Ընտրությունների անցկացումը դեկտեմբերին անխուսափելի է

հոկտեմբերի 12, 2018

Հարցազրույց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:

- Պարոն Համբարձումյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցիք Դուք, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Սպարտակ Սեյրանյանն ու Մուրադ Փափազյանը՝ Ֆրանսիայի կառույցից: ՀՅԴ-ում որոշիչ հանդիպումների ձևաչա՞փ է փոխվել:

- Թույլ տվեք չհամաձայնել, դա շատ սովորական ձևաչափ էր:

- Նախկինում, մինչև հեղափոխությունը, այս կարգի հանդիպումներին միշտ ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

- Ոչ, որևէ փոփոխություն չի կատարվել. մեզ համար սա շատ սովորական ձևաչափ է: Այնպես չէ, որ անցած բոլորին հանդիպումներին Հրանտ Մարգարյանը պարտադիր մասնակցել է: Վերջին հանդիպման ձևաչափը պայմանավորված է եղել միայն ու միայն այն հանգամանքով, որ ՀՅԴ Բյուրոյից Երևանում ներկա են եղել Մուրադ Փափազյանն ու Սպարտակ Սեյրանյանը:

- Իսկ որտե՞ղ է Հրանտ Մարգարյանը:

- Պարոն Մարգարյանը Հայաստանում չէ:

- Այդպիսով, Հայաստանի ներքաղաքական խնդիրներին նաև ՀՅԴ դրսի կառույցները, տվյալ դեպքում Ֆրանսիայի կառո՞ւյցն էլ է ներգրավվում:

- Համահայկական օրակարգերով պայմանավորված ՀՅԴ տարբեր կառույցների կողմից կարող են լինել մոտեցումներ ու դիրքորոծումներ, որոնք պիտի հարազատ լինեն Հայաստանի կազմակերպության դիրքորոշումներին ու մոտեցումներին:

- Դուք խնդիրներ ունեցաք իշխանությունների հետ և դուրս եկաք կառավարությունից: Իշխանությունների, ՀՅԴ հայաստանյան կառույցի և իշխանությունների փոխհարաբերությունների նկատմամբ ի՞նչ տրամադրվածություն ունեն ՀՅԴ դրսի կառույցները:

- Ես չեմ կարող նրանց անունից խոսել:

- Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս, ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է, թե՞ դեռ որոշում չի կայացրել:

- Որոշում որպես այդպիսին չունենք, բայց դրական տրամադրվածություն ունենք:

- Ամենայն հավանականությամբ կմասնակցեք:

- Անշուշտ:

- Հնարավո՞ր է՝ այս անգամ ընտրություններին մասնակցեք այլ ուժերի հետ դաշինք կազմած:

- ՀՅԴ-ն երբևէ ընտրություններին դաշինքով չի մասնակցել, և չեմ կարծում, որ այս անգամ մեր այդ դիրքորոշումը կփոխվի:

-Դուք կիսո՞ւմ եք տեսակետը, որ արտահերթ ընտրությունները պետք է հետաձգել, որպեսզի ժողովուրդը ընտրություն կատարի գիտակցված, առանց էյֆորիիկ վիճակների:

- Ես կարծում եմ, որ ընտրությունների հապշտապ անցկացումը ճիշտ չէ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների խնդիր կա, դա որոշակի դժվարություններ է ստեղծելու քաղաքական ուժերի համար: Այդ պայմաններում մրցակցային ընտրությունների մասին խոսելը տեղին չէ: Բայց նաև կարծում եմ, որ առկա իրողությունները վկայում են այն մասին, որ դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացումն անխուսափելի է՝ անկախ որևէ ուժի ցանկությունից ու մոտեցումներից:

- Ինչո՞ւ: Որովհետև իշխանությո՞ւնն է դա պնդում:

- Այո:

- Փաստորեն, մյուս բոլոր ուժերը միասին չեն կարող հակազդել իշխանություններին:

- Իրականությունն այդպիսին է: Պատճառն ինքներդ գտեք:

- Արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՅԴ-ն ներքին ինչ-որ փոփոխությունների պատրաստվո՞ւմ է՝ ընտրողին ավելի համոզիչ ներկայանալու համար:

- Քաղաքական իրավիճակները նկատի ունենալով՝ մենք մշտապես փորձել ենք որոշակի թարմացումներ անել: Այս պարագայում նույնպես բան չի փոխվել: Եթե ուշադրություն դարձնեք ՀՅԴ համամասնական ցուցակներին, կարձանագրեք, որ ամեն անգամ դրանք թարմացվել են: Կարծում եմ՝ այս անգամ նույնպես որոշակի թարմացումներ կլինեն:

- Իսկ զարգացումներին համընթաց՝ ՀՅԴ ղեկավար մարմնում փոփոխություններ կլինե՞ն:

- Մեր ժողովների ժամանակ փոփոխություններ եղել են: Մեր հերթական ժողովը կորոշի դրա անհրաժեշտությունը, և դա որևէ մեկի ցանկությամբ պայմանավորված չէ: