«Ելքը» վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին

հոկտեմբերի 23, 2018

Հոկտեմբերի 22-ի երեկոյան լրացավ խորհրդարանական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու սահմանադրական ժամկետը: Միակ թեկնածուն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է՝ առաջադրված «Ելք» խմբակցության կողմից: Ավելի վաղ նրանք հակված էին վարչապետի ընտրության փուլերն անցկացնել առանց թեկնածու առաջադրելու։

«Բազմիցս ասել ենք, որ այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, և մենք առաջադրել ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Սահմանադրությամբ սահմանված որոշակի ընթացակարգերը լիարժեք ապահովելու համար։ Մենք կոչ ենք անելու Ազգային ժողովին չընտրել մեր թեկնածուին, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների՝ Ազգային ժողովը լուծարելու ճանապարհով»,-ԱԺ-ի նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Դրան հաջորդեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարությունը. նրանք քվեարկությանը չեն մասնակցի:

«Կարծում եմ՝ դա ֆորմալ առաջադրում է։ Ինչպես մեր գործընկերները, մենք ևս չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, սպասարկվի, այսինքն՝ երկու անգամ վարչապետ չընտրվի, ու խորհրդարանը ինքնալուծարվի և գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների», -հայտարարեց Զոհրաբյանը։

ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը դեռ հայտնի չէ վարչապետի ընտրության հարցի շուրջ։ «Կորոշենք՝ ինչ պետք է անենք այս պարագայում։ Գոնե մեկ ուրիշին առաջադրեին, որ դեմ քվեարկելը հեշտ լիներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը կարող է, ասենք՝ ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, թե մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք։ Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ որն է ճիշտը», -ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում անակնկալներ չի խոստանում ՀՀԿ խմբակցությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վերահաստատել էր խմբակցության դիրքորոշումը, որ «վարչապետի թեկնածու առաջադրելու տեսքով անակնկալ» իրենց խմբակցությունը չիպատրաստվում մատուցել:

«Երբ նույնիսկ թեկնածու չի առաջադրվում, ապա նիստ պետք է գումարվի ցանկացած դեպքում։ Սա իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստ է, որը պետք է հրավիրվի։ Մնացած ձևակերպումների հետ կապված՝ այս պահին չեմ ուզում որպես ՀՀԿ ներկայացուցիչ ինչ-որ վերաբերմունք կանխորոշել»,- նշել էր Հովհաննիսյանը։ 

Ի՞նչ է պահանջում Սահմանադրությունը

 Հայաստանի Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն վարչապետի՝ հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Սա դեռ վարչապետի ընտրության առաջին փուլն է: Այս դեպքում Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 Հոկտեմբերի 24-ին սպասվող հերթական նիստում ԱԺ կանոնակարգ օրենքի 140-րդ հոդվածի համաձայն, ժամը 10:00-ին կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Եթե այս նիստում վարչապետ չընտրվեց, ապա կանցկացվի ընտրության երկրորդ փուլ:

 Իրավագետների շրջանում կար որոշ անհամաձայնություն վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցում: ՀՀՍահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Բանն այն է, որ մասնագետների մի մասը պնդում էր, որ վարչապետի ընտրության առաջին փուլում անհրաժեշտ է քվեարկություն, որպեսզի Ազգային ժողովի լուծարման գործընթաց կայանա, իսկ մյուս խումբն էլ նշում էր, որ եթե վարչապետի թեկնածու չառաջադրվի, ապա երկու շաբաթից հետո խորհրդարանը պետք է լուծարվի: