ԱԺ-ն կարձակվի իրավունքի ուժով

հոկտեմբերի 18, 2018

Աննախադեպ երևույթի կրկնվող դրվագը

Հայաստանի երրորդ հանրապետության օրենսդիր մարմինը չգրված օրենք ունի. Ազգային ժողովի նախագահներից ոչ մեկը խորհրդարանում չի ղեկավարում գումարման սկզբից մինչև վերջ: Դրա համար էլ գումարումները ընդամենը 6-ն են, իսկ ԱԺ նախագահները՝ 12-ը: Գումարումներից 4-ը ունեցել են 2-ական, 1-ը՝ 3, 1-ը՝ 1 ԱԺ նախագահ: ԱԺ նախագահների փոփոխությունը տարբեր պատճառներով է եղել. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, Հոկտեմբերի 27, կոալիցիայի մասնատում, նշանակում վարչապետի պաշտոնում և այլն:

ԱԺ որևէ նախագահ պաշտոնը չի թողել խորհրդարանի արձակման պատճառով, ինչը սպասվում է 6-րդ գումարման Ազգային ժողովում մեկուկես տարի նախագահած Արա Բաբլոյանին: Ազգային ժողովի արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խորհրդարանական պատմության մեջ տեղի են ունենում առաջին անգան:

Առաջին փորձը՝ փորձանք

Խորհրդարանական կառավարման անցած Հայաստանում առաջին խորհրդարանը ծանր փորձություններ ունեցավ. նրա ընտրած վարչապետներից առաջինը պաշտոնավարեց մի քանի օր, երկրորդը՝ մի քանի ամիս: Այս խորհրդարանը սեփական մաշկի վրա փորձարկեց խորհրդարանական կառավարում սահմանող Սահմանադրությունը՝ արձանագրելով դրա թերի կողմերն ու բացերը: Սահմանադրությունը, օրինակ, սահմանում է խորհրդարանում կայուն մեծամասնության առկայություն ու չի ասում՝ ինչ պետք է անել, եթե այլևս չկա այդ մեծամասնությունը, ինչպես պատահեց վերջին ամիսների ընթացքում:  

Սահմանադրական խութեր՝ հրաժարականի ճանապարհին

Արդեն մի քանի օր սկսվել ու դեռ շարունակվում են մեկնաբանությունները Սահմանադրության 149-րդ հոդվածի շուրջ: Այն վերաբերում է վարչապետի ընտրությանը, ու արդեն հայտնի է, որ հենց այս հոդվածի գործարկմամբ է սկսվել Ազգային ժողովի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը: 149-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.

«Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:

Սահմանված յոթնօրյա ժամկետը արդեն ընթացքի մեջ է: Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել՝ նախապես ստանալով խորհրդարանական ուժերի համաձայնությունը, որ նրանք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: Ուշագրավ է, որ նրանց համաձայնությունն ստանալով հանդերձ՝ Փաշինյանը չի բացառում, որ կարիք կլինի հենց իր թեկնածությունը առաջադրելու: Խնդիրն այն է, որ նույն հոդվածի 3-րդ դրույթով Ազգային ժողովը իրավունքի ուժով կարող է արձակվել, եթե միայն առաջին փուլում վարչապետի չընտրելուց հետո, քվեարկությունից յոթ օր անց «անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

2 օր առաջ, «Ելք» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ հնարավոր է իր առաջադրումը առաջին փուլում, ամենայն հավանականությամբ՝ «Ելք»-ի կողմից: Դրանից մեկ օր անց Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ այս հարցում դեռ վերջնական ճշգրտում չկա. իրավաբանները քննարկում են խնդիրը: Սա, ըստ նրա ոչ թե քաղաքական, այլ իրավական կարգավորման խնդիր է:  

Ակնհայտ է, որ ԱԺ-ի արագ լուծարում ենթադրող այս ճանապարհին ևս հստակեցման կարիք ունեցող անորոշություններ կան:

Սահմանադրության չբացահայտված հնարավորությունները

Եթե հոկտեմբերի 2-ին ԱԺ ՀՀԿ, ԾԴ և ՀՅԴ խմբակցությունները արտահերթ նիստ չնախաձեռնեին ու չընդունեին հայտնի փոփոխությունը ԱԺ կանոնակարգ օրենքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին չէին լինի: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե իրենք այդ օրերին արդեն մշակել էին Սահմանդրության փոփոխությունների նախագիծը ու պատրաստվում էին այն դնել շրջանառության մեջ: Հենց դա էլ եղել է արտահերթ ընտրությունների գնալու իրենց նախընտրելի տարբերակը: Այդ փոփոխություններով ամրագրվելու էր ԱԺ-ի լուծարման տանող հանրաքվեի մեխանիզմ, նաև դրույթ, որով ԱԺ-ն կրճատելու էր իր լիզորությունների ժամկետը: Գործընթացը տևելու էր ամիսներ, ու չէր լինելու վարչապետըի հրաժարականի անհրաժեշտություն:

Սա օրենսդրական միակ ճանապարհը չէր, որով կարելի էր հասնել ԱԺ-ի լուծարման՝ առանց վարչապետի հրաժարականի: Թաքնված մի տարբերակի մասին օրերս խոսել էր նաև ՍԴ նախկին նախագահ, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա ասել էր, թե կարելի էր ընդամենը մի լրացում կատարել Սահմանդրության ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը վերաբերող 92 հոդվածի 1-ին կետում ու նշել, որ արտահերթ ընտրություններն անցկացվում են նաև այն դեպքում, երբ խորհրդարանում չկա օրենքով պարտադիր համարվող կայուն մեծամասնությունը:

Այս խորհրդարանում, հիշենք, կայուն մեծամասնությունը խախտվեց, երբ մի շարք պատգամավորներ դուրս եկան ԱԺ ՀՀԿ խմբակցությունից: