Արտահերթ ընտրությունների պետք է գնալ ոչ թե էյֆորիկ, այլ հանգիստ քաղաքական մթնոլորտում

հոկտեմբերի 1, 2018

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ

- ՀՀԿ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:

- Ընդհանուր առմամբ քաղաքական դաշտում ցանկացած հարց քննարկելի է: Իսկ թե ինչ եզրահանգումներ կլինեն, դա այլ խնդիր է: Յուրաքանչյուր թեմա, այդ թվում արտահերթ ընտրությունների հարցը պետք է ունենա իր հիմնավորումն ու պատճառաբանությունը:

- Իշխանությունը պնդում է, որ խորհրդարանի կազմը չի արտահայտում հանրային տրամադրությունները:

- Մինչև հիմա ՀՀԿ-ին քննադատում էին միանձնյա իշխանություն ձևավորելու համար, ինչը ցանկանում է անել այսօրվա իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ձևավորել է կառավարությունը, մարզպետարաններում մինչև առաջին կարգի մասնագետը փոխվել է: Լավ են արել: Հիմա ուզում են օրենսդիր իշխանությո՞ւնն էլ ամբողջովին իրենք լինեն: Բայց չէ՞ որ ՀՀԿ-ին հենց նույն քայլերի համար էին քննադատում: ՀՀԿ-ն որևէ ընտրությունում երբեք 70-80% ձայն չի ունեցել: Ամենամեծ հաջողությունը ԱԺ վերջին ընտրությունում էր, որտեղ 50 %-ից ավելի արդյունք ունեցանք, բայց էլի կոալիցիա կազմեցինք, քանի որ չենք կարողացել ապահովել 2/3-ը: Հիմա ՀՀԿ-ն ԱԺ-ում փոքրամասնություն է, բայց իշխանական ուժերը միասին ավելի շատ են: Ի՞նչ է, իրենց դուր չի՞ գալիս, որ ընդդիմություն ունեն, ուզում են և՛ գործադիրը, և՛ խորհրդարանն ամբողջովին իրե՞նցը լինի: Եթե նախկինների դեմ պայքարում էիք որպես վատ իշխանության, ուրեմն, պետք չէ նույնը կրկնել:

- Դուք ասում եք, ընտրություններին երբեք նման բարձր արդյունք չեք ունեցել, ինչպես Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող դաշինքն ունեցավ Երևանի ավագանու ընտրություններում, բայց ՀՀԿ-ն երբեք չի ունեցել այն վստահությունը, որն այդ ուժը ունեցավ: Միշտ տիրապետող է եղել կարծիքը, թե դա հաջողվել է համատարած ընտրակեղծիքների միջոցով:

- Երբ Փաշինյանը փետրվարին Հյուսիսային պողոտայում միտինգ կազմակերպեց, 1000-1500 մարդ էր հավաքվել: Մի քանի ամիս հետո արդեն այլ իրավիճակ էր: Այսինքն, յուրաքանչյուր քաղաքական ուժի վարկանիշ փոփոխական է: Դա վերաբերում է նաև նախագահներին՝ կարող է ընտրվել բարձր վարկանիշով և լեգիտիմությամբ, բայց 1-2 տարի հետո պատկերն այլ լինի: Լևոն Տեր-Պետրոսյանի բարձր վարկանիշն ու լեգիտիմությունն էլ ընտրությունից 1-2 տարի հետո կտրուկ ընկավ, բայց դա չէր նշանակում, որ 1 տարի անց պետք է նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ լինեն: Բոլոր երկրներում է այդպես: Դրա համար էլ ընտրությունների համար կոնկրետ մեխանիզմներ ու ժամանակներ են սահմանվում: Եթե շարժվենք ամեն մի քաղաքական ուժի ցանկությամբ, վեց ամիսը կամ տարին մեկ երկրում կարող է ընտրություն լինել:

- Գուցե ՀՀԿ-ն չի ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի չստանա նվազագույն տոկոսներ և չհայտնվի ԲՀԿ-ի վիճակում:

-Մենք որևէ մեկի հետ համեմատվելու ցանկություն չունենք, բայց եթե պետք է միապետական երկիր ունենանք, ապա դա պետության համար շատ վատ նախադեպ կլինի:

- ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս ո՞ր ուժերն են ձեզ դաշնակից:

- Քաղաքականության մեջ, հատկապես այս արագ փոփոխվող ժամանակահատվածում, դաշնակից արտահայտությունն անհասկանալի մի բան է դարձել: Տեսաք, թե 4 ամիս առաջ ինչ տեղի ունեցավ: Ո՞ւր գնացին մեր դաշնակիցները կամ մրցակիցները:

- Հնարավո՞ր է, որ նորից Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցեք: Գոնե արտաքուստ այսօր դուք եք Փաշինյանի իշխանության հակառակորդները, և այդ առումով բնական դաշնակիցներ եք:

- Մենք Ռոբերտ Քոչարյանի հետ 10 տարի համագործակցել ենք, և դրանք մեր երկրի լավագույն տարիներից են եղել, դա եղել է լավագույն համագործակցության փորձը: Մենք նրա համար շատ ամուր քաղաքական հենարան ենք եղել, բայց այդ բոլոր տարիներին վարչապետները եղել են ՀՀԿ-ի ղեկավարները: Համագործակցության ու մրցակցության առումով քաղաքականության մեջ պետք չէ ասել երբեք:

- Իսկ որտե՞ղ է ձեր կուսակցության նախագահը Սերժ Սարգսյանը և ներքաղաքական գործընթացներին ինչո՞ւ չի արձագանքում:

- Մեր կուսակցական խնդիրները թողեք մեզ, երբ անհրաժեշտ լինի հրապարակայնորեն որևէ տեսակետ արտահայտել, մենք դա կանենք:

- Տեսակետ կա, որ իշխանությանը արտահերթ ընտրությունն անհրաժեշտ են նաև այն պատճառով, որ դուք կարող եք խոչընդոտել նրանց ծրագրերի իրականացմանը:

- Արտաքին քաղաքականության, ԼՂՀ կարգավորման, հայ-ռուսական հարաբերությունների և նման մի քանի այլ հարցերում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը համընկնում է մեր կուրսին: Մնացած բոլոր՝ տնտեսական-քաղաքական հարցերում ՀՀԿ-ն պաշտպանել է կառավարությանը: Այս ամիսներին չի եղել մի օրինագիծ, որը ՀՀԿ-ն տապալի: Մենք մտածում ենք՝ գուցե այդ ոլորտներում կառավարության քաղաքականությունը ճիշտ է, և դա մեր պետության համար օգտակար լինի: Այս ամիսներին չի եղել մի դեպք, որ կառավարությունը խորհրդարանի հետ որևէ խնդիր ունենա:

- Այդ նույն տրամաբանությամբ՝ հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանի հետ լավ դաշնակիցներ դառնաք՝ ընդհուպ մինչև կոալիցիա կազմեք:

- Ես չեմ ուզում անհավանական թեմաներից խոսել, պարզապես ուզում եմ ասել, որ եթե այսօր մեր երկրում կա ներդրումների պակաս, ապա դա պետք է փնտրել գոյություն ունեցող մթնոլորտում: Կապիտալը սիրում է հանգիստ միջավայր: