Թավշյա հեղափոխություն, փուլ 2-րդ. «Իմ քայլը» հաղթեց

Ապրիլի 23-ին հեղափոխություն կատարած ուժը սեպտեմբերի 23-ին աննախադեպ հաղթանակ տարավ Երևանի ավագանու ընտրություններում. վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը ընտրություններում ստացել է ընդհանուր քվեների 81,06 տոկոսը: Երևանի 475 ընտրատեղամասերում քվեարկած 370 հազար 323 ընտրողներից 294 հազար 109-ը իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին:
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրողների 6,95 տոկոսը: Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 18 հազար 112 քվեով կամ ընտրողների ձայների 4,99 տոկոսով: Դաշինքը օրենքով սահմանված 8 տոկոսը չի ստացել, բայց ավագանու կազմ է ընդգրկվում համաձայն ԸO-ի 141-րդ հոդվածի. «եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները»:
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով 65 մանդատներից 57-ը կստանա «Իմ քայլը» դաշինքը, 5-ը՝ ԲՀԿ-ն, իսկ «Լույս» դաշինքը կունենա ընդամենը 3 մանդատ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը իրավունքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ, քանի որ ստացել է ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: (Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Երևանի ավագանու անդամների 65 մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են 6 տոկոս՝ կուսակցությունների դեպքում, և 8 տոկոս՝ դաշինքների դեպքում):
Ընտություններին մասնակցած մյուս 9 դաշինքներն ու կուսակցությունները միասին ստացել են 6 տոկոսից մի փոքր ավելի կամ 25.368 ձայն: Մասնակից ուժերից 1 տոկոսի շեմը հաղթահարել են երեք կուսակցություններ՝ ՀՅԴ՝ 1,62 տոկոս, ԵԾ՝ 1,39 տոկոս և ՕԵԿ՝ 1,09 տոկոս: «Երևանի հանրություն», «Երևանցիներ» դաշինքները, «Ժառանգություն», «Ռեֆորմիստներ», ԺՈՒԿ, «Հայք»> կուսակցությունները ստացել են շատ փոքրաթիվ ձայներ:
Մրցակցային և թափանցիկ, բայց ձանձրալի
Ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից անմիջապես հետո մասնակից հիմնական ուժերը՝ ԲՀԿ-ն և «Լույսը» շնորհավորել են «Իմ քայլի» հաղթանակը, իսկ «Լույսի» ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը գիշերը, դեռ լույսը չբացված, այցելել է «Իմ քայլը» դաշինքի գրասենյակ ու անձամբ շնորհավորել Հայկ Մարությանին:
Ընտրություններին հետևած տեղական ու միջազգային դիտորներն արձանագրել են, որ Երևանի ավագանու ընտրություններն անցել են ազատ, մրցակցային, հանգիստ, անգամ ձանձրալի մթնոլորտում, քանի որ լուրջ միջադեպեր կամ ընտրակեղծիքներ չեն արձանագրվել: «Ականատես» խումբը, որը դիտորդություն է իրականացրել Երևանի 475 ընտրատեղամասերից 80-ում, շեշտում է, որ այս ընտրություններին չկար թաղային խուժանի ներկայությունը, բայց խմբի անդամ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանին դուր չէր եկել հանձնաժողովի անդամների աշխատանքը։ «Հանձնաժողովի անդամները կարծես ինչ-որ գաղտագողի վարքագիծ են դրսևորում, խմբավորումներով են գործում, փորձում են դիտորդի մոտենալուն պես թաքցնել ինչ-որ բան, նույնիսկ եթե ինչ-որ խախտում չի դիտարկվում դիտորդի կողմից, բայց այդ վարքագիծն ինչ-որ կասկածներ է հարուցում դիտորդների մոտ, և դա նորմայից տարբերվող վարքագիծ է», - ասել է նա։
«Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոննիսյանի գնահատմամբ՝ սեպտեմբերի 23-ի ընտրությունները «դրական իմաստով ակնհայտ տարբերվել են»: ՄԻՊ գրասենյակի գնահատմամբ՝ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում:
Խախտումներ, այնուամենայնիվ, կան
Երևանի ավագանու ընտրություններին որոշ ընտրախախտումներ, այնուամենայնիվ, գրանցվել են: Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ դրանցից 8-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, 17-ը՝ կրկնակի քվեարկության փորձերին:
Գլխավոր դատախազության ներկայացմամբ՝ 42 ընտրախախտումների վերաբերյալ տվյալներն առերևույթ համապատասխանել են ընտրական հանցագործությունների հատկանիշներին, և հանձնարարվել է դրանց կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:
Քրեական գործեր են հարուցվել նաև ընտրակաշառք տալու փորձի կասկածանքով, բայց իրավապահներն առայժմ չեն բացահայտում, թե որ ուժն է գնացել այդ քայլին:
Հայկ Մարությանը՝ 12-րդ քաղաքապետ
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը կլինի սեպտեմբերի 30-ին՝ ընտրություններից հետո յոթերորդ օրը, իսկ 10-րդ օրը տեղի կունենա Երևանի ավագանու առաջին նիստը: Այդ օրն էլ տեղի կունենա քաղաքապետի պաշտոնակալման արարողությունը:
Մարությանը, ի դեպ, ֆեյսբուքյան գրառումով արդեն շնորհավորել է երևանցիներին՝ գրելով. «Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ: Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը»: