2019թ. բյուջեի նախագիծը կքննարկվի արձակված Ազգային ժողովում

հոկտեմբերի 27, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել իր առաջին՝ 2019թ. բյուջեի նախագիծը։ Նախագիծը խորհրդարան է ներկայացվել վարչապետի հրաժարականից առաջ, բայց ԱԺ լիագումար նիստում կքննարկվի նրա հրաժարականից հետո:

Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ՝ այս բյուջեի տրամաբանությունն առանձնապես չի տարբերվում նախորդներից և «ուրվականն է նախորդ կառավարության բյուջեի»: «Ես այդ բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետև դա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ։ Դա ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է, և մեր տրամադրությունն այն է, որ նաև հընթացս այդ բյուջեն պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկվի»,- ասել էր նա։

Այսուամենայնիվ, մի կարևոր դրվագով 2019թ. բյուջեի նախագիծը տարբերվում է նախորդներից՝ հարկային եկամուտները 2018թ. համեմատ պլանավորվել են 144 մլրդ դրամով ավելի։ Որևէ այլ բյուջեի նախագծում նախորդի համեմատ հարկային եկամուտների նման աճ չի պլանավորել։ Այդպիսով, եկող տարի նախատեսված է հավաքագրել 1 տրլն 490 մլրդ դրամ եկամուտ, որից 1 տրլն 399 մլրդ դրամը հարկային եկամուտներն են նախորդ տարվա 1 տրլն 255 մլրդ դրամի համեմատ։ Եվ հարկային եկամուտների այս մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 20,7%-ը։ Ծախսերը նախատեսվում են 1 տրլն 642 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 24,3%-ի չափով։

Բյուջեի դեֆիցիտը նախատեսված է 151,6 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 2,2-ի չափով` նախորդ տարվա 160 մլրդ դրամի փոխարեն։ Ընդ որում, 2019թ. դեֆիցիտի մեծ մասը՝ 98 մլրդ դրամը, նախատեսվում է ապահովել արտաքին աղբյուրներից, և ընդամենը 53 մլրդ դրամը կֆինանսավորվի ներքին աղբյուրներից՝ հիմնականում պետական պարտատոմսերի միջոցով։

2019թ. նախատեսված է նաև 4,9% տնտեսական աճ։ Ընդ որում, արդյունաբերության համար նախատեսված է 5, շինարարության համար՝ 5,5 և գյուղատնտեսության համար` 4 % աճ։ Ի դեպ, տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսնումներ են անում հայաստանյան և միջազգային մի շարք կառույցներ ևս։ Օրինակ, ՀՀ կենտրոնական բանկը 2019թ. համար կանխատեսում է 5,5%, Համաշխարհային բանկը՝ 4, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 4,8% աճ։

2019թ. բյուջեի նախագծով աշխատավարձերի և կենսաթոշակի ընդհանուր աճ չի նախատեսվում։ Որոշակի աճ նախատեսվում է միայն նվազագույն շեմից ցածր՝ 24,000 դրամ կենսաթոշակ ստացողների համար։ Այդ բարձրացումից կօգտվեն ավելի քան կես մլն թոշակառուներից ընդամենը քսան հազարը։

Նախորդ բյուջեի ուրվականը՝ հեղափոխական գաղափարներով

Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին բյուջեի հիմքում հեղափոխության գաղափարներն իրականացնելու նպատակն է: «2019թ. տնտեսական զարգացման քաղաքականության շրջանակը կառուցվում է ՀՀ կառավարության` 2018թ. ծրագրի առաջնահերթությունների շուրջ: Կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն»,- նշված է բյուջեի նախագծի ուղերձում:

Կառավարությունն այս նախագծով նաև խոստանում է, որ պետական մարմիններն առաջիկայում ձեռնամուխ կլինեն «ծախսերի արդյունավետության մանրազնին ուսումնասիրմանը և ոլորտային առաջնահերթությունների վերանայմանը՝ հիմնվելով տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքակա­նությունների ախտորոշման արդյունքների վրա, ինչն անպայմանորեն իր արտացոլումն է ստանալու ինչպես ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման ընթացքում, այնպես էլ առաջիկա տարիների պետական բյուջեների նախագծերում»։

Ի դեպ, 2019թ. բյուջեի նախագիծը ավելի քան 3 շաբաթ խորհրդարանում է, բայց խորհրդարանական խմբակցությունները դրան ծանոթանալու ժամանակ դեռ չեն ունեցել: Նրանցից ոչ մեկը ֆինանսական թիվ մեկ փաստաթղթի վերաբերյալ չկարողացավ տեսակետ հայտնել:

2019թ բյուջեն կքննարկվի աննախադեպ պայմաններում

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 13-ը 2019թ. բյուջեի նախագիծը կքննարկվի 9 մշտական հանձնաժողովներում, կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ և և կքննարկվի նաև լիագումար նիստում: Բայց մինչ այս վերջին քննարկումը ԱԺ-ն, ամենայն հավանականությամբ, արձակված կլինի, և նախագիծը կքննարկվի աննախադեպ իրավիճակում՝ լուծարված խորհրդարանում:

Իշխանության սցենարի համաձայն՝ որպեսզի դեկտեմբերին տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություն, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը: Հաջորդող 14 օրերի ընթացքում ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրի և, Սահմանադրության համաձայն, կլուծարվի, բայց մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություն և նոր Ազգային ժողովի կազմավորում՝ գործող ԱԺ-ն և կառավարությունը կշարունակեն իրենց գործունեությունը: