Կգնանք հաղթանակի՝ չբացառելով երկրորդ տեղը. Սերգեյ Բագրատյան

հոկտեմբերի 19, 2018

Հարցազրույց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

ԲՀԿ-ն ունի՞ որոշում, թե ինչ ձևաչափով է մասնակցելու դեկտեմբերի արտահերթ ընտրություններին։ Հնարավո՞ր է՝ մասնակցեք դաշինքով, ինչպես 2017թվին:

-Մենք դեռ որոշում չունենք  , բայց պարզ է, որ 2017-ի «Ծառուկյան» դաշինքը չի լինի. «Ալյանսն» արդեն հայտարարել է, որ ինքնուրույն է մասնակցելու, «Առաքելություն» կուսակցությունն էլ մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով։ Մասնակցության մեր ձևաչափի շուրջ քննարկումները կսկսենք շուտով:

-ԲՀԿ-ն չունի՞ մտահոգություն, որ խորհրդարանական ընտրություններում ևս կկրկնվի ավագանու ընտրությունների տխուր պատկերը:

-Մենք տեսանք, որ Երևանի ավագանու ընտրություններին այլ բովանդակություն տրվեց։ Նիկոլ Փաշինյանը խնդիր ուներ ավագանու ընտրություններով վստահության քվե ստանալ նաև խորհրդարանական ընտրությունների համար և ստացավ վստահության այդ քվեն։ Այսինքն, քաղաքապետի ընտրությունները այլ նշանակություն ևս ունեին։

-Չե՞ք կարծում, որ հանրությունը Փաշինյանի գլխավորած ուժին վստահության նույն քվեն կտա նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

-Դրանք տարբեր ընտրություններ են, և որևէ մեկը չի կարող ասել, թե ժողովուրդն ինչպես կընտրի։ Դա պայմանավորված կլինի քաղաքական ուժերի ծրագրերով, հանրային տրամադրություններով։ Ամեն օր, ամեն ժամ մեր երկրում ինչ-որ բան է փոխվում, և այդ փոփոխությունների արձագանքը կարտահայտվի ժողովրդի քվեով։

-Հնարավո՞ր է՝ ձեր ուժի ակնկալիքը Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված 30 տոկոսի շրջանակում է։

-Ցանկացած քաղաքական ուժ ընտրություններին մասնակցում է հաղթելու նպատակով, իսկ թե ինչպիսին կլինեն արդյունքները, ոչ մեկը չի կարող կանխատեսել։

-Նիկոլ Փաշինյանի՝ նման բարձր վարկանիշի պարագայում իրատեսակա՞ն է ուրիշ որևէ ուժի՝ հաղթելու հեռանկարը:

-Վարկանիշը կարող է տատանվել: Պետք չէ շտապել, պետք է համբերատար աշխատել և ժողովրդին լավ ծրագրեր ներկայացնել։

-ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է որպես ընդդիմադի՞ր ուժ:

-Այսօր շատ հեղեղուկ քաղաքական իրավիճակ է, և ընդդիմության ու իշխանության դիրքերը հստակ ընդգծված չեն։ Միայն գործադիրում իշխանություն ունենալը բավարար չէ դասական իմաստով իշխանություն համարվելու համար, ինչպես որ միայն գործադիրի մաս չկազմելը բավարար չէ ընդդիմություն համարվելու համար:

-ԲՀԿ-ն կողմ է 100% համամասնական ընտրակարգին, բայց ձեր խմբակցության որոշ պատգամավորներ 2017թվին ընտրվել են ռեյտինգային ընտրակարգով, Գագիկ Ծառուկյանն ինքը մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել մեծամասնականով: Հնարավո՞ր է՝ ամբողջական համամասնականի դեպքում ԲՀԿ-ն խնդիրներ ունենա։

-ԲՀԿ-ն առաջարկել է օրենսգրքում ամրագրել փակ համամասնական ընտրակարգ, և այդ առաջարկությունը ընդունվել է: 2017թվին Գագիկ Ծառուկյանը գլխավորել է համամասնական ցուցակը, բայց մենք անընդհատ քննադատել ենք վարկանշային ընտրակարգը՝ այն համարելով ոչ քաղաքական։

-Այո, բայց հայտնի է, որ ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածունները ևս, ՀՀԿ-ականների նման, առավելապես ձայն են ստացել ընտրակաշառք բաժանելով: Այդ հնարավորությունն արդեն չունեք։

-Ես չգիտեմ, թե ով ինչ է բաժանել, դա իրավապահ մարմինների գործն է։ Մենք հիմա խոսում ենք արդար մրցակցային ընտրությունների մասին և ԱԺ-ում չհայտնվելու մտահոգություն չունենք։

-Վերջին 3 խորհրդարանական ընտրությունների արդյունքով ԲՀԿ-ն եղել է 2-րդը, այս անգամ և՞ս մասնակցելու եք երկրորդ տեղի համար:

-Եթե երկրորդ տեղն ենք զբաղեցրել, դա չի նշանակում, որ գնացել ենք հենց այդ տեղի համար։ Մենք գնացել ենք հաղթելու համար, ստացել ենք երկրորդ տեղը։ Այս անգամ էլ կգնանք հաղթելու, բայց չի բացառվում, որ երկրորդ տեղում հայտնվենք։