Իշխանությունը փակել էր Բաղրամյան պողոտան. գործադիրը պահանջում է օրենսդիդրի հրաժարականը

հոկտեմբերի 3, 2018

Բանն օրենքին չհասավ

Հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ի հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, թե խմբակցության պատգամավորները ներկայացրել են որոշման նախագիծ Ազգային ժողովի դարպասները բացելու վերաբերյալ, որպեսզի ԱԺ-ի այգին, ինչպես Բաղրամյանը 26-ինը, բաց լինի հասարակության համար: Դրանից հազիվ-1-2 ժամ անց Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտա եկած բազմությունը, սակայն, այդ հարցը լուծեց առանց օրենքի՝ միանգամից ԱԺ-ի բակ մտնելով:

Ազգային ժողովի գրավում-2.. փոխվել են ժամանակները, փոխվել են բարքերը

Հանրապետության գործադիրի ղեկավարը, կառավարության անդամների, նորընտիր քաղաքապետի և բազմահազար ժողովրդի ուղեկցությամբ մուտք է գործում Ազգային ժողովի տարածք՝ նույն Ազգային ժողովը արձակելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով: Իրավիճակը անսովոր է, բայց միանգամայն համահունչ թավշյա հեղափոխության տրամաբանությանն ու դրան հաջորդած զարգացումներին: Մեր երկրում առաջին անգամն է, որ գործադիրը պահանջում է օրենսդիրի հրաժարականը, բայց էլի եղել է, որ ժողովուրդը իր պահանջը ներկայացնելու համար մտնի Ազգայի ժողովի բակ:

Դա 1996թվականի սեպտեմբերի 26-ին էր, բայց ի տարբերություն 22 տարի առաջվա իրադարձությունների, այս անգամ մարդկանց մուտքը ԱԺ բակ եղավ անհամեմատ խաղաղ: Սա միակ տարբերությունը չէր:
22 տարի առաջ ԱԺ-ի դիմաց հավաքված բազմությունը դժգոհ էր արդեն կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից: Այս անգամ ժողովրդական հավաքը ԱԺ-ի դիմաց նախորդում է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրութուններին:

22 տարի առաջ բազմության առաջնորդը ընդդիմության առաջնորդն էր՝ Վազգեն Մանուկյանը, այս անգամ՝ իշխանության ղեկավարը՝ վարչապետը:

22 տարի առաջ մարդիկ ԱԺ-ի տարածք մտան դարպասների ճաղերը ջարդելով, այս անգամ դարպասները ուղղակի բացվեցին բազմությանն առաջնորդող վարչապետի առջև:

22 տարի առաջ Վազգեն Մանուկյանը հայտարարեց՝ 20 րոպեից չեկա, եկեք իմ հետևից: Այս անգամ Նիկոլ Փաշինյանը հորդորեց՝ ես մտնում եմ ԱԺ, և ոչ ոք ինձնից հետո շենք չմտնի:

22 տարի առաջ Վազգեն Մանուկյանից հետո ԱԺ մտած բազմությունը մարմանական վնասվածքներ հասցրեց շենքում եղած ԱԺ նախագահին, փոխնախագահներին: Այս անգամ ԱԺ-ից դուրս գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին ասաց. «Եթե նույնիսկ ձեր ամենաչսիրած ՀՀԿ-ականը հիմա դուրս գա շենքից, հանգիստ ու խաղաղ ճանապարհ պիտի տաք, որ անցնի»:

Վարչապետը միջամտո՞ւմ է ԱԺ-ի գործերին

Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը դարձյալ ի ցույց դրեց իր ունեցած միակ ազդեցիկ ռեսուրսը՝ ժողովրդի վստահությունը: ԱԺ-ի դիմաց հավաքվելու վարչապետի կոչից հազիվ 20 րոպե անց շրջափակված էին Ազգային ժողովի բոլոր մուտքերը, Դեմիրճյան ու Բաղրամյան փողոցները: Պատճառը ՀՀԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստն էր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.40-ին: Նիստը հրավիրվել էր ՀՀԿ-ի նախաձեռնությամբ՝ քվեարկելու համար ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների այն օրենսդրական փոփոխությունը, որի նպատակը ԱԺ-ի լուծարման հնարավորությունը կանխելն էր: ՀՅԴ-ն ևս միացել էր նախաձեռնությանը: Նախագիծը քվեարկվեց և ընդունվեց 67 կողմ ձայնով. քվեարկությունից կարճ ժամանակ անց Բաղրամյան պողոտայի բազմությանը միացած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտնում է ԱԺ շենք՝ բանակցելու:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հաշված օրեր են մնացել

«Հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է հաղթահարել». Արա Բաբլոյանի սենյակում հավաքված ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներին բացատրել է Նիկոլ Փաշինյանը: Խոսել են ու բոլորով եկել եզրակացության, որ ճգնաժամը պետք է հաղթահարել այնպես, որ երկիրը շահած դուրս գա: Փաշինյանը ներկայացրել է իրավիճակից ելքի իր տարբեերակը. առաջիկա օրերին ինքը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, իսկ ՀՀԿ-ն և խորհրդարանական մյուս ուժերը, որպեսզի ավելի չգրգռեն ժողովրդին, վարչապետի նոր թեկնածու չեն առաջադրում ո՛չ առաջին, ոչ երկրո՛րդ փուլում: Հետո օրենքի ուժով ԱԺ-ն համարում է արձակված, և դեկտեմբերին անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մանրամասներ, թե ինչպես է իրեն հաջողվել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում համաձայնության գալ ՀՀԿ-ի և մյուսների հետ, Փաշինյանը չփոխանցեց: Բացատրեց միայն, որ դեկտեմբերի առաջին կեսից շուտ ընտրություն անցկացնել չեն կարող. կա երկշաբաթյա ժամկետ՝ վարչապետ չառաջադրելու արդյունքում ԱԺ-ն արձակելու համար, կա օրենքով սահմանված՝ նվազագույնը 30, առավելագույնը 40-օրյա ժամկետ նոր ընտրություններ անցկացնելու համար, և վերջապես, հոկտեմբերի 11-12-ին նախատեսված է Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովը, որը պետք է անցկացնել հավուր պատշաճի ու առանց քաղաքական լարված գործընթացների: Գագաթնաժողովին Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, արդեն հրաժարական տված կլինի, իսկ մինչ դա, որպես ՀՀ վարչապետ, Փարիզում կմասնակցի Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը:

Թափուր պաշտոններ՝ կառավարությունում

Վարչապետի աթոռը միակ պաշտոնը չէ, որ թափուր է մնալու այս կառավարությունում: Այս պահին գործադիրում արդեն իսկ նախարարի 6 թափուր պաշտոն կա: Կառավարության ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին պաշտոններից ազատելու հրամանները Նիկոլ Փաշինյանը ստորագրեց բառացիորեն ոտքի վրա, Բաղրամյանի պողոտայում հավաքված բազմության աչքի առջև: Պաշտոններից ազատվեցին ԲՀԿ–ական էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՅԴ- ական Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնաթող են արվելու նաև ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական մարզպետները: ԲՀԿ-ի կողմից առաջադրված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխադարձ համաձայնությամբ, կշարունակի պաշտոնավարել: Այս ազատումների պատճառը «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների քվեարկությունն էր. նրանք կողմ էին քվեարկել ՀՀԿ-ի՝ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ առաջարկող նախաձեռնությանը, որի քաղաքական նպատակը հանրության ճնշմամբ ԱԺ աշխատանքներին խոչընդոտելու հնարավորությունը վերացնելն էր: