ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին. Մարգարիտ Եսայան

հոկտեմբերի 15, 2018

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ: 

-Նիկոլ Փաշինյանի և քաղաքական ուժերի միջև կա համաձայնություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու շուրջ, բայց ՀՀԿ-ն դրանից, կարծես, ուրախ չէ: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք:

ւրախության կամ տխրության խնդիր չկա, կա քաղաքական իրականություն: Խորհրդարանի ընդունած կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված էր, որ ընտրությունները պետք է տեղի ունենան մայիս-հունիս ամիսներին: Ես կարծում եմ՝ ժողովրդի ուժով ու ցանկությամբ, ինչո՞ւ ոչ՝ նաև ժողովրդի ճնշմամբ ձևավորված կառավարությունը և ընտրված վարչապետը պետք է պարզապես իրենց խոսքի տերը լինեն և քաղաքական պայմանավորվածությունները պահպանեն: Եթե քաղաքական պայմանավորվածությունները չեն պահվում, գոնե իրենց գրած ծրագրի կետերը պահպանեն: Դա նրանց խնդիրն է և ոչ թե իմ կամ ՀՀԿ-ի: Կուզեի, որ ՀՀ-ում ձևավորված նոր կառավարությունը սխալներով չսկսեր ու պահպաներ քաղաքական պայմանավորվածությունները: Բոլորին պարզ է, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, թեպետ այսօրվա խորհրդարանը չի խոչընդոտել և խոչընդոտելու կառավարության գործունեությանը: Ընդհակառակը, բերված նախագծերը այս խորհրդարանը ընդունել է առանց սուր քննադատության ու վերապահումների:

-ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունը խոչընդոտել չէ՞ր:

-Բոլորովին: Դա վերաբերում էր ԱԺ նիստերի՝ անխոչընդոտ ընթացքը ապահովելուն: Եթե նախագահը ստորագրի այս փոփոխությունը, և ՍԴ-ն դրանում հակասահմանադրական որևէ բան չտեսնի, ապա դա ավելի շատ պետք է գալու նոր ձևավորվող խորհրդարանին, որովհետև իրավիճակը, որ ստեղծվեց հոկտեմբերի 2-ին, ես գնահատում եմ որպես գործադիր մարմնի կողմից միջամտություն երկրի օրենսդիր մարմնի գործունեությանը: Սուրը միշտ երկու ծայր է ունենում, և այս իրավիճակը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ ու վաղը, մյուս օրը ձևավորվող նոր խորհրդարանին ուղղվել: Խնդիրը խորհրդարանական 3 ուժերի նախաձեռնած փոփոխությունը չէ: Այդ փոփոխությունը սպասարկելու է օրենսդիր մարմնի անկախ գործունեությանը, որպեսզի որևէ վարչապետ կամ կառավարություն կամ ահաբեկիչների որևէ խումբ չփորձի խանգարել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Ես հասկանում եմ վարչապետի մտահոգությունները, բայց նաև վստահ եմ, որ եթե անգամ ընտրությունները տեղի ունենային մայիսին, վարչապետը, միևնույն է, մեծամասնություն էր վերցնելու, որովհետև հասարակության ստվար հատվածը նրան աջակցում է, սիրում է, ընդունում է նրա լեգիտիմությունը: Հենց այս իրավիճակում առնվազն տարակուսելի է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու շտապողականությունը: Մի՛ մոռացեք, որ դեկտեմբերը տարեվերջ է, բյուջեի քննարկումներ, բյուջեի հաստատում է լինում: Այս փուլում ես պարզապես չեմ պատկերացնում, թե կառավարության մեր գործընկերները ինչպես են աշխատելու:

-Ձեր կարծիքով՝ ԱԺ-ն կհասցնի՞ ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

-Անձամբ ինձ համար կարևոր էլ չէ, թե որ Ընտրական օրենսգրքով կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները:

-Կառավարության համար էլ, կարծես կարևոր չէ. վարչապետը օրերս հայտարարեց, որ գործող ԸՕ-ով Երևանի ավագանու լավ ընտրություններ անցկացվեցին: Ակնարկ կար, որ խորհրդարանական ընտրությունները ևս կարող են անցկացվել գործող օրենսգրքով:

-Որևէ մեկի համար դա կարևոր չէ: Կարևոր է, որ կառավարությունը պահպանի իր ծրագրում գրված խոստումները՝ ԸՕ-ի բարեփոխում ու էլի բաներ, որոնք մեկ տարվա ընթացքում, մինչև արտահերթ ընտրություններ, պիտի ընդունվեին: Սա այն դեպքն է, որ որոշողը ՀՀԿ-ն չէ, մենք չենք, նույնիսկ կառավարությունը չէ, այլ վարչապետը` միանձնյա: Ես այդ շտապողականության մեջ վարչապետի մտավախություններն եմ տեսնում և կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ավելի սառը դատեն: Պետք է սառնասիրտ լինել, որովհետև պետությունը չի կարելի շտապողականությամբ կառավարել:

՞ր մտավախությունները նկատի ունեք, հեղինակության անկո՞ւմը:

-Գուցե նաև դա, բայց դրա հիմքում որոշակի աշխարհաքաղաքական նրբություններ էլ կան, որոնց ինքս լավ չեմ տիրապետում և չէի ուզենա բաց խոսել այդ մասին: Դրանք զուտ իմ անձնական նկատառումներն են: Հիմա իշխանությունն իրենցն է, անում են՝ ինչ ուզում են, երբ ուզում են, իրենց խանգարող ուժ չկա, բոլոր մյուս քաղաքական ուժերի հեղինակությունն էլ սարսափելի անկում է ապրել, ու որևէ մեկը չունի հալուցինացիա, թե լուրջ ձայներ պիտի ստանա:

-Վերլուծաբանները արդեն գծում են նոր խորհդարանի պատկերը. Մեծամասնությունը՝ ՔՊ, երկրորդը՝ ԲՀԿ, հետո «Լույս» դաշինք, նույնիսկ «Սասնա ծռեր»-ի անունն է շրջանառվում: Այս ցանկում չկա ՀՀԿ-ի անունը. Մասնակցելո՞ւ է ՀՀԿ-ն ընտրություններին:

-Այդ վերլուծությունները, իհարկե, իրական հիմք ունեն, և ինչպես ավագանու ընտրություններում, խորհրդարանականի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը կստանա ամենաշատ ձայները, կունենա բացարձակ մեծամասնություն, իսկ դա նշանակում է միակուսակցականություն: Փաշինյանի անունը ես հատուկ եմ շեշտում, որովհետև դրանք լինելու են հենց նրա ձայները: Նրա կողքին դասական քաղաքական ուժ ես չեմ տեսնում, և ՔՊ-ն ես չեմ համարում լուրջ ու դասական քաղաքական միավոր: Որոշ կուսակցություններ չնչին ձայներ կստանան այս ընտրություններում, ես նրանց չեմ նախանձում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ես իհարկե, ինձ հին ՀՀԿ-ական չեմ համարում, բայց կարծում եմ, որ որպես քաղաքական միավոր, գաղափարական կուսակցություն, ՀՀԿ-ն իրավունք չունի մի կողմ քաշվելու և պարտավոր է մասնակցել ընտրություններին: Պարտավոր է, որովհետև քաղաքական ծանրակշիռ ճանապարհ է անցել, որովհետև այս խայտառակ անհանդուրժողականության, ատելության, ուղղորդված սև PR-ի պայմաններում անգամ այդ կուսակցությունն ունի համակիրներ, նվիրյալներ: Որոշում դեռ չունենք, բայց իմ կարծիքով, ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին: Եթե դու 10-20 տարի իշխանության ես ու վայելել ես հաղթանակի պտուղները, պարտավոր ես շարունակել ընթացքդ, որովհետև պետք է ճաշակել նաև պարտության դառը հաբը՝ ճիշտ հետևություններ անելու, վերակենդանանալու համար:

-Ինչպե՞ս եք պատկերացնում՝ եթե չմասնակցել արտահերթ ընտրություններին, ի՞նչ անել:

-Ես հարգում եմ ժողովրդի ընտրությունը, սիրում եմ ժողովրդին, որը թոթափեց այն, ինչն իրեն վրդովեցնում ու զայրացնում էր, բայց ես չէի ուզենա, որ հասարակության այդ հատվածը նաև լուրջ հիասթափություններ ունենա: Դրա համար լուրջ դերակատարում ունեցող քաղաքական միավորը պիտի մասնակցի խորհդարանական ընտրություններին՝ թեկուզ քիչ ձայներ ստանալով: Այսօր սոցցանցերում պատգամավոր դառնալու հայտ են ներկայացնում այնպիսի կերպարանքներ, որոնք, եթե հայտնվեն խորհրդարանում, չգիտեմ՝ արդյո՞ք մեր ազգային անվտանգությունը ապահովված կլինի:

կատի ունեք դերասան Հովհաննես Ազոյանի՞ն:

-Ես անուններ չեմ ուզում տալ, բայց Ձեր նշած անունից բացի՝ բազմաթիվ այլ անուններ էլ կան, որոնք հավակնություններ ունեն: Իհարկե, ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցել քաղաքական գործընթացներին, բայց քաղաքականությունը շատ լուրջ աշխատանք է պահանջում, քան պատկերացնում են ոմանք:

-ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ իրենց աջակցությունը հայտնեցին վարչապետին, կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՀՀԿ-ում կան պառակտումներ:

-Ես, որպես ՀՀԿ անդամ և լրագրողի աչք ունեցող մեկը, վստահաբար ասում եմ, որ ՀՀԿ-ում տարաձայնություններ չկան:

-Կոստանյանը, որ բազմիցս քննադատել էր Փաշինյանին, շատերին զարմացրեց՝ ասելով, թե աջակցում է նրան ու պատրաստ է նրա կողքին կանգնել. նրա պահվածքը Ձեզ համար անսպասելի չէ՞ր:

ործընկերոջս պահվածքը գնահատելն ազնիվ չեմ համարում, բայց ազնիվ չեմ համարում նաև, երբ մարդ աջակցելու հայտարարություն է անում՝ որոշակի որակումներ տալով: Ես էլ ունեմ հարցեր, որ ինձ համար մութ մնացին: Կարելի է փոխել դիրքորոշում, բայց առանց չափազանցված գովեստի խոսքերի ու հիացական հայտարարությունների:

-Ձեզ կտեսնե՞նք նոր խորհրդարանում:

-Իսկ Դուք ուզո՞ւմ եք ինձ տեսնել նոր խորհրդարանում: