Քաղաքական առաջին համաձայնությունը՝ արտահերթ ընտրությունների շուրջ

հոկտեմբերի 8, 2018

Հայաստանում դեկտեմբերին  արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն. այս համաձայնությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը  հոկտեմբերի 8-ի երեկոյան ամրագրել են ստորագրված հուշագրով:

Մեկ էջանոց փաստաթղթի 4 կետերից առաջինի համաձայն՝ Փաշինյանը և Ծառուկյանը համակարծիք են, որ այս տարի դեկտեմբերին երկրում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հուշագրի հաջորդ կետով «Ծառուկյան» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Նշվում է նաև, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության:

Հուշագրի երրորդ կետով կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:

Հուշագրի վերջին կետով կողմերը պատրաստակամություն են հայտնում միասին աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

Նույն օրը կառավարությունում հանդիպում են ունեցել նաև ՀՅԴ ներկայացուցիչները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը նրանք արդյունավետ են որակել՝ նշելով, որ այն պայմաններ է ստեղծում առաջիկա բանակցությունների համար:

Մինչև երեկոյան հանդիպումները

Մինչև հուշագրի ստորագրումը խորհրդարանում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցներին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին, իսկ Դաշնակցության ներկայացուցիչները արտահերթ ընտրությունների մասին խոսեցին նկատելիորեն մեղմված դիրքորոշումներով:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկել կառավարության ծրագրին, որով նախատեսվում է մինչև մեկ տարվա ընթացքում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ և իրենց քվեարկության տերն են։

Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հարցին ի պատասխան Սեյրանյանը հայտարարեց. «Երբ մենք բոլոր քաղաքական ուժերով պայմանավորվում էինք մինչև մեկ տարվա ընթացքում ընտրություններ անցկացնելու մասին, մենք այդ ժամանակ հասկանում էինք, որ թե սեպտեմբերը, թե նոյեմբերը, թե դեկտեմբերը, թե փետրվարը տեղավորվում են այդ մինչև մեկ տարվա հաստատման մեջ։ Մանիպուլյացիա է ասել, որ խորհրդարանը կամ Դաշնակցությունը ուզում է, որ ընտրությունները լինեն մայիսին»։

Նկատենք, որ դեռ մեկ շաբաթ առաջ ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են ընտրությունները «անհապաղ անցկացնելուն»:

Սպարտակ Սեյրանյանի խոսքով՝ մինչև արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր Ընտրական օրենսգիրքը, ոստիկանությունը պետք է հանվի վարչապետի ենթակայությունից, քաղաքական ուժերի համար պետք է ապահովվեն հավասար պայմաններ։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ կա խզում հանրության և Ազգային ժողովի միջև, ու այս իրավիճակում ելքը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։
Պատգամավորն ասաց, որ եթե խորհրդարանական երեք ուժերը՝ Հանրապետականը, Դաշնակցությունը և «Ծառուկյան» դաշինքը, որոշեն վարչապետի հրաժարականի դեպքում առաջադրել իրենց թեկնածուին, ապա դա կարող է լուրջ հետևանքներ առաջացնել։

«Ուզում եմ հույս հայտնել, որ Ազգային ժողովի պատգամավորները, խմբակցությունների ղեկավարները այնքան սթափ, ողջամիտ, լրջմիտ կլինեն, որ այդ քայլին չեն գնա, դա շատ վտանգավոր հետևանքներ կունենա, որովհետև հանրության պահանջն է հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ կազմակերպել», -հայտարարեց Նազարյանը։
Պատգամավորի խոսքով՝ քաղաքական երկխոսության դուռը փակված չէ։

Տարաձայնություններ ՀՀԿ-ում

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում ԱԺ Հանրապետական խմբակցությունը վերջնական որոշում չունի. խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ճեպազրույցներին հայտարարեց, որ կուսակցությունն այդ հարցը չի քննարկել:

«Մեր խմբակցությունը դեկտեմբերի համար որևէ որոշում չի կայացրել: Մենք պատրաստ ենք, որ նորմալ բանակցային գործընթացով, բոլորի հետ համաձայնության արդյունքում քաղաքական ուժերին տրվի պատրաստվելու ժամանակ: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին ասաց, որ դեկտեմբերին պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և դա վերջնական է: Ես ասացի, որ դեկտեմբերի համար ես պատասխանատվություն չեմ վերցնում, սակայն մայիս-հունիսին անցկացնելու համար վերցնում եմ»,-ասաց Բաղդասարյանը:

Իշխանական նախկին պատգամավորի խոսքով՝ ընտրությունների անցկացման մայիս-հունիս ամիսը որոշված է եղել շատ երկար ճանապարհային քարտեզի քննարկման արդյունքում: Ըստ պատգամավորի՝ պետք է լիներ Ընտրական օրենսգրքի քննարկում, օրենքների կարգավորում, իսկ քաղաքական ուժերին պատրաստվելու ժամանակ ու հնարավորություն տրվեր: «Ընտրական օրենսգրքի համար ինտենսիվ աշխատել ենք: Պետք է սա չարհամարհել, պիտի շանս տանք, որ միջազգային կազմակերպությունները կարծիք հայտնեն դրա վերաբերյալ, հետո նոր ընդունենք: Դրանից հետո միայն ժամանակ տանք խորհրդարանական ուժերին և անցկացնենք ընտրություններ»,-նկատեց Վահրամ Բաղդասարյանը:

Հանրապետական խմբակցությունում, սակայն, բոլորը համոզված չեն, թե խորհրդարանական ընտրությունները պետք է ավելի ուշ անցկացնել: Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վայելում է լայն հանրության աջակցությունը, հետևաբար այլ թեկնածու առաջադրելը վարչապետի պաշտոնում կլինի «արհեստածին ու վտանգավոր»: Նախկին գլխավոր դատախազը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ է արել՝ նշելով, որ Փաշինյանն իր ցանկություններում ու նպատակներում անկեղծ է ու ինքն աջակցում է վարչապետին: «Եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ցանկությունների, և՛գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը և երկրի բարօրությանն է օգտագործվում, ես միշտ, ցանկացած պահին կկանգնեմ իր կողքին», -«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Կոստանյանը:

Նրանից հետո ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարեցին նաև Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սահակյանն ու Արթուր Գևորգյանը:

Պատգամավորների այս հայտարարությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց․«Անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը և ընդունում, որ չկա ոչինչ ավելի բարձր, քան ժողովրդի կամքը»։