։ Ցավոք, ռեալ իրավիճակին խանգարեցին հեղափոխական տրամադրությունները, որ կարող էին ընտրության արդյունքների վրա ազդեցություն ունենալ։ Ցանկացած ընտրության ժամանակ ժողովրդի հավաքական կամքը իրական է, երբ որևէ կողմնակի ազդեցություն դրա վրա չի գործում։ Այսինքն՝ քաղաքացին կարող սթափ հաշվարկել ու ընտրել այն ուժին, որին վստահում է։
-Հեղափոխական տրամադրություններ ասելով նկատի ունեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարություննե՞րը։
-Այո, այդ կոչերը ինչ-որ իմաստով ազդեցություն են ունենում ընտրությունների ընթացքի վրա։ Ժողովրդական այս ալիքը քաղաքական է, բայց եթե այն ուղղվում է դեպի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն, կարող է սխալ արդյունք ձևավորվել։ Քաղաքացին թողեց Երևանի խնդիրները և զբաղվեց երկրի խնդիրներով։ Սա ինչ-որ չափով կփոխի պատկերը, բայց մեծ հաշվով էական ազդեցություն չի ունենա։
-Բայց իշխանուևթյունը բաց հայտարարում է, որ Երևանի ավագանու ընտրությունը հեղափոխության շարունակությունն են և սկիզբը խորհրդարանական ընտրությունների։
-Դե, իրենք ասում են հեղափոխությունը ավարտվում է սեպտեմբերի 23-ին, հետո կասեն՝ ավարտվում է մայիսին, մայիսին էլ կասեն՝ դեկտեմբերին։ Դա ճիշտ մոտեցում չէ, դա ավելի շատ էմոցիաների վրա աշխատել է։ Կարծում եմ, որ արդարության, հավասար մրցակցության առումով սա արդարացված չէ։ Պետությունը և իշխանությունը պետք է տարբերակված լինեն։ Հակառակ դեպքում՝ պետության դերի խնդրահարույց իրավիճակ կարող է ստեղծվել, և նախկինի նման իշխանությունը կարող է նույնացվել պետության հետ։
-Ընտրարշավի ընթացքում Ձեր և իշխանական թեկնածուի «փոխհրաձգությունը» կարո՞ղ է պատճառ դառնալ, որ վերանայեք Ձեր դիրքորոշումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում. ԲՀԿ-ի թեկնածուն նման մի ակնարկ արեց:
-Ընդհանրապես, քաղաքականությունը ունի դինամիզմ և զարգանում է, հարաբերություններն էլ զարգացում ունեն։ Մենք մեր քաղաքական գորրծընկերությանը հանձնառու ուժ ենք։ Բայց մենք ամեն հարաբերություն վերլուծում ենք փոխադարձության սկզբունքով։ Այսինքն՝ մենք ակնկալում ենք, որ կառավարության մեր հարգարժան գործընկերները պետք է համարժեք վերաբերմունք ունենան մեր քաղաքական ուժի նկատմամբ, որովհետև գործընկեր քաղաքական ուժ ենք։
-Ի՞նչ է նշանակում համարժեք վերաբերմունք։
-Եթե մենք, ժողովրդի հետ լինելով, նաև տվյալ ժողովրդին ղեկավարող քաղաքական ուժի կողքին ենք եղել ողջ ընթացքում, ապա դրական դինամիկան պետք է ապահովվի ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաև ՔՊ-ի կողմից:
-Այդպես չէ՞։
-Չեմ կարող, որ ասել այդպես չէ, բայց որոշ էպիզոդներում մենք կոշտ քննադատություն ենք տեսել մեր թեկնածուի հասցեին, և դա, իհարկե, մեզ չի գոհացնում։
-Այդ քննադատությունը եղել է ՔՊ-ի առաջի՞ն դեմքերի կողմից։
-Նրանց թեկնածուն հայտարարել է սևերի և սպիտակների մասին, իսկ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը բացասական հայտարարություններ է արել Նաիրա Զոհրաբյանի հասցեին ու խեղաթյուրված փաստեր ներկայացրել: Դրանք չեն նպաստում գործընկերային հարաբերություններին, և կոնկրետ թեկնածուին թիրախավորելը գործընկերային չէ։
-Վերադառնանք Նաիրա Զոհրաբյանի ակնարկներին. Ճի՞շտ ենք հասկացել, որ հնարավոր է՝ «Բարգավաճ Հայաստանը» արտահերթ խորհդրարանական ընտրությունների հարցում իր դիրքորոշումը վերանայի ու չպաշտպանի կառավարությանը։
-Տիկին Զոհրաբյանը, որպես ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամ, տեսակետ է հայտնել: Նա նշեց, որ կառաջարկի քննարկել այդ հարցը ևս: Նա նաև նշեց, որ խմբակցությունը պետք է որոշում կայացնի, բայց խմբակցությունը նման քննարկում չի ունեցել։
-Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հասնելու հարցը Սահմանադրական փոփոխություններո՞վ պետք է լուծվի, թե՞ այլ տարբերակ եք տեսնում։
-Ցանկացած քաղաքական գործընթաց, առավել ևս նման կարևորագույն խնդիրը, պետք է քաղաքական ուժերի և հանրության համախոհության արդյունքում ստացվի։ Այսինքն, որևէ քաղաքական ուժ այսօր չի կարող իրեն նույնացնել ժողովրդի հետ։ Ժողովուրդը բազմաշերտ է, և քաղաքական ուժերը ժողովրդի տարբեր հատվածների տրամադրություններն են արտահայտում։ Պետք է ձգտել համախոհության, և երկրի զարգացման մտահոգությամբ առաջնորդել քաղաքականությունը։
-Այսինքն, կոնսենսուսին այլընտրանք չկա։
-Այո։ Միայն համախոհությամբ կարող ենք ճիշտ որոշումներ ընդունել։ Եթե լինի համախոհություն արտահերթ ընտրությունները այսինչ ժամանակահատվածում անցկացնելու վերաբերյալ, դա կլինի լավագույն արդյունքը։ Բայց դրա լավագույն ճանապարհը համախոհությունն է, ոչ թե առճակատումը։
-Դուք այս պաին համախոհության հիմքեր տեսնո՞ւմ եք։
-Ես վստահ եմ, որ չկա որևէ հարց, որը ի վերջո համախոհության արդյունքում չկարգավորվի։ Եթե նպատակը երկրի զարգացումն է, ապա որևէ քաղաքական ուժ չի համարձակի երկրի զարգացմանը խոչընդոտող որոշում ընդունել։