Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է ընդունվեն հոկտեմբերին

հոկտեմբերի 9, 2018

Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է Ազգային ժողովը ձևավորել նվազագույնը 4 քաղաքական ուժից։ Գործող օրենսգրքով, անկախ անցողիկ շեմից, խորհրդարանը պետք է ձևավորվի առնվազն 3 քաղաքական ուժերից։ Կուսակցությունների և դաշինքների համար իջեցվելու է անցողիկ շեմը և գործող՝ 5 և 7 տոկոսի փոխարեն սահմանվելու է համապատասխանաբար 4 և 6 տոկոս։ Այս մասին հոկտեբերի 9-ին կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ ասել է վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Հիմնական փոփոխությունները, ըստ Իոաննիսյանի, վերաբերում են խաղի կանոններին`ընտրություններն անց են կացվելու համամասնական ցուցակներով, ռեյտինգային ցուցակներն ամբողջովին մերժվում են, ինչպես սահմանված է կառավարության ծրագրում։ Քաղաքական ուժերին քարոզչության հանրային ռեսուրսներից օգտվելու ավելի լայն հնարավորություն է տրվելու`ավելացվելու է եթերաժամանակը։ «Պետք է կազմակերպվեն հեռուստաբանավեճեր, և առնվազն մեկը պետք է լինի առաջին դեմքերի մակարդակով»,- բացատրել է նա։

Նվազեցվելու է ընտրական գրավի չափը՝ կդառնա 7.5 միլիոն դրամ՝ գործող 10 միլիոն դրամի փոխարեն: Ժամանակի սղության պատճառով հանձնաժողովը հրաժարվել է մատնահետքերի միասնական ցանց ներդնելու գաղափարից: Առաջարկվում է խստացնել ընտրական հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը։ Օրինակ, ընտրությունների արդյունքները կեղծելու համար ազատազրկումը 5 տարվա փոխարեն հասցնել 8 տարվա։ «Մենք եկանք այն եզրահանգման, որ դրա համար առնվազն 2 տարի ժամանակ է պետք, և հիմա այն ուղղակի իրագործելի չէ: Փոխարենը ընտրողների ցուցակները կազմելու մեթոդաբանությունն է մի քիչ փոխվում, և այդքան ուռճացված ցուցակները մի քիչ նվազելու են՝ մոտ 100-150 հազար մարդով», - ներկայացրել է Դանիել Իոաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ ԸՕ փոփոխությունները քննարկող խորհրդարանական հանձնաժողովից ստացել են 35 առաջարկ: Ընդունել են մի մասը, մերժել են այն առաջարկները, որոնք հնարավոր չէ իրականացնել մինչև դեկտեմբերը: «Չեմ կարող արձանագրել, որ այս պահի դրությամբ խորհրդարանի հետ կոնսենսուս կա, որովհետև նախագծի հրապարակումից հետո քննարկումներ չեն եղել: Բայց հույսով եմ, որ խորհրդարանում կոնսենսուս կլինի, քանի որ, իմ կարծիքով, խորհրդարանում կոնսենսուսը կախված կլինի նաև հանրային կոնսենսուսից», - ասել է Դանիել Իոաննիսյանը:

ԸՕ բարեփոխումների նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։ Նրանց կարծիքը, Իոաննիսյանի խոսքով՝ շատ կարևոր է, հատկապես, որ առաջարկվող փոփոխություններից շատերը նախկինում եղել են այս կազմակերպությունների համատեղ առաջարկներում:

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ժամանակ են ուզում

Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց, որ մինչև հոկտեմբերի վերջ ԱԺ-ն պետք է ընդունի ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունները, իսկմինչև դեկտեմբեր ընկած ժամանակը բավարար է քաղաքական ուժերին նախապատրաստվելու համար: «Հիմնական փոփոխությունը վերաբերում է ռեյտինգային ընտրակարգի մերժմանը, այդ մասին նշվում է նաև ԱԺ-ի ընդունած կառավարության ծրագրում: Դա նոր գաղափար չէ, որ քաղաքական ուժերը դրան նախապատրաստվեն: Իսկ մնացածը կամ նոր հնարավորություններ են այդ ուժերի համար, կամ ընդամենը ընթացիկ հարցեր են, որոնց երկար նախապատրաստվելու կարիք չկա»,- բացատրեց նա:

Հարցին՝ չկա՞ մտահոգություն, որ Վենետիկի հանձնաժողովը կառաջարի ԸՕ-ի ընդունումից հետո ընտրություններին նախապատրասվելու ավելի երկար ժամանակ տրամադրել, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ կառույցի փորձագիտական կարծիքը շատ կարևոր է, բայց Վենետիկի հանձնաժողովը չի կարող Հայաստանին պարտադրել անել կամ չանել ընտրություններ: «Վենետիկի հանձնաժողովին հորդորել ենք հնարավորինս սեղմ ժամկետում տեսակետ հայտնել»,- եզրափակեց հանձնաժողովի քարտուղարը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը թեև ընդունելի է համարում ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունները, բայց կարծում է, որ դրանց ընդունումից մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պետք է խելամիտ և տրամաբանված ժամկետ լինի: Ասաց. «ԸՕ-ի բարեփոխումից հետո անհրաժեշտ է, որ ԿԸՀ-ն համապատասխան նորմատիվ ակտեր ընդունի, ընտրական հանձնաժողովների վերապատրաստման և այլ տեխնիկական հարցեր կառաջանան, որոնք ժամկետ են ենթադրում»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ողջունեց առաջարկվող փոփոխությունները՝ առաջարկելով ավելի իջեցնել անցողիկ շեմը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարևորում է ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների լիարժեք քննարկումը, բայց համոզված է, որ կառավարության շտապողականությունը դրա համար ժամանակ չի թողնում: «Պետք է ունենանք բավարար ժամանակ, ճանապարհային ճիշտ քարտեզ, որպեսզի կարողանանք ոչ միայն այդ փոփոխությունների նախագիծը լիարժեք քննարկել, ստանալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական կարծիքը, այլև ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցները, նախապատրաստվել և ընտրությունների արդյունքում ձևավորել խորհրդարանական երկրին հարիր խորհրդարան: Մենք պատրաստ էինք քաղաքական ուժերի հետ հուշագիր ստորագրել, բայց իրադարձություններն այլ ուղղությամբ զարգացան: Այնուամենայնիվ, մենք հավատարիմ ենք մեր խոստմանը, որ չենք խոչընդոտելու կառավարության գործունեությանը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: