Ազգային ժողովը երկրորդ անգամ տապալեց ԸՕ փոփոխությունների ընդունումը

հոկտեմբերի 29, 2018

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկման դրվեց երկրորդ անգամ և կրկին չընդունվեց ։ Հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստում փաթեթի ընդունմանը չբավարարեց մեկ ձայն. օրինագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63-ի «կողմ» քվեարկությունը: Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, և դրա ընդունման կամ փոփոխման համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն 3/5-ի կամ 63 պատգամավորի աջակցությունը։

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները կողմ քվեարկեցին ամբողջ կազմերով, ՀՅԴ 7 պատգամավորից կողմ էր 5-ը, 2-ը բացակայում էին նիստից: ՀՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը չմասնակցեց քվեարկությանը, Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը դեմ քվեարկեցին, կողմ էին խմբակցության այն պատգամավորները, որոնք պաշտպանել էին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի որոշումը։

ԸՕ փոփոխությունների նախագիծը խորհրդարանում առաջին անգամ մերժվել էր ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 22-ին, ձայների 56 կողմ , 3 դեմ հարաբերակցությամբ: Երկրորդ անգամ այն քննարկման ներկայացնելու համար «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ստորագրահավաք էին նախաձեռնել և արտահերթ նիստ հրավիրել։

Խոսելով Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ընդունման անհրաժեշտության մասին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարևորեց հատկապես 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու և ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու դրույթները։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանն իր «տկար քաղաքական մշակույթով» դեռ պատրաստ չէ այդ գործիքի կիրառմանը: «Ես հասկանում եմ, որ կան բացառիկ գործիչներ, որոնք իրենց տարածքներում հանրային մեծ վստահություն ունեն, բայց այս դեպքում մենք պետք է առաջնորդվենք ոչ թե բացառության, այլև մեծամասնության շահի սկզբունքով։ Ցավոք, ռեյտինգային ընտրակարգն ապաքաղաքականացրեց նախորդ ընտրությունները»,- ասաց Ն. Զոհրաբյանը։

Բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից՝ նշեց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը։ Նրա կարծիքով ՝ ԸՕ փոփոխությունները մշակվել են այդ տրամաբանությամբ։ Պատգամավորը կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգը «նորմալ» է, եթե ընտրություններին բիզնեսմեններ չեն մասնակցում. «Թե չէ մենք ռեյտինգային ընտրակարգին պատրաստ ենք, և չեք պատկերացնում, թե ինչպես ենք պատրաստ։ Բազմաթիվ մարդիկ ուզում են մեզանով առաջադրվել, բայց մենք ասում ենք՝ ոչ, ընտրությունները պետք է քաղաքական լինեն։ Դրա համար բացակա պատգամավորներին կոչ եմ անում գալ ու կողմ քվեարկել»,- հայտարարեց Մարուքյանը։

Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, սակայն, կարծում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները որպես ժողովրդավարական փոփոխություն ներկայացնելը ծաղր է ժողովրդավարության հանդեպ;: «Որքան ուզում եք իրար ու հասարակությանը համոզեք, ընտրություններից 42 օր առաջ Ընտրական օրենսգիրք չեն փոխում։ Հայաստանը երևի դառնալու է նախադեպային ԵԽ ողջ տարածքում»,-ասաց պատգամավորը:

ՀՅԴ-ն չէր միացել արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, քննարկմանը դիրքորոշում չհայտնեց: Խմբակցությունից 5 պատգամավոր թեև կողմ էր քվեարկել փաթեթին, բայց փոփոխությունների տապալումն անուղղակիորեն բարդվեց ՀՅԴ-ի վրա: Սուրեն Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը չէին մասնակցել քվեարկությանը։ Արմեն Ռուստամյանի կարծիքով, սակայն, ձայների պակասը խոսում է համախոհության պակասի մասին: «Քանի որ ընտրությունների համար դրված է դեկտեմբեր ամիսը, և ամեն ինչ հարմարեցվում է դրան, նման բաներ պետք է տեղի ունենան: Սաբոտա՞ժ։ Ի՞նչ սաբոտաժ, եթե մենք 7 հոգուց 5 հոգով կողմ ենք քվեարկել»,- ասաց նա՝ հավելելով, թե խմբակցության երկու պատգամավորները անձնական պատճառներով են բացակայել:

«ԸՕ ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում։ Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԸՕ փոփոխությունների հարցերով կառավարությունում ձևավորված հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Նրա կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ ընտրություններն անցկացնել գարնանը՝ բարեփոխված ԸՕ-ով, քան դեկտեմբերին՝ հին ԸՕ-ով: