Ազգային ժողովի վերջը՝ նոր փուլի սկիզբ

հոկտեմբերի 16, 2018

Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի պաշտոնակատար

Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրային հեռուստատեսությամբ և ասաց այն, ինչն սպասվում էր հոկտեմբերի 2-ից հետո. նա հրաժարվեց վարչապետի պաշտոնից՝ արտահերթ ընտրություններից հետո նորից վարչապետ դառնալու հեռանկարով:

Փաշինյանը ներկայացրեց արտահերթ ընտրություններին հասնելու ճանապարհային քարտեզը. «Իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում 2 անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակվում է, և հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Նիկոլ Փաշինյանը խոսքը շարունակեց ավելի վաղ հայտնած «եկել է բարիկադները ապամոնտաժելու ժամանակը» մտքի տրամաբանությամբ: Ասաց, որ չի ուզում քննարկել քաղաքական ուժերի կողմից վարչապետ առաջադրելու որևէ սցենար, քանի որ չնայած հակասություններին ու սուր բանավեճերին, նրանք ժողովրդի և Հայաստանի ազգային անվտանգության դեմ գործելու նպատակ ու մտադրություն չունեն:

«Խորհրդարանական ուժերը ցույց են տվել, որ մեր պետությունը, նրա կայունությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են նաև իրենց համար, և հավատում եմ, որ նրանք երբեք այդ գծերը չեն անցնի»,-ասաց Փաշինյանը՝ ԱԺ նախկին մեծամասնությանը վստահեցնելով՝ ձեզ քննադատում ենք, բայց սա չի նշանակում, թե Հայաստանում թշնամիներ ենք փնտրում:

Պաշտոնը թողնող վարչապետը նաև ներողություն խնդրեց նրանցից, ում հիասթափեցրել է և ում հույսերը չի արդարացրել: Համոզմունք հայտնեց, թե ամեն ինչ լավ է լինելու, կառուցվելու է նոր ու հզոր, ազատ ու երջանիկ Հայաստան:

Ի՞նչ է սպասվում հրաժարականից հետո

Վարչապետի հրաժարականից հետո գործընթացները կարգավորվում են ՀՀ սահմանադրությամբ ու ԱԺ կանոնակարգ օրենքով։ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Աժ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Առաջին փուլում վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուները:

ԱԺ կանոնակարգ օրենքի 140-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: Եթե այդ օրը ԱԺ հերթական նիստեր չեն անցկացվում, վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս ԱԺ նախագահը:

Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն, եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, Աժ-ն արձակվում է իրավունքի ուժով:

Կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները, և վարչապետը շարունակում են աշխատել, բայց՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում:

Վարչապետի իրավական հարցերով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի գնահատմամբ՝ կառավարությունը ձևավորած քաղաքական ուժը խորհրդարանում ընդամենը երեք պատգամավոր ունի, ստեղծվել է քաղաքական ճգնաժամ, որից դուրս գալու ելքը վարչապետի հրաժարականն էր. «Խորհրդարանական կառավարմամբ երկրում ժողովուրդը պետք է ներկայացված լինի խորհրդարանում, այլապես այդ խորհրդարանը չի կարող գոյատևել: Իշխանությունն էլ պետք է կայուն մեծամասնություն ունենա, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատել: Եթե այս երկու սահմանադրական պահանջները չեն կարգավորվում, պետք է միջամտել կամ Սահմանադրության փոփոխմամբ կամ հրաժարականի տեքսով»:

Ազգային ժողովի արձակումը

Երկու փուլից հետո վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը արձակվում է իրավունքի ուժով։ 6-րդ գումարման Ազգային ժողովի լուծարումը կարող է լինել մինչև այդ ամսվա վերջ՝ հոկտեմբերի 28-31-ը:

Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, գործող ԱԺ-ի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, ինչի մասին հայտարարում է ԿԸՀ-ն:

«Այս ընթացքում գործող Ազգային ժողովի լիազորությունները ամբողջությամբ պահպանվում և շարունակվում են։ Այսինքն՝ խորհրդարանում կարող են նիստեր գումարվել, հանձնաժողովները կարող են աշխատել և այլն», -parliamentmonitoring.am-ին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

Հատկանշական է, որ 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումը ԱԺ մշտական հանձնաժողովներն սկսելու են հոկտեմբերի 29-ից, երբ 6-րդ գումարման ԱԺ-ն արդեն կլինի արձակված: Բաբայանի խոսքով՝ խորհրդարանի լուծարումը, սական, չի խոչընդոտի, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումներին: «ԱԺ բոլոր մարմինները գործում են», -ասել է նա: